Լրահոս
Օրվա լրահոսը

«3 տարի այս մարդիկ պատրաստել են թաղումը այս պետականության եւ այս ժողովրդի». Անդրանիկ Միհրանյան

Սեպտեմբեր 20,2021 13:52

«Ես տեսնում եմ, որ ժողովուրդը ե՛ւ բարոյալքված է, ե՛ւ հուսալքված է: Եթե սա չհաղթահարվի, ոչինչ հնարավոր չի լինի անել: Հնարավոր է՝ շատերը մտածում են՝ նահանջելով, համակերպվելով ու համաձայնվելով՝ կարող են խուսափել արհավիրքներից ու անխուսափելի հետեւանքներից, որը սպասում է ժողովրդին ու պետականությանը: Այդպես մի քիչ ձգում եք ժամանակի իմաստով, բայց կործանումը լինում է անխուսափելի»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով մեր երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Նա հիշեցրեց անգլիական հայտնի խոսքը՝ ախորժակը ուտելիս է բացվում. «Ես զարմանում եմ, որ մարդիկ չեն լսում, թե ինչ են ասում հակառակորդները, նրանց ղեկավարները: Եթե ասում են, որ ոտնձգություններ ունեն Երեւանի նկատմամբ, Սեւանա լճի նկատմամբ, եթե Հայաստանը համարում են Արեւմտյան Ադրբեջան, էլ ի՞նչ է պետք ասել»:

Միհրանյանն ասաց, որ առանց պայքարի ու զոհաբերության պետություն ունենալ չես կարող. «Սա նորից կբերի այն եզրակացությանը, որ մեր ժողովուրդը հանգամանքների բերումով պետությունը որպես նվեր է ստացել, ոչ թե այդ պետությունը ինքը ձեւավորել, կազմակերպել ու ուժեղացրել է: Հիմա մենք նորից վերադառնում ենք այն հազարամյակների պատմությանը, որ չենք ունեցել պետություն, եղել ենք այս կամ այն պետության մեջ ու ենթարկվել այս կամ այն իշխանություններին: Ինքնիշխանությունը չի դարձել ազգային գաղափար, սա ուղղակի եղել է վերացական մի գաղափար: Սովետական իշխանության ժամանակ չի եղել իրականության ճիշտ գնահատումը: Երբ դու մի գերհզոր պետության մաս ես, այնպիսի ամպագորգոռ, անպատասխանատու բաներ ես ասում, դու պատասխանատվություն չունես, որովհետեւ մտածում ես՝ քո պաշտպանության, անվտանգության համար ուրիշներն են մտածում, իսկ երբ հանկարծ գալիս ես այն իրավիճակին, որ ինքդ պետք է վերցնես պատասխանատվությունը, պարզվում է՝ դու հոգեբանորեն պատրաստ չես դրան»:

Միհրանյանն ասաց, որ ընդդիմադիր խմբակցությունները, մտավորականությունը պիտի ազգի մենթալիտետը ճիշտ ձեւավորեն. «Այսօրվա ձեր լացուկոծը, որ մենք մեր երեխաներին չենք ուղարկելու Ղարաբաղ, չենք ուղարկելու պատերազմ, սա կործանարար է ազգի ու պետության համար, սա ավելի է խորացնում պարտվողականության գաղափարը եւ հոգեբանական վիճակը պարտվողի»:

Անդրանիկ Միհրանյանը խոսեց Անկախության տոնի խորհրդանիշի մասին՝ ասելով, որ 3-ը առանձնացնելով՝ արջի ծառայություն են մատուցել Փաշինյանին, որովհետեւ 3 տարին առանձնացրել են 27-ից. «3 տարի այս մարդիկ պատրաստել են թաղումը այս պետականության եւ այս ժողովրդի»:

Խոսելով Թուրքիայի հետ բարեկամություն անելու ծրագրերի մասին՝ Անդրանիկ Միհրանյանն ասաց, որ ինքը եղել է նախկինում Թուրքիայի հետ դրացիական հարաբերություններ հաստատելու համար հանձնաժողովի անդամ ու վստահ է, որ այն ժամանակ Թուրքիան շատ զուսպ պահանջներ էր դնում. «Թուրքական կողմը ցեղասպանության հարց չէր դնում, պրոտոկոլների ժամանակ ասում էր՝ գոնե մի փոքրիկ շարժում ղարաբաղյան հարցում, որպեսզի Բաքուն մեզ չմեղադրի, որ նրանց թողել ենք խաղից դուրս ու դավաճանում ենք իրենց՝ մի փոքրիկ առաջ գնալ ադրբեջանական առաջարկներին: Բայց հիմա, երբ դու արդեն պարտվող ես ու թույլի վիճակից, ինքդ ես խնդրում, որ քեզ հետ խոսեն, կլինեն ամենախիստ պահանջները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930