ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր Երեւանում ընթացող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի ժամանակ պատասխանելով հարցին՝ թե ո՞ր փուլում են գազի սակագնի շուրջ տարվող բանակցություններն, ասաց՝ այս պահին բանակցություններ են ընթանում եւ հնարավոր չէ որեւէ բան ասել սահմանին գազի սակագնի վերաբերյալ:
«Սակագնի ձեւավորման առումով մենք կարծում ենք, որ մեզ մոտ բացարձակ հավասարակշռված իրավիճակ է: Այս իմաստով ես կարծում եմ, որ վերջին 2 տարում այս ուղղությամբ հսկայական աշխատանք է արվել։ Ես կարծում եմ, որ սակագնի ձեւավորման հարցում Հայաստանում կա բացարձակ փոխադարձ կոնսենսուս եւ փոխըմբռնում: Միջազգային շուկայում այսօր գները ցույց են տալիս, որ գազի գնի հարցը արդիական է, որը հանգեցրել է բանակցային գործընթացի, որը հիմա ընթանում է: Արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնենք»,-ասաց պարոն Գրիգորյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ