Մեղրիի անտառների հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար սեպտեմբերի 20-ի առավոտվանից ուղղաթիռ է ընդգրկվել։ Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 16-ին՝ Մեղրի համայնքի Ղալադաշի տարածքի անտառներում։ Իսկ հրդեհի բուն օջախը «Արեւիկ» ազգային պարկում էր։
Մեղրի համայնքապետարանը կոչով դիմել էր համայնքի բնակիչներին՝ աջակցելու հրդեհաշիջման աշխատանքներին։ Չնայած բնակիչները արձագանքել էին ու հողն էին փորում, որ հրդեհը չտարածվի, բայց դա արդյունք չտվեց։
«Արդյունքները գոհացուցիչ չէին, հրդեհը տարածվում էր ու հիմա արդեն ուղղաթիռը 4-րդ ռեյսն է կատարում։ Ցեմենտով պարկերը բարձվում են ուղղաթիռը, եւ դրանք նետվում են հրդեհի օջախների վրա։ Պիտի ասեմ, որ այս մեթոդը թերեւս կարող է արագ մարել կրակի օջախները։ Մոտավոր հաշվարկներով՝ արդեն 400-500 հա տարածք է վառվել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը։ Նա իր ֆեյսբուքի էջում նաեւ տեսանյութ է հրապարակել։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ