Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ համայնքների խոշորացման մասին
«Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ինչպես է մեկնաբանում, բայց ՍԴ-ի որոշումը հետեւյալն է՝ համայնքի ղեկավարին ու ավագանուն տեղական հանրաքվե անելն արգելելը հակասահմանադրական է, պետք է կառուցակարգեր մշակվեին, օրենքը պետք է փոխվի, լինեն այնպիսի կառուցակարգեր, որ համայնքների խոշորացման հարցով տեղական հանրաքվե անխոչընդոտ կարողանան իրականացնել»,- «Առավոտի» հարցին՝ որքանո՞վ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ի նիստում արված հայտարարությունը արտահայտում ՍԴ որոշումը, այսպես պատասխանեց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք ժամանակին այնպիսի կարգավորում էինք մտցրել, որը ենթադրում էր համայնքների պարագայում որոշակի մեխանիզմներ, որոնք տեղական հանրաքվեի հնարավորություն են թողնում, բայց այդ կարգավորումը վիճարկվեց ՍԴ-ում եւ ՍԴ կողմից համարվեց հակասահմանադրական: Հետեւաբար այս հարցն ամբողջությամբ այսօր քաղաքական որոշման տիրույթում է՝ ՀՀ կառավարության եւ ԱԺ-ի: Տեղյակ եմ, որ ԱԺ-ում նույնպես մանրամասն քննարկումներ են տեղի ունեցել այս առումով, եւ մենք ձեւավորել ենք այսպես շատ թե քիչ համաձայնեցված լուծում»:
Մինչդեռ ՍԴ-ն ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր, Նոր Հաճն համայնքների ղեկավարների դիմումի հիման վրա՝ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1.1-րդ մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով մասնավորապես ամրագրել էր. «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1.1-րդ մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով չեն ապահովում համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին եւ 190-րդ հոդվածին հակասող եւ անվավեր։ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը՝ նույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո տեղական հանրաքվեի նշանակումն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության հիմքով համայնքի ղեկավարի կողմից մերժման ենթակա լինելու մասով, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին եւ 190-րդ հոդվածին հակասող եւ անվավեր։ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը՝ համայնքի բյուջեում համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախապատրաստելու եւ անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ այդ միջոցների անբավարարության դեպքում համապատասխան ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին կատարելը չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին եւ 190-րդ հոդվածին հակասող եւ անվավեր»:
Կարդացեք նաև
Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Օրենքն ասում էր՝ եթե տեղական հանրաքվեի համար համայնքի բյուջեում միջոցներ չլինեն, ապա համայնքի ղեկավարը կարող է մերժել համայնքի տեղական հանրաքվե անելը: Սա ՍԴ-ն դիտել է հակասահմանադրական՝ ասելով, որ եթե, օրինակ, համայնքների խոշորացման հարցը բարձրացնողը գործադիրն է, կառավորությունը, ու այդ հարցը գալիս է համայնք, համայնքային բյուջեում էլ տեղական հանրաքվեի փող չկա, ապա պետք է տեղական հանրաքվե իրականացվի, եւ կառավարությունն էլ պետք է ֆինանսավորի համայնքին, այլ ոչ թե համայնքի ղեկավարը մերժի տեղական հանրաքվե անցկացնելը, քանի որ համայնքը գումար չունի: Այս երկու հարցն է ասել ՍԴ-ն»:
Անդրադառնալով այն հայտարարությանը, թե համայնքների խոշորացման հարցը կառավարության եւ ԱԺ-ի տիրույթում է, փաստաբանն ասաց. «Այո, դա այդպես է, սակայն մի կարեւոր բայց կա: Համայնքի կարծիքը պետք է լսելի լինի ԱԺ-ում: Եթե համայնքի բնակիչները մերժում են խոշորացումը, ԱԺ-ն մեխանիկորեն չի կարող մերժել խոշորացումը: Ուղղակի համայնքի կարծիքը պետք է լսելի դարձվի ԱԺ-ում. դրա ամենալավ միջոցը ըստ ՍԴ-ի՝ տեղական հանրաքվե իրականացնելն է»:
Մեր փաստմանը՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե խոշորացման հարցը քաղաքական որոշման տիրույթում է, քանի որ ՏԻՄ օրենքի որոշ կետեր ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, փաստաբանն արձագանքեց. «Ինչո՞ւ ճանաչեց հակասահմանադրական, այն երկու պատճառով, որը ես եմ նշում: Մենք չենք ասում, որ գործադիրի, ԱԺ-ի տիրույթում չէ այդ հարցը, իհարկե, սա այն հարցն է, որը կարող է բացառապես գործադիրը բարձրացնել, բայց երբ նա բարձրացնում է համայնքների խոշորացման հարցը, դրա մասին անպայման պիտի տեղյակ պահի այդ համայնքներին, թույլատրի արդյունավետ մեխանիզմ ունենալ, որ համայնքներում կատարվեն տեղական հանրաքվեներ եւ այդ հարցը քննարկեն, տեղական հանրաքվեի արդյունքներն էլ համայնքի ղեկավարը ԱԺ-ում կարողանա ներկայացնել պատգամավորներին: ԱԺ-ն էլ ըստ այդմ՝ ինքը կորոշի, վերջիվերջո, խոշորացում անում են, թե՝ ոչ: Այսինքն՝ մենք չենք ասել, որ խոշորացման հարցը միայն համայնքը կարող է որոշել, քանի որ Սահմանադրությունը դրա պատասխանը տվել է»:
Մեր հստակեցմանը՝ կառավարությունը կարո՞ղ է առանց տեղական հանրաքվեի իրականացնել խոշորացում, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Տեղական հանրաքվե անողը կառավարությունը չէ: Կառավարությունը պարտադիր պետք է համայնքին ասի, որ խոշորացման հարց է բարձրացնում, թողնի, որ համայնքն ինքը կողմնորոշվի՝ տեղական հանրաքվե անո՞ւմ է, թե՝ ոչ: Համայնքն էլ կողմնորոշվում հետեւյալ կերպ՝ համայնքի ավագանին կարող է ուզենալ անել հանրաքվե, համայնքի ղեկավարը կարող է նշանակել, որոշակի խումբ անձինք՝ տեղական հանրաքվե նախաձեռնող խումբ կարող է ստեղծվել. նրանք ուզենան հանրաքվե անել, եթե չուզենան, տեղական հանրաքվե չի էլ արվի»:
Մեր մյուս հարցին՝ այն, որ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ՀՀ կառավարությունը համարեց հրատապ, եւ այն ընդգրկեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգում. կքննարկվի սեպտեմբերի 24-ին՝ 1-ին, 2-րդ ընթերցմամբ, ուստի կարճ ժամանակ չէ՞դա եւ այդպիսով համայնքը չի՞ զրկվում արտահայտելու իրավունքից, փաստաբանը պատասխանեց. «Եթե այս ընթացքում որեւէ համայնք, որն այդ նախագծում ներառված է, նախաձեռնի տեղական հանրաքվե, իսկ ԱԺ-ն էլ չսպասի տեղական հանրաքվեի ընթացքին՝ 45 օր ժամկետով եւ առանց սպասելու տեղական հանրաքվեի արդյունքներին օրենքն ընդունի, ՀՀ նախագահը հանգիստ կարող է օրենքը չստորագել եւ հակասահմանադրական ճանաչել ու դիմել ՍԴ: Օրինակ՝ եթե վաղը մտնեն, երկու ընթացակարգով այդ օրենքը ընդունեն, հետագայում ՍԴ դիմողները կարող են օրենքը հակասահմանադրական ճանաչել՝ ասելով, որ այս օրենքի վերաբերյալ չի պահպանվել Սահմանադրության՝ համայնքի լսված լինելու իրավունքին վերաբերող կետը»:
Հարցին՝ ի՞նչ իրավական հետեւանքներ կարող է ունենալ, եթե չի պահպանվում համայնքի՝ լսված լինելու իրավունքը, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Նույն համայնքի ղեկավարներն էլ, հենց օրենքը ընդունվեց, կարող են մտնել ՍԴ: Ավտոմատ չեն դադարում համայնքի ղեկավարի լիազորությունները: Համայնքի ղեկավարները՝ հաշվի առնելով, որ այդ օրենքն իրենց է վերաբերվում, իրենք էլ կարող են մտնել ՍԴ եւ հակասահմանադրական ճանաչել խոշորացումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.09.2021