Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր երկրները կարող են ունենալ մեծ ռազմավարություն

Սեպտեմբեր 20,2021 13:30

44-օրյա մարտական գործողությունների ընթացքում կրած պարտությունն ու դրա հետեւանքներն առաջնահերթ խնդիր են դարձնում այնպիսի իրատեսական ռազմավարության մշակումը, որը հնարավորություն կընձեռի հաղթահարել առկա մարտահրավերները եւ քայլեր ձեռնարկել հասարակության զարգացման նպաստավոր պայմանների ստեղծման համար: Այս համատեքստում հոդվածում քննվում են մեծ ռազմավարության հիմնավորման հետ կապված հարցերը, ո՞ր երկրները կարող են ունենալ մեծ ռազմավարություն եւ ի՞նչ դեր կարող է այն ունենալ Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության ապահովման գործընթացում:

Հոդվածը տպագրվել է Արցախի Պետական համալսարանի «Գիտական տեղեկագիր»-ի՝ 1/2021-ում: Ներկայացնում ենք ԱրՊՀ պատմության եւ քաղաքագիտության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար, ք.գ.թ. ՀՐԱՅՐ ՓԱՇԱՅԱՆԻ հետազոտությունը:

ՄԵԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Գաղտնիք չէ, որ պետության՝ որպես պատմական անհրաժեշտության առաջացումն ու գոյության իմաստը անխզելիորեն կապված են այն գործառույթների հետ, որոնք նա իրականացնում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ասպարեզում: Մարտահրավերների պակաս չունեցող արդի աշխարհում թերեւս պետության ամենաառաջնային առաքելությունը շարունակում է մնալ առկա եւ հնարավոր սպառնալիքներից սեփական քաղաքացիների պաշտպանությունը: 2020թ. 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում կրած պարտությունը եւ տարածաշրջանում ուժային նոր վերադասավորումներն ու հատկապես սեփական հայրենիքում մեր ազգային անվտանգությանը սպառնացող բազում մարտահրավերները, այդ թվում՝ հատկապես ֆիզիկական ոչնչացմանն ուղղված վտանգները, բնականաբար, առաջնահերթ խնդիր են դարձնում այնպիսի իրատեսական մեխանիզմների ձեւավորումը, որոնք հնարավորություն կընձեռեն հաղթահարել դրանք եւ քայլեր ձեռնարկել հասարակության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Դրան է նպատակաուղղված ժամանակակից աշխարհի քաղաքական ու ռազմական բառապաշարում օգտագործվող հասկացություններից մեկը՝ Մեծ ռազմավարությունը, որը տարբեր ուսումնասիրողների շրջանում տարբեր գնահատականների է արժանացել: Հետեւաբար, նախքան բուն նյութին անցնելն անհրաժեշտ է պարզաբանել ինչպես մեծ ռազմավարությանը դեմ եւ կողմ հիմնավորումները, այնպես էլ այն հարցի պատասխանը, թե ո՞ր երկրները կարող են ունենալ մեծ ռազմավարություն եւ ի՞նչ դեր կարող է այն ունենալ ՀՀ+ԱՀ ազգային անվտանգության ապահովման գործընթացում:

«Մեծ ռազմավարություն». դեմ եւ կողմ հիմնավորումները: Որոշ ուսումնասիրողների դիտարկմամբ՝ Մեծ ռազմավարություններն այնքան էլ կարեւոր չեն, որքան ցանկանում են ներկայացնել ռազմավարները, քանի որ երկրները սովորաբար գնահատվում են ոչ թե փաստաթղթերում արձանագրված դրույթներով կամ ղեկավարության խոսքերով, այլ նրանց գործողություններով: Այս տեսակետը հիմնավորվում է նաեւ այն փաստարկով, որ ներկայիս քաոսային, անկայուն եւ հարափոփոխ իրականությունը չի կարող ապահովել գործնական, կայուն եւ հետեւողական ծրագրեր երկարաժամկետ հեռանկարում, ինչը մեծ ռազմավարության առանցքն է հանդիսանում: Հետեւաբար, նման միջավայրում հաջողակ լինելու համար ռազմավարությունները պետք է անընդհատ փոխել, իսկ գիտնականները, փորձագետները, վերլուծաբանները եւ քաղաքականություն մշակողները փոխանակ վիճելու, թե ում ռազմավարական դոկտրինն է լավ կամ վատ, պետք է կենտրոնանան խնդիրների լուծման ավելի գործնական ձեւերի վրա: Այս տեսանկյունից՝ «քննարկել մեծ ռազմավարություն, նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել, մինչդեռ մեր շուրջը աշխարհը փոխվում է: Այնպես որ, գործելու ժամանակն է, նույնիսկ մեծ ռազմավարության բացակայության դեպքում»:

Մեր կարծիքով, սակայն, վերոնշյալն ամենեւին էլ չի հակասում Մեծ ռազմավարություն ունենալու անհրաժեշտությանը, ինչպես որ կարող է թվալ առաջին հայացքից: Բանն այն է, որ Մեծ ռազմավարությունը պետք է նմանվի հստակ ձեւակերպված ճանապարհային քարտեզի, որտեղ ներկայացվում է, թե ինչպես համադրել միջոցներն ու նպատակները: Իհարկե, այն լավագույնս գործում է կանխատեսելի միջավայրում, որտեղ քաղաքական գործիչները հստակ պատկերացում ունեն իշխանության բաշխման, ազգային նպատակների շուրջ ներքին փոխզիջման եւ ինքնությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ, որտեղ առկա են կայուն քաղաքական եւ ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ինստիտուտներ: Իհարկե, այդպիսի միջավայրն ինքնին չի ձեւավորվում:

Հետեւաբար, մեծ ռազմավարությունը կարող է կենսունակ լինել, եթե հիմնված լինի պետության առանցքային քաղաքական դերակատարների եւ ընտրախավի (էլիտա) ընդհանուր աշխարհընկալման վրա: Այլ կերպ ասած, խնդիրն այն է, որ եթե յուրաքանչյուր նոր կառավարություն իշխանության գալով ունենա գլոբալ մարտահրավերների եւ հնարավորությունների արմատապես տարբեր ընկալումներ, ոչ մի ռազմավարություն երկար կյանք չի ունենա: Ցանկացած հաջորդ կառավարություն կկործանի իր նախորդների քաղաքականությունը՝ ոչնչացնելով մեծ ռազմավարության գաղափարը: Օրինակ, զսպման քաղաքականությունն ԱՄՆ-ում երկարաժամկետ էր ու կայուն, քանի որ ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ՝ Հարի Թրումենից մինչեւ Ռոնալդ Ռեյգան, հիմնականում հավատարիմ էին գլոբալ խնդիրների ու տնտեսավարման հիմնարար սկզբունքներին:

Հետեւաբար, անկայուն իրավիճակներում եւ անցումային ժամանակահատվածում գտնվող երկրների համար եւս, ինչպես մատնանշում է հետազոտողների մյուս մասը եւ ում հետ դժվար է չհամաձայնել, մեծ ռազմավարությունը նույնպես կարեւոր նշանակություն ունի: Նման պահերին հատկապես օգտակար է հստակ ձեւակերպված, հասարակական-քաղաքական լայն շերտերի աշխարհընկալումներն ու արժեհամակարգն արտացոլող ռազմավարությունը, որը որպես ուղեցույց կապահովվի հետեւողական գործողություններով՝ հնարավորություն տալով պետության մտադրությունների մասին համապատասխան ազդակներ փոխանցել հասարակությանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Այս դեպքում՝ «Ըստ էության, մեծ ռազմավարությունը նկարագրում է, թե ինչպես է ազգը տեսնում իր դերը աշխարհում եւ այն ընդհանուր նպատակները, որոնք առաջնորդում են նրա գործողությունները»:

Իհարկե, այստեղ պետք է հաշվի առնել մի կարեւոր նրբություն. պետք չէ բարձրաձայնել Մեծ ռազմավարության իրականացման կոնկրետ քայլերի մասին, քանի որ եւ հակառակորդները, եւ նույնիսկ չափազանց զգույշ ընկերները կհասկանան, թե ուր պետք է ուղղեն իրենց հակահարվածները:

Ո՞ր պետությունները կարող են ունենալ «Մեծ ռազմավարություն»:
Այս հարցի հետ կապված գիտական եւ քաղաքական շրջանակներում նույնպես միասնություն չկա: Մասնագետներից ոմանք նշում են, որ Մեծ ռազմավարությունը բացառապես գերտերությունների առանձնաշնորհն է, քանի որ նրանք ունեն բավարար քանակությամբ ռեսուրսներ եւ անհրաժեշտ ուժ «մեծապետական» քաղաքականություն իրականացնելու համար, որոնք հաճախ գլոբալ բնույթ ունեն: Իսկ միջին կամ փոքր տերությունները հաճախ ենթադրաբար կամ բացահայտորեն չափազանց կաշկանդված են մեծ ռազմավարություն իրականացնելու համար: Հավանաբար, այս տեսակետի ձեւավորման գործում իր դերն է խաղացել հայեցակարգի «գրանդ» արտահայտությունը, որը հաճախ շփոթում են շքեղ կամ հավակնոտ հասկացության հետ: Թերեւս դա է պատճառներից մեկը, որ մեծ ռազմավարության ուսումնասիրությունների հիմնական մասը նվիրված է գերտերությունների վերելքի ու անկման եւ փոփոխվող ռազմավարական հանգամանքներին նրանց հարմարվելու ունակության վրա:

Իհարկե, այստեղ հասկանալիորեն իր դերն ունի պետության տարածաշրջանային կամ միջազգային ազդեցիկությունը: Դա է պատճառը, որ մեծ ռազմավարության հայեցակարգը ավանդաբար կապվում է այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն, Չինաստանը եւ այլն: Բայց դա չի նշանակում, որ պետությունների մի մասը կարող է ունենալ մեծ ռազմավարություն, մյուս մասը՝ ոչ:

Պարզապես ոմանց շահերը կապված են գոյատեւման կամ տարածաշրջանային դերակատարության հետ, իսկ մյուսներինը՝ ընդունելի աշխարհակարգի ձեւավորման եւ դրանում իրենց տեղի ու դերի հետ: Այս ամենը բնականաբար նույնպես, անկախ երկրի տարածքային ընդգրկումից, կախված է ճիշտ ընտրված ռազմավարությունից: Իսրայելի օրինակը դրա լավագույն վկայությունն է: Այս ամենից ելնելով՝ մասնագետների մյուս խումբը կարծում է, որ փոքր եւ միջին երկրները նույնպես կարող են մշակել եւ իրականացնել «մեծ ռազմավարություն»:

Դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ այդպիսի երկրների տրամադրության տակ եղած ռեսուրսների եւ միջոցների քանակը բավականին սահմանափակ է, ինչը նրանց պետք է ստիպի չափազանց խոհեմ եւ տնտեսելով օգտագործել առկա ռեսուրսներն ու գործիքները՝ միջազգային ասպարեզում սեփական նպատակներին հասնելու համար: Այստեղ տեղին է հիշել ժողովրդական հայտնի ասացվածքը, այն է՝ «Ոտքերը պետք է վերմակին համապատասխան երկարել» (ղարաբաղյան բարբառով՝ «Վեննէրդ յօրղանէտ ըգյօրա մէկնէ»): Իմաստավորվա՞ծ է ՀՀ-ի համար «Մեծ ռազմավարությունը»: Ինչպես արդեն նշել ենք, «Մեծ ռազմավարություն» ունենալու հարցի շուրջն ընթացող քննարկումներում մասնագետների միակարծություն չկա: Այդուհանդերձ, նրանք մեծամասամբ ընդունում են, որ կան ժամանակներ, երբ «Մեծ ռազմավարություն» ունենալն ուղղակի անհրաժեշտություն է: Դրանք միջազգային հարաբերությունների բացարձակ անորոշության ժամանակաշրջաններն են, երբ գաղափարները հանդես են գալիս որպես ուղեցույց, որոնք երկրներին ուղղորդում են դեպի անվտանգ ափեր:

Նշված հետազոտողների կարծիքով՝ իրադարձությունների զարգացման հետեւյալ երկու հանգամանքներում է մեծանում «Մեծ ռազմավարություն» ունենալու անհրաժեշտությունը:

1. Այդպիսի գլոբալ իրադարձություններ են համարվում պատերազմը, հեղափոխությունը կամ տնտեսական ճգնաժամը, որոնք սպառնում են տվյալ երկրի արմատական շահերին: Նման իրավիճակներում, երբ ոչ ոք չգիտի, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, մեծ ռազմավարությունը կարող է դառնալ ճանապարհային քարտեզ, որն օգնում է մեկնաբանել տեղի ունեցող իրադարձությունները եւ ընտրել համարժեք քաղաքական ճանապարհ:

2. Իրադարձությունների զարգացման երկրորդ սցենարը առաջատար քաղաքական ուժի փոփոխությունն է, որը կարող է լուրջ անորոշություն առաջացնել եւ սեփական հանրության, եւ միջազգային հանրության շրջանակներում: Երբ քաղաքական մրցակիցը մարտահրավեր է նետում իշխանության գրավման համար, ապա բոլորը, այդ թվում՝ արտաքին դերակատարները, ցանկանում են իմանալ, թե ինչպես են այդ բեւեռները պատկերացնում երկրի հետագա տեղն ու դերը աշխարհում ընդհանրապես, իրենց հետ հարաբերություններում՝ մասնավորապես:

Առկա՞ են վերոնշյալ երկու հանգամանքները Հայաստանում: Հարցի պատասխանն ավելի քան ակնհայտ է, կամ ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են, քանի որ ակնհայտորեն մեր երկիրը լիովին համապատասխանում է մասնագետների նկարագրած բոլոր պայմաններին:

Հետեւաբար, ակնհայտ է նաեւ մեր երկրին «Մեծ ռազմավարություն» ունենալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում կարող է հարց առաջանալ, իսկ արդյո՞ք 2020թ. հուլիսին ընդունված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը» հենց այն փաստաթուղթը չէ, որի մասին խոսում ենք: Նախ պետք է ասել, որ դրանից հետո, ինչպես ասում են, «շատ ջրեր են հոսել», որոնց հետեւանքով այն կորցրել է իր արդիականությունը՝ սեփական գնահատականի յուրօրինակ լակմուսը դառնալով: Բացի դրանից, չպետք է մոռանալ «Մեծ ռազմավարություն» հասկացության էությունը՝ որպես ռեսուրսների եւ նպատակների համադրմամբ բնակչության անվտանգության, երկրի զարգացման ու շահերի պաշտպանությանն ուղղված հիմնավորված դրույթների ամբողջություն, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ներդնել ազգային-պետական ողջ կենսունակ ներուժը:

Այստեղից պատասխանն ակնհայտ է՝ արդյո՞ք այն համապատասխանում է նշված սահմանմանը ու առավել եւս կատարե՞լ է իր առաքելությունը: Հարցը քննարկման այլ նյութ համարելով եւ չխորանալով մանրամասներում՝ պարզապես նշենք, որ անկախության ձեռքբերումից հետո մենք մշտապես զգացել ենք նման փաստաթղթի անհրաժեշտությունը: Բանն այն է, որ տարբեր տարիների ընդունված «Ազգային անվտանգության ռազմավարություններում» այդպես էլ հստակություն չի մտցվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին համազգային քաղաքական կարեւորագույն հարցերի վերաբերյալ: Դա են փաստում Հայաստանի հասարակության քաղաքակրթական եւ ինքնության զարգացման ներկայիս անորոշությունները, ինչպես նաեւ արտաքին կողմնորոշման եւ ներքին քաղաքականության բնագավառում իրականացված քայլերը:

Բավարարվենք երկու օրինակով: Երկրի բարձրագույն ղեկավարությունը տարիներ շարունակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ընդունելով ազատագրված տարածքներն Ադրբեջանին փոխանցելու դիրքորոշումը, միաժամանակ այդ տարածքներում իրականացրել է վերաբնակեցման անհեռանկարային քաղաքականություն, դրանից ածանցվող ծանր հետեւանքներով (ներքին անհեռանկար քաղաքականություն): Իսկ վերնախավի Արեւմուտքին ինտեգրվելուն կամ դեպի Ռուսաստան կողմնորոշվելուն ուղղված դիրքորոշումները այնքան են լղոզվել, որ հասարակությունը նույնպես կորցրել է ճիշտ կողմնորոշվելու ունակությունը՝ սպառնալիք դառնալով սեփական ազգային անվտանգության ու պետականության գոյության համար ընդհանրապես (արտաքին կործանման տանող քաղաքականություն): Այս առումով տեղին է հնչում ՌԴ նախագահ Վ. Պուտինի 90-ականների Ռուսաստանի վերաբերյալ հնչեցրած խոսքերը, որը ճշգրտորեն բնորոշում է այսօրվա մեր իրականությունը: «Այս բոլոր տարիների ընթացքում, – գրում է Պուտինը, – մենք շարժվում էինք ասես պատահականորեն, գռփելով, առանց ազգային նպատակների եւ սահմանների հստակ ընկալման, որոնք կապահովեն Ռուսաստանի դիրքը որպես աշխարհի գերզարգացած, բարեկեցիկ եւ մեծ երկիր»:

Գիտելիքահենությունը՝ Հայաստանի «Մեծ ռազմավարության» առանցքում: Իհարկե Հայաստանի համար մեծ ռազմավարության մշակումը ներկայիս հեղհեղուկ պայմաններում բավականին ժամանակատար, մտավոր ու գիտական ռեսուրսներ պահանջող գործընթաց է, որը կարող է իրականություն դառնալ ոչ միայն առանձին անհատների, այլեւ քաղաքական, տնտեսական, ռազմական եւ ամենատարբեր ոլորտներ միավորող հաստատությունների, հասարակական շրջանակների, ինչպես նաեւ Սփյուռքի հնարավորությունների ու ռեսուրսների համատեղումով:

Այդուհանդերձ, հաշվի առնելով զարգացած եւ զարգացող երկրների փորձն ու արդի իրողությունները, կարող ենք վստահաբար ասել, որ ընդունվելիք «Մեծ ռազմավարության» առանցքում պետք է դրվի գիտելիքահեն պետության գաղափարն ու հստակ քայլեր ձեռնարկվեն գործնականում դրանք կյանքի կոչելու համար: Առկա եւ դեռեւս սպասվող երկարատեւ ու հյուծիչ մարտահրավերներին դիմակայելու, առավել եւս երկրի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է, որ գիտությունն ու երկրի անվտանգությունը, գիտությունն ու արտաքին քաղաքականությունը, գիտությունն ու տնտեսությունը փոխկապակցված լինեն միմյանց հետ:

Իհարկե, դա հնարավոր է կենսագործել միայն կառավարման արդյունավետության բարձրացման եւ բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալների ներգրավման դեպքում: Այլ կերպ ասած, երկրի համար կարեւոր այս եւ մյուս ուղղությունները իրենց գործունեության հիմքում պետք է ունենան գիտականորեն հիմնավորված մշակումներ ու հիմնադրույթներ, կամ ըստ անհրաժեշտության՝ պատվեր առաջադրեն գիտությանը, իսկ գիտությունն իր հերթին ներկայացնի դրանց լուծման վերաբերյալ հիմնավոր ու հնարավոր տարբերակներ:

Եվ վերջապես, այս կամ այն բնագավառի խնդիրների լուծման տարբերակները կամ ռազմավարությունները պետք է մշակվեն ոչ միայն իրականությունից կտրված (այսպես ասած՝ սենյակային) պայմաններում եւ մասնավորապես այլ երկրների համանման ծրագրերից վերցված գեղեցիկ ձեւակերպումներով, այլեւ իրական (նկատի ունենք՝ նման ծրագիր մշակողները պետք է տեղերում, ներքեւի օղակների իրական հնարավորություններին ու պայմաններին տիրապետելով մշակեն նշված փաստաթղթերը) խնդիրներն ու հնարավորությունները հաշվի առնելով: Գաղափարի իրականացման արդյունքում մենք կկարողանանք երկարաժամկետ կտրվածքով ապահովել մեր երկրի անվտանգությունն ու նրա հետագա կայուն զարգացումը, մոտավորապես այն ձեւով, որն այսօր կարողանում է իրագործել Իսրայելը՝ տարիներ շարունակ շրջապատված լինելով թշնամական երկրներով: Պատմական փորձն ու արդի իրողությունները վկայում են, որ մեր Հայրենիքը հարատեւելու այլ տարբերակ չունի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության կողմից մշակվելիք ու առավել եւս իրացվող ցանկացած ռազմավարություն, այդ թվում եւ հատկապես «Մեծ ռազմավարությունը», ինչպես ցույց են տալիս անկախության տարիների փորձն ու վերջին շրջանի ռազմական գործողությունները, ուզենք, թե չուզենք, միշտ սերտորեն կապված կլինեն մեր երկրի ներսում տիրող իրավիճակի հետ: Այսինքն՝ պետությունը կարող է ուժեղ լինել, եթե կան դրա համար կայուն ներքին հիմքեր, ներառյալ ֆինանսական կարգապահությունը, գործող ներքին ենթակառուցվածքը, որակյալ կրթությունը եւ նորարարությունը խրախուսող մշակույթը: Եվ քանի դեռ Հայաստանը չի գտել իր ներքին արատները հաղթահարելու միջոց, քանի դեռ ներսում ամեն ինչ կարգին չէ, չի կարելի արտաքին քաղաքականության մեջ հաջողության հույս ունենալ: Նաեւ այս եւ մյուս այլ հիմնահարցերի ու առկա խնդիրների լուծմանը պետք է միտված լինեն մեր երկրի ներկայի ու ապագայի տեսլականը արտացոլող «Մեծ ռազմավարության» հիմնադրույթները:

2. Որքան էլ հրապուրիչ լինեն հավասարության, ազատության ու արդարության մասին ժամանակակից գաղափարներն ու քարոզչական թեզերը, բնական ընտրության մասին Դարվինի էվոլուցիոն տեսությունը կյանքի փաստ է ու մեր լինելիության անբաժան ուղեկիցը: Բազմաթիվ ազգեր անհետացել են, քանի որ չեն կարողացել գտնել սպառնացող մարտահրավերներին դիմակայելու հիմնավորված պատասխաններ: Հետեւաբար, չպետք է տարվել դրսից մատուցվող հրապուրիչ թվացող քայքայիչ գաղափարներին, որոնց իրական նպատակը սեփական շահն է: Այո, աշխարհը չի հոգնում փոխվելուց, անընդհատ փորձելով հազարավոր գաղափարներ, թե ինչպես է դասավորվելու ապագան եւ դնելով նաեւ բոլոր նույն հին հարցերը ցանկացած հասարակության առջեւ, այդ թվում նաեւ մեր՝ ի՞նչ է կատարվում, ո՞ւր ենք գնում, ո՞ր կողմում ենք մենք, կարո՞ղ ենք փոխվել, թե՞ պատմական հեռանկարում դատապատված ենք կործանման: Եվ ի՞նչ ապագա է սպասվում Հայ ժողովրդին: Եվ չնայած մենք չենք կարող լիարժեքորեն պատրաստվել ապագային՝ այն իմաստով, որ ապագան անկանխատեսելի է (մեծ ռազմավարությունը հենց ապագայի կառուցման ծրագիր է), այդուհանդերձ, առանց այդպիսի տեսլականի հարատեւել նույնպես հնարավոր չէ:

3. Աշխարհի առաջատար երկրների փորձն ու արդի աշխարհում տեղի ունեցող զարգացումները փաստում են, որ ներկայումս վերելք են ապրում եւ միջազգային ուժի ու հեղինակության սանդուղքով բարձրանում են այն երկրները, որոնք իրենց ապագան կառուցում են՝ հիմնվելով գիտության վրա, խթանելով տնտեսության զարգացումը, տեխնոլոգիական նորարարությունն ու գլոբալ ցանցերը: Հայաստանի նման փոքր ու բնական պաշարներով աղքատ պետությունների զարգացման ու մարտահրավերներին դիմակայելու միակ ճանապարհը գիտելիքահեն պետության գաղափարն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ գիտությունն ու երկրի անվտանգությունը, գիտությունն ու արտաքին քաղաքականությունը, գիտությունն ու տնտեսությունը փոխկապակցված լինեն միմյանց հետ:

Բոլոր դեպքերում դեպի ապագա շարժվելու համար (անկախ նրանից, այդ ապագան դեպի որտեղ է տանում) մեզ ուղի է պետք: Չկառուցենք սեփականը, կսպասարկենք այլոց շահերը, որն ինչպես էլ մատուցվի, անկասկած երկարաժամկետ հեռանկարում չի բխի մեր ազգային-պետական շահերից: Ունենալով հազարամյակների պատմություն, ազգային ավանդույթներ ու գիտական ներուժ մենք դեռեւս կարող ենք ձեռնամուխ լինել սեփական ազգային շահերը, առկա ռեսուրսներն ու հնարավորությունները հաշվառող ապագայի կերտմանը, որին պետք է ուղղված լինի ՀՀ բոլոր ոլորտների (այդ թվում՝ ներպետական, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական) զարգացումը մատնանշող «Մեծ ռազմավարությունը»:

«Առավոտ» օրաթերթ
18.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930