Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր ազգային էլիտան իտալացիների օրինակով կհովանավորի՞ երկրի հոգեւոր զարգացումը

Սեպտեմբեր 20,2021 12:30

«Առավոտը» հյուրընկալել էր ճանաչված օպերային բարիտոն, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Դավիթ Բաբայանցին, որը վերջերս Դոն Կառլոյի դերերգով, ինչը համաշխարհային օպերային գրականության մեջ բարիտոնի համար ամենաբարդ պարտիաներից է, Վիեննայում մասնակցել է «Ճակատագրի ուժը» օպերային ներկայացմանը։ Արվեստագետը հայտնեց, որ ներկայացումն ընդգրկված էր Klosternoyburg փառատոնային ծրագրում։ Ընդ որում, բացօթյա փառատոնին օպերան ներկայացվել է 11 անգամ՝ մեկօրյա ընդմիջումով։

Հիշեցնենք, որ երգչի կարիերան սկսվել է 2005թ., Երեւանի օպերային թատրոնում՝ Վերդիի «Տրուբադուր» օպերայով։ Նրա բեմական կյանքի ուշագրավ դրվագներից է 2011թ. մասնակցությունը Իտալիայի Բուսսետո քաղաքում անցկացվող «Վերդիական ձայներ» միջազգային մրցույթին, որտեղ ճանաչվել է լավագույն բարիտոն։ Մրցույթից անմիջապես հետո հրավեր է ստացել ու մասնակցել Վերդիի տան առջեւ բեմադրված «Տրավիատա» ներկայացմանը։ Նույն թվականին Իտալիայի Վերոնա քաղաքում Արվեստների ինստիտուտի միջազգային մրցույթում ճանաչվել է հաղթող, Պլասիդո Դոմինգոյի հետ մասնակցել Վերդի-Վագներ գալա համերգին՝ Դանիել Հարդինգի ղեկավարությամբ։ Հյուրախաղային բուռն գրաֆիկով ստեղծագործող երգչից հետաքրքրվեցինք՝ ընթացիկ տարում նրա առաջի՞ն բեմելն էր դրսում։ «Համավարակի «մեկնարկից» առաջ՝ 2019թ., Ֆլորենցիայում էի, Maggio թատրոնում էի։ Երգեցի ու աշխարհը փակվեց»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, թե Ժերմոնի դերերգը Վերդիի «Տրավիատա» օպերայում կարելի է համարել ձեր այցեքարտը, որովհետեւ 2015թ. «Օպերային Օսկար» մրցանակաբաշխությունում աշխարհահռչակ Հեննինգ Բրոքկհաուսի ռեժիսուրայով ձեր մասնակցությամբ «Տրավիատան» հաղթող ճանաչվեց եւ ասում են, թե հեղինակավոր թատրոններում ավելի շատ հանդես եք եկել հենց Ժերմոնի դերերգով, Դավիթ Բաբայանցը համակարծիք լինելով, փորձեց հիշել, թե քանի անգամ է այդ դերերգով հանդես եկել։ Վերջապես «կանգնելով» չորսի վրա, ընդամենը նշեց, որ օսկարակիր ներկայացումը մինչ օրս մասնագետներն անվանում են «հայելիներով» «Տրավիատա»։

Թեեւ երգչի հետ մեր առաջին հանդիպումը չէր, բայց, այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել՝ իր բազմաթիվ հյուրախաղերը, հավանաբար, նրա իտալացի իմպրեսարիո Սկարդովի աշխատանքի արդյունք են։ «Իմպրեսարիոյի հետ համագործակցում եմ 2017 թվականից։ Իհարկե, նրա դերը իմ կյանքում մեծ է, բայց հրավերներ եմ ստանում նաեւ այլ իմպրեսարիոներից նույնպես, որոնք ինձ լսելով որեւէ թատրոնում կամ փառատոնում, կապվում են ինձ հետ՝ կամ ուղիղ, կամ իմպրեսարիոյիս միջոցով»,- պատասխանեց երգիչը։

Դավիթ Բաբայանցը համագործակցել է իսկապես մեծ աստղերի հետ, այդ թվում՝ դիրիժորներ Մարկո Արմիլիատոյի, Դանիել Օրենի, Դանիել Հարդինգի, Կլաուդիո Շիմոնեի, Լյուլիան Կովաչեի եւ մյուսների, երգիչներ Պլասիդո Դոմինգոյի, Մարիա Խոսե Սիրիի, Ջորջիո Բերուջիի, Ֆրանչեսկո Մելիի, ռեժիսորներ Հուգո դե Անայի, Ֆրանկո Դեֆիրելիի, Ֆուրա դել Բաուսի հետ։ Հիշեցնելով այդ մասին, խնդրեցինք ցանկը համալրել օպերային մե՛ր աստղերի անուններով։ «Շնորհակալ եմ, նման գնահատականի, վերաբերմունքի համար։ Ես ոչ թե կշարունակեի՝ լրացնելով մեր օպերային աստղերի անունները, այլ այդ ցանկը կսկսեի հայ օպերային աստղերի անունները բարձրաձայնելով։ Նրանք են՝ Հասմիկ Պապյան, Անահիտ Մխիթարյան, Բարսեղ Թումանյան, Հասմիկ Թողոսյան, դիրիժորներ Կարեն Դուրգարյան, Ռուբեն Ասատրյան, Հարություն Արզումանյան, Աթանես Առաքելյան, Էդուարդ Թոփչյան… Պատիվ եմ ունեցել նրանց հետ հանդես գալ նույն ներկայացման մեջ։ Գիտե՞ք, ինձ համար իմ թատրոնի բոլոր երաժիշտներն են աստղեր»,- հայտնեց նա։

Վերջերս Երեւանի օպերային թատրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց միջազգային ճանաչման արժանացած դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ Տարբեր հեղինակավոր թատրոնների հետ առնչված երգչից հետաքրքրվեցինք՝ որեւէ ցանկությամբ, առաջարկով դիմե՞լ է նոր տնօրենին։ «Ոչ։ Կարծում եմ՝ կարիք էլ չի լինի, քանի որ մաեստրոն լա՜վ գիտի թատրոնի խնդիրները եւ թատրոնի մարդկանց։ Համոզված եմ՝ նա համակարծիք կլինի ինձ հետ, որ պետք է կենտրոնանալ որակի վրա։ Տեսեք, հանդիսատեսը ըստ էության հարկատու է։ Թատրոնը տալիս է «պրոդուկտ», որը միանշանակ պետք է համապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Շատ կուզեի, որ մեր հանդիսատեսի համար օպերա հաճախելը լիներ իրադարձություն»,- պատասխանեց բարիտոնը։ Բայց մաեստրոն տնօրեն նշանակվեց հետպատերազմյան բարդ ժամանակներում… Ի պատասխան՝ Դավիթ Բաբայանցը փաստեց հետեւյալը. «Վերդին իր «Նաբուկո» օպերան գրել է Իտալիայի համար դաժան պատերազմի տարիներին։ Կարեւորելով երկրի հոգեւոր զարգացումը, շարունակվել է օպերային ներկայացումների ցուցադրումը։ Երկրի համար ծանր պայմաններում նույնիսկ Վերդին օպերաներ գրելու պատվերներ է ստացել։ Եվ այդ ամենը շնորհիվ Իտալիայի ազգային էլիտայի»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930