Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր գիրք. «Գրականագիտական դիտումներ ժամանակի մեջ»

Սեպտեմբեր 20,2021 12:00

Օրերս «Հայաստան» հրատարակչությունը հրատարակել է անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Լաուրա Մուրադյանի «Գրականագիտական դիտումներ ժամանակի մեջ» ուսումնասիրությունների եւ հոդվածների գիրքը, որը հեղինակը սիրով եւ կարոտով ձոնել է իր ծնողների՝ Գուրգեն Մուրադյանի եւ Ժենյա Դարբինյանի սուրբ հիշատակին:

Գիրքն ինքնատիպ գրականագիտական շտեմարան է, որտեղ տեղ գտած ուսումնասիրությունները մասնագիտական որակների բարձրացման առումով կարող են մեծ ներգործություն ունենալ: Պատահական չէ, որ Լաուրա Մուրադյան անհատն ու գրականագետը գիտական սույն ուսումնասիրություններում հանդես են գալիս մեկ ամբողջությամբ, որովհետեւ գրականագիտությունը սիրում է պրոֆեսիոնալ աշխատանք՝ նվիրված մարդու կողմից:

Վրթանես Փափազյան, Արփիար Արփիարյան, Ռափայել Պատկանյան, Արտաշես Հարությունյան, Սրբուհի Տյուսաբ. այս եւ այլ հեղինակների ստեղծագործությունների ուսումնասիրություններն է Լաուրա Մուրադյանն ամենայն անկեղծությամբ ներկայացրել, որոնց գրական գործերը հաճախ գրքասերների ընթերցացանկից դուրս են մնում, սակայն դրանց իսկական արժեքն ու հիմնավորված գնահատականը կարելի է գտնել Լաուրա Մուրադյանի այս հատընտիրում:

Գրքի խմբագիրը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, գրում է. «Ծավալուն ուսումնասիրություն է՝ նվիրված Վրթանես Փափազյանի կյանքին ու ստեղծագործությանը՝ գրողի, որը վերջին տասնամյակներում դուրս է մնացել հայ գրականագետների հետաքրքրություններից»: Այս տողերից կարելի է նաեւ հասկանալ, որ Լաուրա Մուրադյանն ուսումնասիրության նյութ է դարձրել այն մոռացվող գրական անձանց ու նրանց ստեղծած գրական աշխատանքները, որոնք, գնալով, մոռանում են եւ հասարակության լայն շրջանակները, եւ մասնագիտական շրջանակը:

Լաուրա Մուրադյանը գրում է. «Միտումը մեկն է՝ գրապատման ընթացքի հոլովույթում բացահայտել ազգային գեղարվեստական մտածողության զարգացման ստեղծագործական ինքնատիպ դրսեւորումները, որոնց լուսաբանումը կարեւորվում է նաեւ արդի գրականագիտության հարաշարժ համապատկերում»:

Գրականագետին հաջողվել է ցանկացած ստեղծագործության վարքաբանությունը պատշաճ ու հասկանալի լեզվով ներկայացնել ընթերցողներին: Սա կարեւոր է նրանով, որ գրականության ընտրության հարցն ավելի մտածված կազմակերպվի, ասել է թե՝ իսկական, խորը. ասելիք ունեցող գրականություն ընթերցի մարդը: Հնարավոր է խոսքս անհասկանալի թվա, բայց դա այդպես է, որովհետեւ գրական մթնոլորտը հաճախ է խաթարվում, որի բուն պատճառը խառնակ ստեղծագործություններն ու «ստեղծագործություններն» են, գրողներն ու «գրողները», որոնք ամեն օր, ամեն ժամ փորձում են բիծ թողնել բազմադարյան գրականության եւ ինչու չէ՝ արդի գրականության շառավիղներում:
Գիտական չափանիշներն այնքան հաստատուն են պահված Լաուրա Մուրադյանի հոդվածներում, որ իսկույն կարողանում ես յուրացնել այն գրականագիտական խտացված խորությունը, որը բացահայտում է ե՛ւ գրողին, ե՛ւ ստեղծագործությունը:

Լ.Մուրադյանն իր «Ռափայել Պատկանյանի ստեղծագործությունը ժամանակի գրական քննադատության գնահատմամբ» ուսումնասիրության մեջ գրում է, որ Պատկանյանի ստեղծագործությունը հայ նոր գրականության պատմության բացառիկ նշանակալի երեւույթներից է: Մեկ այլ՝ «Արեւմտահայ գրական քննադատության մասին» ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարում գրական քննադատությանը, որը, ինչպես ինքն է գրել՝ «իբրեւ գրականագիտական հետազոտության առարկա՝ բազմակողմանի երեւույթ է»: Եվ հենց այս գրական-քննադատական ընթացքն էլ կարեւոր շեշտադրումներով ներկայացված է այս ուսումնասիրության մեջ:

Հետաքրքրական է նաեւ «Ռուս գրականության հարցերը «Մշակում» հոդվածը, որն անմիջականորեն կապված է «Մշակ» հասարակական-քաղաքական լրագրի հետ: Լ.Մուրադյանը ընդգծում է, որ այն բացառիկ տեղ է գրավում անցյալ դարի վերջին քառորդի հայ հասարակական մտքի պատմության մեջ:

«Մշակի» խմբագիրն արվեստի ու գրականության հարցերում որոշակիորեն ելնում էր օգտապաշտության սկզբունքից: Այս չափանիշով էր նա լուծում գրականության հասարակական դերի, գրականության ու կյանքի փոխհարաբերության խնդիրները»,-նույն հոդվածում գրում է Լաուրա Մուրադյանը: Նաեւ «Մուրճ» ամսագրի քննադատությունն է կարեւոր շեշտադրումներ պարունակում:

Չեմ կարող չառանձնացնել «Սասունցի Դավիթ» էպոսի թատերգական եւ բեմական կերպավորումները» հոդվածը, որի կարեւորությունը զգում ես ընթերցելու ժամանակ եւ այն ավարտելուց հետո: Ինձ նաեւ տպավորեց «Սուրբ Վարդանը եւ Վարդանանց հերոսամարտը հայ նոր քնարերգության մեջ» հոդվածը, որն ունի բացառիկ ու իմաստալից ասելիք, որտեղ գրականագետը փնտրում, գտնում եւ մատուցում է այն ամենը, ինչը առանցքային է գրականության այդ շրջանի համար:

Ընթերցողների հետաքրքրությունը կբազմապատկի նաեւ «Վիկտորիա Ռոու. հայ կին գրողների պատմությունը» ուսումնասիրությունը, «Հայկական կինոմտքի դիմապատկերը մեկ գրքում» հոդվածը, Տիրան Չրաքյանի կյանքի եւ գործի մասին, ինչպես նաեւ Հովհ. Թումանյանի կյանքի ու գործունեության մասին ուսումնասիրությունները: Մեծարժեք ուսումնասիրություն է նաեւ «Հայ գրականությունը եւ համաշխարհային գրականության զուգահեռները»: Այսքանով չի ավարտվում Լաուրա Մուրադյանի հատընտիրը: Այն սպասում է ընթերցողներին՝ տող առ տող բացահայտելու գրականագիտության բազմատարր աշխարհը, գրականագետի դիտարկումներն ու դրանց ներգործությունը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախի գրողների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930