Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է աշխատի Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների հետ»

Սեպտեմբեր 20,2021 15:00

Սկիզբը՝ այստեղ:

Արտաքին քաղաքականության երկարաժամկետ զարգացում

Ղարաբաղի վերաբերյալ

Չնայած պատերազմից ի վեր Ղարաբաղի եւ Հայաստանի հետագծերը կարող են տարամիտվել, երկու հայկական հանրապետությունների եւ նրանց ապագա արտաքին քաղաքականությունների միջեւ տարբերությունները պետք է ծառայեն նույն նպատակին.

  • Հայ բնակչությանը հնարավորություն տալ՝ մնալու կամ վերադառնալու Ղարաբաղում գտնվող իր նախնիների հողերը:
  • Անհատների եւ համայնքների գոյապահպանական կարիքների բավարարում, ընդ որում՝ անվտանգությունը առաջնային նշանակություն ունի:

Ղարաբաղի ղեկավարությունն ու, ամենայն հավանականությամբ, ժողովուրդը կարծես իրենց ապագան կապել են ռուս խաղաղապահների ներկայության եւ Ռուսաստանի հետ: Այդ ուղու ապագան այս պահին մնում է անհայտ՝ մի շարք գործոնների պատճառով: Հեղինակները չեն տեսնում անկախության հավանականություն՝ այս պատերազմից հետո, ինչպես դա եղել է նաեւ պատերազմից առաջ:

Մինչդեռ, այդ պատճառով, դիվանագիտության նպատակը կարող էր լինել հետեւյալը.

  • Առավելագույնի հասցնել Հայաստանի ներդրումը Ղարաբաղի ապագայի որոշման գործում:
  •  Հնարավորինս շատ իրավունքներ ապահովել Ղարաբաղի բնակչության համար՝ տարածքային սահմանման եւ հայկական գոյության ճանաչման շրջանակներում: Դա պետք է ներառի Ղարաբաղի՝ իր ապագայի վերջնական որոշմանը մասնակցելու իրավունքը, այլ ոչ թե ձեւակերպել մի հարմար լուծում՝ որպես վերջնական եւ ոչ բանակցելի նպատակ:
  • Առավելագույնի հասցնել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը՝ նաեւ նվազագույնի հասցնելով նրա հավաքական բարեկեցության սպառնալիքները ուղղակի քննարկումների եւ դիվանագիտության միջոցով:
  •  Հետեւաբար, Հայաստանի նոր կառավարությունը պետք է անցնի երկկողմանի մոտեցման.
    (ա) բացի Մոսկվայից, հաղորդակցվելու ուղիղ ճանապարհներ ստեղծի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, թեթեւացնի տարածաշրջանում տնտեսական կապերի ստեղծման հարցը եւ զբաղվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերով,
    (բ) այդ քաղաքականությունը վարի միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով:

Այնուամենայնիվ, հակամարտության երկարաժամկետ կարգավորման բանալին կարող է կախված լինել այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ Հայաստանի արդյունավետ արտաքին քաղաքականության ձեւակերպումը եւ իրականացումը. եվրոպական եւ եվրասիական անվտանգության նոր ճարտարապետությունը, եւ Ռուսաստանի ու Թուրքիայի մրցակցային/փոխլրացնող շահերը տարածաշրջանային այլ հակամարտություններում: Դա կպահանջի զգույշ հավասարակշռման գործողություն, հնարավոր է՝ այդ նպատակների շուրջ Ռուսաստանի եւ այլ միջնորդների համաձայնություն, եւ տեղի բնակչության կողմից դրանց ընդունում:

Հայաստանի վերաբերյալ
Անհրաժեշտ է, որ Հայաստանը հաստատի եւ օգտագործի ուղղակի ճանապարհներ երկկողմ քննարկումների համար՝ բոլոր շահագրգիռ պետությունների հետ. մասնավորապես Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի եւ ՀԱՊԿ պետությունների՝ առանձին-առանձին վերցրած:

  • Հայաստանը պետք է աշխատի Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների հետ, որպեսզի նվաստացման եւ ենթակայեցման հռետորաբանությունից անցնեն հարգալից համակեցության: Գործնականում նրանք պետք է շեշտադրեն առաջադրված խնդիրները, ոչ թե կառուցակարգված (institutionalized) հայաֆոբիան:
  • Նոր կառավարությունը պետք է իր քաղաքացիներին հասկանալի դարձնի, որ հաղորդակցության ուղիների եւ ճանապարհների բացումը գործիք է՝ երկարաժամկետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու եւ տարածաշրջանային համագործակցության ուղի ձեւավորելու համար, նույնիսկ եթե սկզբում համագործակցությունը փոքրածավալ է լինելու: Այս առումով, գործուն դիվանագիտությունը կարող է նույնքան արդյունավետ լինել փաստացի սպառնալիքներին դիմակայելու համար, որքան Հայաստանի պաշտպանական դաշտի բարելավումը: Հայաստանը, սակայն, հնարավորություն ունի պատերազմը հետագայում դարձնելու ավելի թանկ տարբերակ՝ տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերի համար, ինչպես նաեւ նվազեցնելու իր անվտանգության եւ տարածքային ամբողջականության՝ իրական ու ենթադրյալ սպառնալիքները: (Գ եւ Ե Հավելվածները պարունակում են առաջարկություններ երկու ոլորտների վերաբերյալ):

    Եզրակացություններ

Նոյեմբերի 10-ի հայտարարության ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի այդ հայտարարության մյուս երկու ստորագրողների հետ՝ բանակցությունների միջոցով, ներառյալ՝ Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Դրանց մեջ պետք է ներգրավվեն երեց եւ փորձառու պետական գործիչներ: Առաջիկա ամիսներին Հայաստանը պետք է վճռական որոշումներ կայացնի այն հարցի վերաբերյալ, թե ինչպիսի ապագա է ցանկանում կառուցել եւ ինչի հիման վրա. ընդգրկելով երիտասարդ ուղեղների՝ հեռատեսությամբ եւ երեւակայությամբ պատկերացնելու համար ապագայի Հայաստանը, վերականգնելու համար տնտեսությունը, սոցիալական համախմբվածությունը, պետական հաստատությունները, կրթական ու առողջապահական համակարգերը, ներառյալ ժամանակակից պաշտպանական համակարգը: Իր նոր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը սահմանելիս՝ Հայաստանը պետք է նաեւ հասկանա, որ բախվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխված պայմաններին:

Հայաստանը 2020 թ. ղարաբաղյան պատերազմում
Ռազմական գործոններ, որոնք նպաստել են պարտությանը

Պատահակցային ռազմական գործոններ

Հայաստանի դեմ ռազմական կոալիցիայի հետեւանքները
Մասնակիցների կողմից Հայաստանի դեմ ռազմական կոալիցիայի` որպես գործոնի վերաբերյալ գնահատականներն ընդգրկում են ամենանվազ նշանակալիից մինչեւ ամենանշանակալի գործոնների ամբողջ ներկապնակը.

Ըստ նրանց՝

  • Ադրբեջանն ավելի լավ էր նախապատրաստված եւ ավելի լավ սպառազինված, ուներ պատերազմի լավ ծրագիր, իսկ հայկական կողմը աչք էր փակում ադրբեջանցիների մարտական ոգու եւ վճռականության վրա։
  • Այն փաստը, որ մյուս կողմը կոալիցիա էր կազմել հայկական ուժերի դեմ, բազմապատիկ ազդեցություն ունեցավ: Մյուս կողմը ժողովրդագրական եւ ռազմական (տեխնիկայի, սպառազինության եւ հետախուզության) առումներով դարձել էր ավելի ուժեղ։
  • Եվ, ոմանց կարծիքով, կռվում էր ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, կամ, որ է՛լ ավելի վատ է՝ մարտերը մղում էին անօդաչու սարքերը։
    Մասնակիցների կարծիքով՝ Հայաստանը սխալ էր հաշվարկել, թե պատերազմում մինչեւ որ աստիճան էր միայնակ կռվելու, քանի որ չէր կարողացել իր դաշնակից Ռուսաստանին համոզել՝ կռվելու իր կողմից: Աշխարհագրությունը եւս նպաստեց Հայաստան դրսից մատակարարում հասցնելու, ինչպես նաեւ Հայաստանից Ղարաբաղ ապրանքներ տեղափոխելու՝ նյութատեխնիկական խնդիրների առաջացմանը: Հայաստանի ղեկավարությունը մեղադրվում է Ղարաբաղում, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում ռազմական գործողությունները սահմանափակելու մարտավարական սխալի մեջ՝ դրանով, փաստորեն, նախաձեռնությունը հանձնելով Ադրբեջանին եւ Թուրքիային: Իսկ Հայաստանն իրականում ընտրություն ունեցել է, թե ոչ, մի հարց է, որը պետք է պարզի ապագա հետաքննությունը:

Խնդիրներ Հայաստանի/ Ղարաբաղի ներսում
Այս գործոնի վերաբերյալ դիրքորոշումները տատանվում են։

Դրանք սկսվում են հետեւյալով.

  • Մենք պատերազմում պարտվեցինք ներքին՝ «դավաճանական» տարաձայնությունների պատճառով. Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, Ղարաբաղի պաշտպանական ուժերի հատվածների եւ այլոց միջեւ եւ (կամ) Հայաստանի Զինված ուժերի (ԶՈւ) ներսում միմյանց հակառակորդ հատվածների միջեւ:Ու հասնում են մինչեւ.
  •  Հայաստանն անարդյունավետ օգտագործեց իր ռեսուրսները (իմա՝ սպառազինությունն ու մարդկային ռեսուրսները). չկարողացավ ավարտին հասցնել զորահավաքային գործընթացը (Տե՛ս կամավորական խմբեր կազմելու մասին վարչապետի 2020 թ. հոկտեմբերի 21-ի կոչը), եւ Հայաստանն, ընդհանուր առմամբ, անփույթ էր (օրինակ, պաշտպանական տարածքների թերի ամրացումը): Փորձագետների այս խմբում շատերը ժամանակի կառավարությանը մեղադրում են անձեռնհասության, կազմակերպչական հմտությունների բացակայության կամ հնարավոր պատերազմական սցենարները չկանխատեսելու մեջ: Չնայած մեղադրանքներից մի քանիսը մատնանշում են կառուցվածքային խնդիրներ:

Ռազմական կառուցվածքային գործոններ

Քառօրյա (2016 թ. ապրիլյան) պատերազմը շրջադարձային կետ էր: Ռազմական այդ կարճատեւ բախմանը նախորդել էին կառուցվածքային որոշ խնդիրներ: Պատերազմի չորս օրերը բացահայտեցին այլ խնդիրներ եւս, սակայն դրանք ամբողջությամբ չեն սրբագրվել, իսկ որոշ դեպքերում բոլորովին չեն սրբագրվել:

2020թ. պատերազմի այս մատուցման մեջ փորձագետների մատնանշած թերությունները թվարկվում են նվազող ժամանակագրական կարգով՝ նորերից անցնելով ավելի հներին:

Ա. Նախկին կառավարությունը Հայաստանի ԶՈւ-ում ժառանգել էր պայմաններ, որոնք այնքան սարսափելի էին, որ տարիներ էին պահանջվելու, որպեսզի դրանք լուծվեին, եւ վերացվեր դրանց ու Ադրբեջանի բանակի միջեւ առկա հսկայական տարբերությունը: Ոմանց պնդմամբ՝ նախորդ կառավարությունը զգալի ջանքեր գործադրեց, որպեսզի շտկեր իրավիճակը երկու տարվա եւ չորս ամսվա ընթացքում, որ անցել էին իշխանությունն ստանձնելու եւ պատերազմը բռնկվելու միջեւ (2018 թ. մայիսից մինչեւ 2020 թ. սեպտեմբեր):

Բ. Կային հայեցակարգային թերություններ: Քառօրյա պատերազմից հետո «Ազգ-բանակ» հայեցակարգը (2017 թ.), իսկ նախորդ կառավարության օրոք՝ պաշտպանության նախարարի «տեսլականը» (2018 թ. եւ 2020 թ.) դիտարկվեցին որպես այդ թերությունները շտկելու փորձեր:

Գ. ՀՀ իրարահաջորդ կառավարություններին չհաջողվեց ազնվորեն հաղորդակցվել հասարակության հետ՝ ԶՈւ ներսում տիրող իրական վիճակի եւ խնդիրների շուրջ. առնվազն 2016 թ.-ից սկսած (նույնիսկ 2008 թ.-ից, երբ մեկնարկեցին Պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները):

Դ. Գործոն էր վատ հետախուզությունը՝ հատկապես քառօրյա եւ 2020 թ. պատերազմները կանխատեսելու անկարողության մեջ:

Ե. Լուրջ խնդիրներ կային զորահավաքի հարցում՝ առհասարակ, եւ պահեստային ուժերի հարցում՝ մասնավորապես: Դրանց մեջ էին մտնում զինկոմիսարիատների անարդյունավետությունը, միջոցների թերի գույքագրումը, թյուր գնահատումները եւ սխալ նշանակումները: Այս ձախողումները կարող են լինել տարիներ տեւած կոռուպցիայի, ամբարտավանության եւ բանակային ծառայության պարտադրման հարցում թույլատու վերաբերմունքի հետեւանք:

Զ. Հրամանատարական շղթան ոչ գործուն էր՝ համարվելով կա՛մ որպես 2015 թ. Սահմանադրության արգասիք, կա՛մ դրա իրագործմամբ պայմանավորված էլ ավելի ծանր իրավիճակ:

Է. Ռազմական բարձրագույն ղեկավարությունը մտային լուրջ ծուլություն ցուցաբերեց՝ զլանալով ուսումնասիրել եւ պատերազմական ասիմետրիկ հակաքայլեր սովորել սիրիական, իրաքյան, ուկրաինական կամ լիբիական հակամարտություններից, եթե նշենք միայն վերջերս տեղի ունեցածները:

Ը. Միջին աստիճանի եւ ցածրաստիճան սպաների կրթությունն անբավարար էր, եւ նրանց հոգեբանական պատրաստվածությունը՝ ոչ պատշաճ: Բարձրաստիճան սպաների մեջ բացակայում էր պրոֆեսիոնալիզմը եւ մարտական գործողությունների համար պատրաստվածությունը։

Թ. Պահեստազորի ռազմական պատրաստվածության մակարդակը ցածր էր:

Ժ. Վերջին քսան տարիների ընթացքում ռազմական շինարարությունն ընթացել է սխալ ուղղությամբ: Չկարողանալով հարմարվել պատերազմական գործի փոփոխվող իրողություններին՝ ջանքերը պետք է կենտրոնացվեին հատուկ/մոբիլ ուժերի վրա՝ ներառելով հատուկ գործողության ուժերի մի հզոր բաղադրիչ: Ավելին. ցամաքային հակաօդային պաշտպանության հետ կապված մշտական մոլուցքը՝ օդային զինատեսակների անտեսման գնով, թշնամու օդային գերակայությանը դիմադրելու հնարավորությունները դարձրեց լրիվ անհույս ջանք:

Ի. Կոռուպցիան լայնորեն իշխում էր ԶՈւ տարբեր ոլորտներում եւ զուգորդվում էր բանակի՝ որպես կիսափակ եւ «սրբազան» ինստիտուտի հարցում հաշվետվողականության պակասով՝ լրջորեն խոչընդոտելով բարեփոխումների հնարավորություններն ու չափերը:

Լ. Պաշտպանության ազգային քաղաքականությունը զորեղ չէր (ՀՆԱ-ի միայն 4%-ը): Խնդիրներ կան նաեւ ռազմական բյուջեի ծախսման ձեւի հարցում:

Խ. Ղարաբաղյան առաջին պատերազմում հայկական կողմի 1994 թ. հաղթանակը հետզհետե հանգեցրեց անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոշտ ռազմատենչ պատկերացման: 1998 թ.-ից ի վեր, հայկական կողմի ռազմավարական մտածողության մեջ իշխել է այդ պատկերացումը:

Այս հարցերը կարեւոր են եւ պետք է հանգամանորեն ուսումնասիրվեն Ղարաբաղյան պատերազմի ապագա հետաքննության ընթացքում:

(շարունակելի)

ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹ
2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
Ռոբերտ Այդաբիրյան (Փարիզ)
Ժիրայր Լիպարիտյան (Բոստոն)
Թալին Փափազյան (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
19.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930