Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը գաղտնալսում է օտարերկրյա դեսպանատների աշխատակիցների և դեսպանների խոսակցությունները. jam-news.net

Սեպտեմբեր 20,2021 10:16

Jam-news.net. Վրաստանի պետանվտանգության ծառայությունը գաղտնալսում է օտարերկրյա դեսպանատների աշխատակիցների և դեսպանների խոսակցությունները։ Այսպիսի եզրակացություն են անում վրացի լրագրողները գաղտնալսման մասին ենթադրյալ հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում, որոնք մեդիային հասանելի են դարձել մի քանի օր առաջ։

Որոշ փաստաթղթերի համաձայն՝ խոսքը գնում է ԵՄ դեսպան Կարլ Հարցելի և Իսրայելի դեսպան Ռան Գիդորի, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մասին։

Այդ փաստաթղթերից մեկն ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների խոսակցությունների վերծանումն է պատրիարքարանի ներկայացուցիչների և հոգևորականների հետ, ինչպես նաև նրանց նամակագրությունն էլեկտրոնային փոստով կամ սոցցանցերում։

Ըստ ամենայնի, այդ խոսակցությունները հայտնվել են պետանվտանգության ծառայության այն փաստաթղթերի մեջ, որոնք վերաբերում են եկեղեցուն։

Այդ ֆայլերում հիմնականում ավագերեց Գիորգի Զվիադաձեի հեռախոսազրույցներն են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ։ Նաև արձանագրվել են դեսպանատան ներկայացուցիչների հետ պատրիարքարանի աշխատակիցներից մեկի խոսակցությունները, ինչպես նաև ամերիկյան դեսպանատան աշխատակիցների միջև խոսակցությունների վերծանումը։

Նյութերը պարունակում են նաև դեսպանատան երկու բարձրաստիճան աշխատակիցների խոսակցությունների ձայնագրություններ, որոնք պատրաստվում էին Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ տեսաշնորհավորանք նկարահանել․ նրանք քննարկում են, թե արդյոք կարելի է այդ հոլովակում նկարահանել պատրիարքարանից որևէ մեկին։

Փաստաթղթերում նշվում են նաև ԵՄ դեսպան Կարլ Հարցելի և նրա աշխատակցների զրույցները։ Ըստ նյութերի՝ անցյալ տարվա մարտին Հարցելն ու նրա աշխատակիցները քննարկել են համավարակի շրջանում պատրիարքարանի դիրքորոշումը ծեսերի և արարողությունների նկատմամբ։

ԵՄ դեսպանի օգնականը, որը մասնակցել է այդ խոսակցությանը, «Ֆորմուլա» հեռուստաալիքին ասել է, որ «մտահոգված է» այդ նորությամբ և «դեսպանին կիրազեկի այդ մասին»։

Փաստաթղթերում վերծանված են նաև Իսրայելի դեսպան Ռան Գիդորի խոսակցությունները պատրիարքարանի ներկայացուցիչների, մասնավորապես՝ ավագերեց Գիորգի Զվիադաձեի հետ։ Ձայնագրությունը վերաբերում է միտրոպոլիտ Իոան Գամրեկելիի և մյուս հոգևորականների հակասեմական արտահայտություններին։ Ֆայլերում կան նաև դեսպանատան շարքային աշխատակիցների խոսակցությունների ձայնագրություններ։

Նյութերում առկա է նաև ԱՄՆ դեսպանատան աշխատակցի զրույցն ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Խաթիա Դեկանոյիձեի հետ այն մասին, որ դեսպան Քելլի Դեգնանն ուզում է նրա հետ հանդիպել։

Ֆայլերում վերծանված է նաև Գիորգի Զվիադաձեի նամակագրությունն Էստոնիայի դեսպանի օգնականի հետ 2020 թ-ի հոկտեմբերին։

Սեպտեմբերի 13-ին Վրաստանի լրատվամիջոցները հայտարարել են գաղտնի փաստաթղթերի ստացման մասին, որոնցից հայտնի է դարձել, որ պետանվտանգության ծառայությունը գաղտնալսում և հետևում է Սինոդի անդամներին, պատրիարքին, հոգևորականներին, միանձնուհիներին, ինչպես նաև նրանց ակտիվ համախոհներին։

Ինչպես պարզվել է, հատուկ ծառայությունները վերահսկում են հոգևորականների տեղաշարժը, նրանց բանկային փոխանցումներն ու անձնական կյանքը։ Հազարավոր ֆայլերը նաև տեղեկություններ են պարունակում մարդկանց մասին, որոնց միջոցով պետք է հավաքագրվեր այս կամ այն հոգևորականը։ Փաստաթղթերում տվյալներ կան հոգևորականների մասին, որոնք թմրանյութեր են օգտագործում կամ շփումներ ունեն հանցագործների հետ։

Ֆայլերում նշվում է նաև, որ օպերատիվ աշխատանքի ընթացքում հայտնաբերվել է ոչ ավանդական սեռական կողմնորոշման 36 հոգևորական, կանանց հետ սեռական հարաբերություններ ունեցած 23 հոգևորական (այդ թվում՝ միանձնուհիներ) և թմրանյութեր օգտագործող 21 հոգևորական։

Նյութերի իսկությունն այս փուլում հաստատված չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930