Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն։ Այս տեղեկատվությանը անդրադարձել են մի շարք փորձագետներ։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը
Շարունակվում է ՀՀ կապիտուլիանտ վարչապետ Ն. Փաշինյանի և Էրդողանի հեռակա երկխոսությունը՝ բացահայտելով նոր մանրամասներ առկա գաղտնի բանակցություններից։
Կարդացեք նաև
Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների ու Սյունիքի «Թյուրքական միջանցքի» թեմաներին և հեռակա դիմելով Փաշինյանին, բառացիորեն ասել է հետևյալը.
«Այդ միջանցքի բացվել-չբացվելու հարցը բացառապես քաղաքական է։ Եթե Թայիփ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը։ Մենք դեմ չենք հանդիպելուն։ Հանդիպման պատրաստվելիս պետք է դրական մոտեցում ցուցաբերելու քայլեր անել։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ և դիվանագիտություն կսկսենք։ Աստվածն առաջ՝ նա այստեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցում կցուցաբերի։ Աստվածն առաջ, Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը միջանցքների բացմամբ կհաղթահարվի»։
Այս կարճ ելույթը բացահայտում է մի քանի փաստեր.
- Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ։
- Հայաստանի առջև Թուրքիայի կողմից դրված նախապայմաններից գլխավորը Սյունիքով «Թյուրքական միջանցքի» տրամադրումն է, առանց որի Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ որևէ հարաբերություն հաստատել։ Միջանցքի խնդիրը Թուրքիայի համար քաղաքական, այսինքն աշխարհաքաղաքական հարց է, որին պետք է հասնել ամեն գնով։ Միջանցքի շնորհիվ Թուրքիան վերածվելու է եվրասիական գերտերության։
- Էրդողանի խոսքից կարելի է ենթադրել, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը «դրական» ազդակներ է ուղարկել թուրքական նախապայմանների կատարման հարցում։
Իմիջիայլոց, թուրքական կողմը հերթական անգամ ստորացնում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը՝ հանրայնացնելով և անհարգի ոճով դիմելով Փաշինյանին։
Ցավում եմ, բայց կատարվում է իմ հերթական կանխատեսումը. Հայաստանի թուրքացումը շարունակվում է արագ տեպմերով։ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ ղեկավարը մեզ զրկում է պետականության վերջին պատվարից՝ անկախ Սյունիքից։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա բացահայտումների, իրեն ուղղված հանդիպման առաջարկի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է հանդես գա հաստատող կամ հերքող պարզաբանմամբ, եթե իհարկե տեղյակ է այդ ամենից…
Ինձ Էրդողանի ելույթում նաև մի այլ դրվագ հետաքրքրեց, որի մասին ուզում եմ հռետորական հարց տալ. միջազգային, դիվանագիտական արարողակարգում, քաղաքական վերաբերմունքի կամ ընկալման, մեսիջների տեսանկյունից ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այն փաստը, որ մի երկրի ղեկավար` Էրդողանը, խոսում է մեկ այլ երկրի ղեկավարի մասին և իր ելույթի ողջ ընթացքում մեկ անգամ նույնիսկ չի տալիս այդ անձի անունը կամ ազգանունը, չի նշում զբաղեցրած պաշտոնը…
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի՞նչ է անում Էրդողանն իրականում։ Խաղում է շատ ուժեղ, փորձելով հասնել չափազանց կարևոր մի գերնպատակի՝ Հայաստանը պոկել Ռուսաստանից և Իրանից, թողնելով Թուրքիայի հետ մեն-մենակ, երբ դրանով իսկ ակնհայտորեն վճռված կլինի, թե ով է հաղթելու «մենամարտում»։
Հենց սրան է ուղղված փաստացի տեղեկատվական այն արտահոսքը, որ միտումնավոր արել է Թուրքիայի նախագահը՝ փաստորեն փորձելով փչացնել մի կողմից հայ-ռուսական, իսկ մյուսից՝ հայ-իրանական հարաբերությունները։
Սակայն Էրդողանը զուտ հանրայնացրել է ներքին տեղեկատվությունը, մինչդեռ գործընթացը նախաձեռնել է Հայաստանի իշխանությունը, որին իր նեղմտության շրջանակներում թվում է, թե «գավառական» խորամանկությամբ ու ինտրիգներով կարելի է աշխատել և հաջողության հասնել միջազգային ասպարեզում։