Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը խառնելու պատճառով շեղվելու հավանականությունը գրեթե բացառելի է․ պատգամավորների արձագանքը ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու վերաբերյալ

Սեպտեմբեր 19,2021 22:54

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Այս ցավալի իրադարձությանն անդրադարձել են քաղաքական մի շարք գործիչներ, որոնց տեսակետները ներկայացնում ենք ստորև․

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ 2 քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

ՀՀ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Գորիս-Կապան միջպետական ճանապարհով երթևեկած քաղաքացիները լավ գիտեն, որ ճանապարհը խառնելու պատճառով շեղվելու հավանականությունը գրեթե բացառելի է։

Կա՛մ մայրուղուց դիտմամբ պետք է մտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատված, կա՛մ պետք է տեղի ունենա առևանգում։
Ցավալիորեն վերջին օրերին Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներն ավելի շատ հուշում է, որ տեղի է ունեցել առևանգում։
Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները մոլորվել են ու պատահմամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա սրա համար պատասխանատու է ԱԱԾ-ն, որը պատասխանատու է ճանապարհի և սահմանագծի այդ հատվածի անվտանգության ապահովման համար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը

2020թ.-ի դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով Ադրբեջանին հանձնվեցին Սանասարի և Կովսականի շրջանները, այդ թվում Գորիս-Կապան ավտոճանապարհը, Շուռնուխի և Որոտանի որոշ հատվածներ:

Հանձնումը տեղի է ունեցել Ալիևի հետ ձեռք բերված բանավոր փոխըմբռման արդյունքում, իսկ ՀՀ զինված ուժերի տեղակայման համար որպես ելակետ ընդունվել է «սովետական Հայաստանի» սահմանները:
Պետք է արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետի համաձայն կողմերը մնում են իրենց տեղերում, իսկ Սանասարի և Կովսականի շրջաններից հայկական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նախատեսված ՉԻ ԵՂԵԼ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կիրառման երաշխավորը եղել և մնում է Ռուսաստանի Դաշնությունը, հետևաբար «ռազմական էսկալացիայից խուսափելու» մասին Նիկոլ Փաշինյանի պնդումը ՍՈՒՏ Է, ռազմական էսկալացիայի վտանգ ՉԻ եղել և ՉԷՐ կարող լինել:
Դեկտեմբերի 17-ին՝ Հայաստանի կողմից Սանասարի և Կովսականի կամայական հանձնումից մեկ օր անց, իր տարեվերջյան ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքային համարեց նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը և կրկին ընգծեց, որ կողմերը մնում են իրենց ՏԵՂԵՐՈՒՄ:

Այսպիսով կարելի է փաստել, որ Գորիս – Կապան ավտոճանապարհին վերջին օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի, որը կրել է ապօրինի և հակապետական բնույթ, հակասել է ՀՀ Սահմանադրությանն ու «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին, իսկ արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քր. օր.-ի 309 հոդվածի երրորդ մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), 300.2 հոդվածի (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) և 299 հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներ:

Այս հարցը պետք է դառնա հրատապ քննության առարկա, ստանա համարժեք գնահատական, իսկ բոլոր մեղավոր անձիք պետք է ենթարկվեն ամենախիստ քրեական պատասխանատվության:

Հ.Գ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, որին այդքան շատ հղում են անում Հայաստանի իշխանությունները, ընդունվել է 1995թ-ին և ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀՀ պետական սահմանի հետ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ՀՀ ազգային անվտանգությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Ես, ով բազմիցս անցել եմ տվյալ ճանապարհով, վստահեցնում եմ, որ նշյալ ճանապարհահատվածից շեղվելու հավանականություն չկա, առավել ևս, որ ամենուրեք տեղադրված են ադրբեջանական դրոշներ, ինչպես նաև ադրբեջանական տեղանուններով վահանակներ: Փաստացի մեր հայրենակիցները առևանգվել են ադրբեջանցիների կողմից:

Մի քանի օր առաջ` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, իմ հարցին`արդյո՞ք հնարավոր է, որ մեր հայրենակիցների համար էլ խոչընդոտներ ստեղծվեն Գորիս-Կապան ճանապարհին, կառավարության ղեկավարն այդպես էլ չպատասխանեց: Ադրբեջանցիներն իրենց սադրիչ գործողություններով այս հարցի պատասխանն էլ տվեցին:

Փաստորեն պողպատյա մանդատակիրների և բանավոր փոխըմբռնմամբ Գորիս-Կապան ճանապարհը հանձնողների համար խաղաղության դարաշրջանն արդեն եկել է. երբ հայը իր երկրի միջպետական ճանապարհով անցնելիս առևանգվում է, երբ արցախցի պատանիներին տեղափոխող ավտոբուսը կանգնեցվում է, և նրանք ստիված լսում են ադրբեջանցիների հոխորտանքն առ այն, որ Արցախն Ադրբեջան է, երբ մեքենաների վրայից ջնջվում են Արցախի Հանրապետության և ՀՀ-ի դրոշները, խոչընդոտվում են իրանցիների ազատ տեղաշարժը, շրջափակման մեջ են մնում մեր գյուղերը…

Մինչ իշխանությունը պատրաստվում է գունագեղ տոնախմբության, նույն իրականության մեջ անէանում են ՀՀ սահմանները, առևանգվում և ահաբեկվում են մեր հայրենակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930