Մեր տեղեկություններով, ՌԴ ԱԴԾ սահմանապահները՝ Հայաստանի ուժային կառույցների մասնակցությամբ շարունակում են բանակցությունները սեպտեմբերի 18-ին, Գորիս-Որոտան ճանապարհահատվածում անհետացած Հայաստանի քաղաքացիների վերադարձման ուղղությամբ։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության, Կոտայքի մարզի Քասախ գյուղի երկու բնակիչներ շեղվել են մայրուղուց եւ հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ըստ Aravot.am-ի, երկու երիտասարդներն էլ 21 տարեկան են, եղել են «Մերսեդես» ավտոմեքենայով։ Եղան ոչ պաշտոնական տեղեկություններ, որ ըստ Գորիսի համայնքապետի տեղակալ Կարեն Քոչարյանի՝ 4 հոգի են եղել։ « Ո՛չ, ես այդպիսի բան չեմ ասել, չգիտեմ ինչու շրջանառվեց իմ անունը։ Իմ տեղեկություններով էլ երկու հոգի են եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը։
Ի դեպ, Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է ՀՀ ԱԱԾ-ի հետ:
Կարդացեք նաև
«ԱԱԾ-ն մեզ հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո: Կշարունակենք համագործակցել ԱԱԾ մեր գործընկների հետ՝ մեր իրավասության շրջանակում: Կարող եմ հավաստել, որ այս պահին ԱԱԾ-ն ակտիվ միջոցներ է ձեռնարկում այս պահին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար: Ինքս խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ:
Խոսել եմ նաեւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Տեղեկացրել եմ խնդրի մասին, փոխանցել մեր ձեռք բերած տվյալները եւ խնդրել հարցը պահել անմիջական ուշադրության ներքո:
Եվս մեկ անգամ շեշտում եմ. մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչեւ դա չանենք, այսպիսի դեպքերը չեն վերանալու: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով»,-գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ