«Մենք՝ եզդիներս, մեր պատմության ընթացքում 72 ցեղասպանություն ենք ապրել։ Որեւէ մեկը չէր լսում եզդի ժողովրդի ձայնը, քանի դեռ 2014թ․-ին եզդիների վրա գրոհեց «Իսլամական պետությունը» եւ ցեղասպանություն գործեց»,-Մատենադարանում այսօր տեղի ունեցած «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարեց ամենամյա «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինային։
Նա նշեց․ «Ես մեկն էի նրանցից, ովքեր օգնում էին տուժած եզդի կանանց ու երեխաներին։ Մինչեւ այդ էլ մարդասիրական օգնության փորձ ունեի եւ ավելի քան քսան տարի աշխատում էի որպես իրավապաշտպան։ Վստահաբար, «Ավրորա» մրցանակը ստանալու շնորհիվ մենք ստեղծեցինք հատուկ կենտրոն, որը ծառայում է կայուն խաղաղության եւ հաշտեցման ճանապարհը գտնելուն։ Մեր ուղերձն է, որ անգամ որպես տուժողներ ու զոհեր՝ դեռեւս կարող ենք կառուցել, ստեղծել։ «Ավրորա» մրցանակը կարեւոր է, որովհետեւ այն չի սահմանափակվում ՀՀ սահմաններով։ Դրա հիմնադիր հայերը թոռներն են հայոց ցեղասպանության վերապրողների եւ հիմա ՝ հարյուր տարի անց, նրանք մարդասիրության ուղերձ են տարածում ողջ աշխարհում։ Սա է այն ուղերձը, որին պետք է բոլորն իրենց նպաստը բերեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ