«Պետք է հրաժարվել պատրանքներից, խոսել իրականության մասին, ոչ թե այն մասին, ինչը երազում ես»,-Մատենադարանում այսօր տեղի ունեցած «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարեց «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող, հանրահայտ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ պետք է անել, որ պատերազմից հետո եկող սերունդն իրեն դավաճանված չզգա։
Նրա բնորոշմամբ․ «Եզակի պահ ենք ապրում, մարդկանց ներգրավելու անհրաժեշտություն կա։ Երեք տարի առաջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մեծ զգացական, հուզական ալիք բարձրացավ։ Մարդիկ հուսով էին, որ մեծ փոփոխություններ կլինեն, իսկ հիմա խորը ճգնաժամի մեջ ենք։ Լուրջ որոշումներ ընդունելու ժամանակն է։ Եթե չօգտվենք այս պահից իրական փոփոխությունների հասնելու համար, մեր վերջը եկել է։ Այդ պատճառով ենք հիմնել «Ապագա հայկականը»։ Անտարբերությունը, ապագայով հետաքրքրված չլինելը կկործանեն հայ ժողովրդին»։
Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ պատերազմը, համավարակը, ճգնաժամն այժմ անկյուն են մղել հասարակությանը եւ որոշման առաջ կանգնեցնել՝ կամ դրա մեջ ես, կամ դրանից դուրս․ «Այո, մոտ 60%-ը ժողովրդի անտարբեր է։ Վերջերս մի ուսումնասիրություն արեցինք, ըստ որի՝ 70%-ը, պատկերացնո՞ւմ եք, բավարարված է իրավիճակով, իսկ 30%-ը չի հավատում երկրի ապագային»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ