ՀՀ տարածքում, այդ թվում՝ Երեւանում եւ Գյումրիում տեղակայված ընդհանուր վեց ընտրատեղամասերում այսօր ՌԴ քաղաքացիները մասնակցում են ՌԴ պետդումայի ընտրությունների քվեարկությանը։
«Որքանով ինձ է հայտնի, քվեարկությունը նորմալ է ընթանում։ ՌԴ օրենսդրության համաձայն՝ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի ՌԴ քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կամքը։ Ամեն ինչ շատ կազմակերպված է, ընտրական ակտիվությունն, իմ գնահատմամբ, վատը չէ։ Միայն դեսպանատան տարածքում տեղակայված ընտրատեղամասում արդեն 300-ից ավելի քաղաքացի է քվեարկել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հիշեցնենք, որ ՌԴ պետդումայի ընտրությունները սկսվել են սեպտեմբերի 17-ից։ Համավարակի պատճառով քվեարկությունը կտեւի մինչեւ սեպտեմբերի 19-ը։ Ի դեպ, օրերս ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Պետադումայի ընտրությունների դիտարկման հայկական պատվիրակությունը ձեւավորել է առանց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ