Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Երեւան-Մեղրի միջպետական Մ2 ճանապարհի Որոտանի հատվածում երեկ՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան մարդատար ավտոմեքենա է անհետացել։ Նույն աղբյուրի համաձայն, ավտոմեքենայում երկու հոգի են եղել՝ վարորդն ու ուղեւորը։ Նրանք Երեւանից էին։
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ միջադեպից։ «Ձեր նման լսել եմ, ճշտումներ եմ կատարում։ Եթե 100 տոկոսանոց ստույգ չի, չեմ կարող ոչինչ ասել»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց նա։
Փորձեցինք նաեւ միջադեպի մասին տեղեկություններ իմանալ Կապան-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդներից։ «Առավոտը մեր մեքենաներից մեկը անցավ, մի ժամ առաջ էլ ես անցա այդ վտանգավոր հատվածով։ Արտառոց ոչինչ չկար։ Ճանապարհը գործում է, փակ չի։ Չգիտեմ, տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, չեմ կարծում, որ լուրջ դեպք եղած լինի ու կապ ունենա էս վիճակի հետ»,–ասաց մեր զրուցակիցը՝ խնդրելով չհրապարակել անունը։
Aravot.am-ը պատրաստ է ներկայացնելու նաեւ պատկան մարմինների պարզաբանումը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ