Լոռու մարզի Լեռնապատ համայնքում ստեղծված անօդաչու թռչող սարքերի օդանավակայանում այսօր կազմակերպվեցին առաջին թռիչքները: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան կրակի օջախի, տուժածի հայտնաբերում ու գոյատեւման փաթեթի առաքում, հեղուկ նյութի սփռում վարժությունները:
Մասնագետները նշում են, որ այս տեսակ սարքավորումներ ստեղծելը կարեւոր ներդրում է երկրի համար. «Անցած երկու պատերազմները ցույց տվեցին, որ դրանց կիրառումը ոչ միայն ռազմական, բայց նաեւ տնտեսության այլ ոլորտներում նոր թափ է ստանում: Եվ մենք, շարունակելով Կարեն Վարդանյանի սկսած գործը, որոշեցինք Լեռնապատ գյուղում կառուցել ԱԹՍ փորձարկումների համար նախատեսված մասնագիտացված օդակայան եւ դրա հետ միասին որոշեցինք ԱԹՍ-ների մրցույթ իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը:
Կարդացեք նաև
Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ մրցույթի մոտ 30 թիմերը ներկայացնում են մայրաքաղաք Երեւանն ու հանրապետության տարբեր մարզերը:
Լեռնապատ համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանն ասում է, որ ծրագիրը լինելու է շարունակական. «Կառուցվելու են ճամբարներ, շենքեր: Սա երեխաների զարգացման համար հիմք է հանդիսանալու»:
Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 դոլար, որը կբաշխվի հաղթողների միջեւ: ԱԹՍ օդանավակայանն էլ հիմքեր կստեղծի կենսական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացման ու ազգային անվտանգության ամրապնդման համար։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ