Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օրրանը» կրկին մեկտեղեց բարեկամներին՝ հոգուտ բարեգործության

Սեպտեմբեր 18,2021 21:53

Կայացավ «Օրրանի» ամենամյա՝ արդեն 15-րդ բարեգործական ընթրիքը, որի ընթացքում ստացված հասույթն ուղղվում է «Օրրանի» շահառուներին՝  միայնակ ծերերին եւ խոցելի խմբերի երեխաներին:

Բարեգործական ընթրիքին մասնակցեցին «Օրրանի» հին ու նոր բարեկամներն ու գործընկեր կազմակերպությունները: Այս անգամ եւս կազմակերպվեց կենդանի աճուրդ եւ վիճակախաղ, ընդ որում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Վիվա-ՄՏՍ ընկերությունը զգալի ներդրում ունեցավ: Այն «Օրրանի» կողքին է 2006 թվականից:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Օրրանի» հիմնադիրներից Արմինե Հովհաննիսյանը, արդեն 15-րդ տարի է, որ ընթրիքին ներկա են լինում ոչ միայն «Օրրանի» անհատ բարեկամները, այլեւ կորպորատիվ ընկերները: «Մենք փորձում ենք հաշվետվություն ներկայացնել այն մարդկանց, որոնք մեզ օգնել են այս տարիներին, նաեւ միջոցներ ենք հավաքում, որպեսզի կարողանանք մեր օգնությունը շարունակել: Կան կազմակերպություններ, որոնք արդեն 15 տարի միանում են մեզ, ե՛ւ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում, ե՛ւ կամավորություն անում: Նրանք բոլորը «Օրրանի» բարեկամներն են եւ ընտանիքի անդամները: Տիկին Հովհաննիսյանն ի թիվս այլոց՝ նշեց Վիվա-ՄՏՍ ընկերության եւ անձամբ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Կոկա կոլա ընկերության, HSBS-ի, Պեռնո Ռիկարի, Արմասի, Նինա Հովնանյանի անունները:

Նա ասաց, որ արդեն «Օրրան» են հաճախում նաեւ արցախցի երեխաներ՝ Հադրութից, Շուշիից: Ընդ որում, «Օրրանի» ընթրիքին վաճառվեց նաեւ «Օրրանի» երեխաների ձեռքով նկարված կտավը, ինչպես Արցախյան կարպետը: Շուշեցի Կարինե Պետրոսյանը ներկայացրեց, թե ինչպես են փրկվել իր զավակները, ինչ հոգեբանական ծանր վիճակում են գտնվել տունը կորցնելուց հետո, եւ ինչպես է իրենց սատար կանգնել «Օրրանը»:

Ռալֆ Յիրիկյանի խոսքով, «Օրրանում» աշխատում է սիրով օժտված մի թիմ, որը չի կարող անտարբեր լինել փողոցում հանդիպող մուրացկանության եւ անտեսված միայնակ ծերերի հանդեպ, այժմ էլ նրանց ավելացել են պատերազմի պատճառով տեղահանվածները:

«Մենք կանգնել ենք «Օրրանի» կողքին, որովհետեւ իրենք ճիշտ գործ են անում եւ մենք հավատում ենք իրենց առաքելությանը»,-հավելեց նա:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաեւ սիրված երգչուհի Սիբիլը: Նա ասաց, որ ճիշտ 5 տարի առաջ առաջին անգամ էր մասնակցում «Օրրանի» բարեգործական  ընթրիքին: «Օրրանի» համահիմնադիր, «Ժառանգության»  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ միշտ տիկնոջ կողքին է, ասաց, որ շնորհակալ է  բոլոր նվիրատուներին, որոնք մշտապես օգտակար են լինում «Օրրանին». «Կարեւորը ոչ միայն դրամական աջակցությունն է, այլեւ ոգին, որն անհրաժեշտ է այս դժվարին ժամանակներում, որը պետք է վերականգնվի, քանի որ մեր ազգը խնդիրներ ունի ոչ միայն տարածքային առումով, այլեւ ոգեղեն»:

Հավելենք, որ  քանդակագործ Սպարտակ Գրիգորյանն իր  քանդակներն էր նվիրել «Օրրանին», երգչուհի Սիբիլը՝ զարդեր «Թագուհի Զաբել» հավաքածուից, աջակցություն էին ցուցաբերել նաեւ «Ռոստելեկոմը», AGBA բանկը, «Գրանթ Թորոնթոնը», «Ինգո Արմենիան», Երեւանի գարեջուր ՓԲԸ-ն, Լեւոն Պարտակչյանը:

Երեկոն վարեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը, Էռնա Էլիզբարյանը եւ Նարեկ Մարգարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930