Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, որն առաջինն էր Անդրկովկասում, տոնում է 100-ամյակը

Սեպտեմբեր 18,2021 20:16

Այսօր «Գյումրու օր» տոնակատարությանը նշվեց նաև քաղաքի պատմական կենտրոնում գործող Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 100-ամյակը։ Հիշեցնենք, որ կոլորիտային այս քաղաքի տոնն այս տարի նշվում էր զուսպ՝ առանց զանգվածային միջոցառումների, համերգների, պարզապես հյուրընկալել էին մի քանի պաշտոնատար անձանց՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, կառավարության մի քանի անդամների։

Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցն Անդրկովկասում առաջին պետական նկարչական դպրոցն է, որը 100 տարիների ընթացքում գործել է անխափան։

Դպրոցի տնօրեն, գեղանկարիչ Ժակլին Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց․«Դպրոցն ունի շատ լուրջ պատմություն, 1921 թվականին այն եղել է ստուդիա, այնուհետ 1936 թվականին դարձել է պետական նկարչական դպրոց, որը միակն է եղել և 1946 թվականին կոչել են քանդակագործ Սերգեյ Դմիտրի Մերկուրովի անունով։ Մերկուրովի անվամբ կոչելը կապված էր նաև նրա՝ քաղաքի պատվավոր քաղաքացի լինելու հետ։ Մերկուրովը կապ է ունեցել դպրոցի հետ, միշտ օգնել է»։

 

Ըստ տնօրենի, շենքը, որտեղ գործում է դպրոցը, տիպային կառույց չէ։ Դպրոցը նախկինում գործել է «Օժիտի շենք»-ում, այնտեղ 250 աշակերտ են ունեցել, իսկ հիմա 80-ից ավելի է։

«Եթե տիպային կառույց լիներ, հաստատ ավել կունենայինք, բայց ամեն ինչ անում ենք՝ հինը պահելով, նոր շունչ հաղորդելով առաջ գնալու համար։ Շենքի նկուղային մասում հիմա վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ցուցասրահի ու քանդակի դասարանի բացումն է լինելու, ավարտից հետո մենք պատշաճ ձևով կնշենք մեր դպրոցի  հարյուրամյակը»,-ասում է Ժակլին Սարգսյանը։

Այս դպրոցում ճանաչված արվեստագետներ են սովորել, այստեղ են կրթվել Մինաս Ավետիսյանը, Ասլամազյան քույրերը, Զավեն Կոշտոյանը․․․

Տնօրենն ասաց, որ դպրոցի մասին հարուստ տեղեկատվություն են հավաքել, այն շուտով կտեղադրվի համացանցում, ինչպես նաև կտպագրվի։

Նշենք, որ բազամյա աշխատանքային գործունեության համար Գյումրի համայնքի ղեկավարի պատվոգրով պարգևատրվեցին նկարչական դպրոցի վեց աշխատակիցներ, ինչպես նաև տնօրեն Ժակլին Սարգսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930