1988 թվականին վերսկսվեց Արցախում ապրող հայերի ինքնորոշման և ֆիզիկական գոյության համար պայքարը: 1991 թվականից այդ պայքարը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի, որը ձգվեց երեք տարի, սառեցվեց ու վերսկսվեց 2020 թվականին:
Այս երեսուն տարիների ընթացքում Արցախի հայության իրավունքները թշնամուց պաշտպանելը ավելի քան 10 հազար մարդու կյանք է արժեցել: Տասնյակ հազարավորներ ունեցել են առողջության ժամանակավոր, տևական կամ ցմահ կորուստ: Անթիվ է այն մարդկանց քանակը, որոնք ունեցել են նյութական, բարոյական, հոգեբանական կորուստներ՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության:
Հետևապես, «Արցախյան հերոսներ» պայմանական անունը կրող այդ անձանց առանձին և կոլեկտիվ սխրանքները հավերժացնելու նպատակով, Հայաստանի անկախության 30-ամյակի, Արցախի անկախության 30-ամյակի և Արցախյան պատերազմների դե ֆակտո 30-ամյակի կապակցությամբ դիմելով համայնքապետերին՝ առաջարկում ենք.
- Բոլոր մարզկենտրոններում մեկական (ոչ երկրորդական) փողոց վերանվանել «Արցախյան հերոսների» անունով,
- Երևանում Ծիծեռնակաբերդի խճուղին վերանվանել Արցախյան հերոսների փողոցի (կամ խճուղու), ինչպես նաև դիտարկել այդ և Մոնթե Մելքոնյանի փողոցների միջև ընկնող (այժմ կառուցվող) թաղամասն Արցախյան հերոսների թաղամաս անվանելու հարցը,
- Երևանի Հյուսիսային պողոտայում կամ որևէ այլ կենտրոնական տեղում տեղադրել Արցախյան հերոսների հավաքական սխրանքը պատկերող հուշակոթող:
Վերոնշյալ փոփոխություններով պայմանավորված՝ քաղաքացիների անշարժ գույքի՝ նոր հասցեներով վերագրանցման դյուրացման համար ՀՀ կառավարությանն առաջարկում ենք համապատասխան իրավական ակտերով ամրագրել այդ վերագրանցումներն անվճար իրականացնելու պարտավորություն:
Դանիել Իոաննիսյան
Վարդինե Գրիգորյան
Լևոն Բարսեղյան
Գայանե Աբրահամյան
Էդմոն Մարուքյան
Գոհար Հայրապետյան
Վահե Ղուկասյան
Սերգեյ Ղահրամանյան
Աշխեն Մուշեղյան
Հովսեփ Ղազարյան
Նորայր Նորիկյան
Արսեն Խառատյան