Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշքշուկ, հրմշտոց ու լարված իրավիճակ. Ոստիկանները բերման ենթարկեցին գունագեղ տոնակատարության դեմ ցույց անող մոտ 2 տասնյակ քաղաքացիների

Սեպտեմբեր 18,2021 16:39

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Հայկական շարժում» նախաձեռնությունը Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա էր կազմակերպել՝ Անկախության տոնի առթիվ իշխանությունների կազմակերպած գունագեղ տոնակատարության դեմ:

Նախաձեռնողներից պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ասաց, որ մոտ 200 քաղաքացի է հավաքվել: Հարցին՝ ստացվում է՝ մեծամասնության դիրքորոշումը հաղթող է դուրս գալիս՝ նա պատասխանեց, որ դա ժամանակավոր է. «Հիմա տեսնում եք մեծամասնության դիրքորոշումն ինչի է բերում՝ հայրենիքի կորստի: Հիմա այդ նույն մեծամասնությանը Գորիս-Կապան ճանապարհին կանգնացնելու են, վաղը ծեծելու են, Սյունիքը հենց բլոկադայի մեջ գցեն, էլ այնտեղ ուտելիք չի լինի: Դա մեծամասնության որոշումն է, իսկ մեծամասնության որոշումը միշտ ճի՞շտ է: Երբ որ իրենց անձին է դա վերաբերվում, նոր են հասկանում»:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ երեկ է ծանոթացել Անկախության տոնի համերգային ծրագրին. «Ես գտնում եմ, որ անկախությունը տապալած իշխանությունը այս օրը պետք է անցկացնի լուռ: Ինձ համար ամսի 21-ը՝ նվիրված մեր անկախությանը, դա սգո օր է»:

Ցուցարարները մտադիր են հենց սեպտեմբերի 21-ին գնալ հրապարակ՝ դարձյալ ցույցի:

Ցույցի նախաձեռնողներից մեկը ելույթում ասաց. «Ձեր ամեն ինչն է սպասարկվելու Թուրքիայի կողմից, եթե դուք պատրաստ եք ծառայելու Թուրքիայի Հանրապետությանը, ապա մենք՝ ոչ»: Ոստիկանները ելույթի պահին նրան բռնի ուժով բերման ենթարկեցին: Սկսվեց հրմշտոց ու քաշքշուկ ու բոլոր ընդդիմացող ցուցարարներին եւս ոստիկանները նստեցրին ոստիկանական մեքենաները ու տարան բաժին:

Այս պահին մոտ երկու տասնյակ քաղաքացիների արդեն բերման են ենթարկել: Ցուցարարները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»:

Ոստիկանները նաեւ շղթա են կազմել կարմիր բերետավորների հետ՝ թույլ չտալով ցուցարարների տեղաշարժը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներն են հավաքված:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930