Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ որոշումն է, ճիշտ որոշում եմ կայացրել, քննադատություններից էլ չեմ վախենում»․ Ալեն Սիմոնյանը՝ պարգևավճարների մասին

Սեպտեմբեր 18,2021 15:38

Այսօր Գյումրին նշում է իր տոնը, սակայն հետպատերազմյան տխուր իրավիճակով պայմանավորված քաղաքային իշխանություններն ու Գյումրու ավագանին որոշել են այն անցկացնել առանց տոնախմբությունների, զանգվածային միջոցառումների։

Միջոցառումների մեծ մասը մշակութային են՝  բացվեց Ֆրիդ Սողոյանի ցուցասրահը, ինչպես նաև ժողգործիքների պետական համույթի նոր շենքը։ Բացվեցին նաև անհատական ցուցահանդեսներ, նշվեց «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի 30-ամյակը, Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 100-ամյակը, Գյումրու ծննդատանն էլ հուշատախտակ տեղադրվեց Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանի պատվին, նրա անունով կոչեցին ծննդատունը։

Միջոցառումները մեկնարկեցին Գյումրու Գորկու այգում գտնվող հին թատրոնի շենքում տեղակայված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված միջոցառմամբ։ Նշենք, որ թատրոնի հին շենքը, որտեղ առաջին անգամ՝ 1912 թվականին բեմադրվել է  Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, տրամադրվեց Թումոյին, որն էլ հիմնանորոգել է այն՝ ծառայեցնելով սերունդների կրթմանը։

Վերակառուցված շենքի պաշտոնական բացմանը այսօր եկել էին մասնակցելու ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր կնոջ ու դստեր հետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Պաշտոնական միջոցառումից հետո Ալեն Սիմոնյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին ու պետական համակարգի աշխատակիցներին պարգևավճարներ տալու թեմային անդրադառնալիս՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ դա իր որոշումն է, համարում է, որ ճիշտ որոշում է, քննադատություններից էլ չի վախենում։

«Դա եղել է իմ որոշումը, Անկախության 30-ամյակին նվիրված պետական համակարգի բոլոր աշխատակիցները ստանալու են այդ վճարը։ Եվ ես որոշում եմ կայացրել, որ Ազգային ժողովի աշխատակազմը, ինչպես նաև պատգամավորները նույնպես պիտի ստանան Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի հետ կապված վճարումները։ Եվ ես տեսել եմ, որ մեր ընդդիմադիր ընկերները նախ մի պահ հայտարարեցին, որ իրենք բյուջե  են վերադարձնելու, հետո հայտարարեցին, որ իրենք ինչ-որ ծախսեր են անելու։

Ես կարող եմ ասել՝ իրենք որ իրենց մեջ փնտրեն, շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։ Իսկ եթե ինչ-որ բան էին ուզում անել, ես վստահ եմ, իրենց մեջ կկարողանան գտնել շատ գումարներ, օրինակ՝ ինչ-որ սահմանամերձ գյուղում դպրոց վերանորոգելու համար։ Եվ սակարկել հերթական անգամ այդ որոշումը, տեղին չեմ համարում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930