Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գունագեղ տոնակատարություն» բառակապակցությունը աղ լցրեց 44- օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների բաց վերքին․ «Ազգ»

Սեպտեմբեր 18,2021 10:15

«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն: Այն, նախեւառաջ, նվիրված կլինի ՀՀ անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», սեպտեմբերի 9 կառավարության նիստում ծանուցեց վարչապետ Փաշինյանը:

Նրա «գունագեղ տոնակատարություն» բառակապակցությունը աղ լցրեց 44- օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների բաց վերքին, որոնց համար «գունագեղն» ընդհատվել է, իսկ «բուռն ուրախություն, բերկրանք» նշանակությամբ տոնակատարություն բառը, շատերի ընկալմամբ, նաեւ Փաշինյանի ու նրա թիմի պատճառով, առօրյային, ներկա-ապագային էլ չի պատկանում՝ հոգեհանգիստ, յոթ, քառասունք… իսկ տարելիցը՝ ծանր, ծանրացող, հեղձուկ մոտենում է… Սա կառավարությունը, նրա «գունագեղ տոնակատարություն» հղացած թիմը, օրիգինալության մարմաջով տառապող հանրույթը, սիմֆոնիկ ու դասական երաժշտության քաջագիտակ մի շերտ դժվար ընկալի, քանզի առաջնագծում չի եղել, զավակ չի կորցրել, Եռաբլուր չի բարձրացել, բանաստեղծություն անգիր գիտի, երգել, նվագել՝ նույնպես, բայց… բառի խորքը չի սուզվել, չի ճանաչում տառապանքը, լավ չգիտի հայոց ծիսակարգը, զոհերին ու մանավանդ Հերոսներին պատվելու իսկական կարգը, Պետություն, Ինքնիշխանություն պահել- պահպանելու արժանապատիվ եւ միակ ձեւը:

Սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան որդեկորույս Գեղամ Նազարյանի, Փաշինյանը նախ ներողություն խնդրեց «բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները խոցել եմ նման ձեւակերպմամբ, բայց…» փորձեց սրբագրել իր արտաբերած «գունագեղի» մեր տպավորությունը՝ «պետական տոնը պիտի նշվի դրոշներով, տեսե՛ք, մեր դրոշների գույները վառ են, եւ ես չեմ կարծում, թե մենք պիտի չեղարկենք դրոշի գույները»:

Փաշինյանը բանասիրական կրթություն ունի, հետեւաբար՝ չի կարող չիմանալ գունագեղ բառի նշանակությունը՝ գեղեցիկ գույներով, երանգներով: Հայոց պետականության խորհրդանշան դրոշը վերացարկված «գունագեղ» չէ, այլ հստակ եռագույն է, հորիզոնական կարմիր, կապույտ, ծիրանի, որ 44- օրյա պատերազմից հետո Եռաբլուրում փարվում է իր համար կյանքը չխնայած հերոսներին: Նրա՛նք են իրենց հոր եւ մոր, կնոջ ու ընկերների համար եղել այդ «գունագեղը», Երեւանն ու Ստեփանակերտը, Գյումրին ու Վանաձորը, հայոց բոլոր շեները, փողոցները գունազրկվել են այն պայծառ, վառ գույներից, որ 5000 անուն ունեն: Փաշինյանը բանասիրական կրթություն ունի եւ չի կարող չհասկանալ «դժգույն» բառի նշանակությունը, երբ Շուշի քաղաքի անվան կողքին էր դնում: Ինձ համար Շուշին գունեղ բառ ու բան լինելուց զատ մի հերոսավայր է, ուր զգացել եմ ազատություն բառի սահմանը, մի խորհրդանիշ, որը բարձր, անհաս, աննվաճ պահելու համար անմահացել են մեր հերոսները, մեր երկրի գալիքի գանգրահեր տղաները, Հայաստան մեր տան թանկ գույները:

 

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930