Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորհրդարանն ինչո՞ւ օրակարգ չի բերում Հայաստանի սահմանազատման հարցի իրավական-պատմական հիմքերը քննարկող նախագիծ․ «Ազգ»

Սեպտեմբեր 18,2021 09:30

Ինչի համար է խորհրդարանը, եթե երկրի համար ամենակենսական ու հրատապ անվտանգային խնդիրները չի քննարկում, ու, ով զարմանք, քառօրյայի ուղիղ կեսին, մի երկու երկրորդական նշանակության հարց քննարկելուց հետո, սպառում է օրակարգը:

Դա այն խորհրդարանն է, որն օրենսդրությամբ երկրի ղեկավարման առաջնային մանդատն ունի: Այդ խորհրդարանը, թեկուզ պոստֆակտում, քննարկե՞ց նոյեմբերի 9-ի հայտարարագիրը, քննարկե՞ց Մոսկվայում ստորագրված երկրորդ եռակողմ թուղթը, կանգ առա՞վ այդ երկու թղթերի վտանգների վրա` թեկուզ այդպես վեր հանելով այդ փաստաթղթերի աննպաստ հետեւանքները: Իհարկե ոչ: Հիմա արդեն, երբ ադրբեջանցիք գործնական տարբերակով ի ցույց են դնում իրենց հետագա գործողությունների ծրագիրը` ոստիկանական հենակետ տեղադրելով Կապան-Գորիս ճանապարհին եւ անգամ լկտիաբար մաքսի պահանջ ներկայացնում իրանական համարանիշներով տրասպորտային միջոցներին մեր իսկ պետության ներսում, ու երբ դրան զուգահեռ երկրի վարչապետը խորհրդարանում նշում է, թե 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով Շուռնուխ ու Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին, այդ հատվածներում Գորիս -Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, ու այդ պատճառով են ադրբեջանական ոստիկանական հենակետեր լինելու, պարզ են դառնում վերջնականապես մի քանի իրողություններ:

Եթե ավելացնենք նաեւ Փաշինյանի այն արձանագրումը, որ 2020 թվականի դեկտեմբերին իրականացվել է Հայաստանի զինված ուժերի դիրքերը ԽՍՀՄ-ից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց` ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար, ապա տարակույս չի մնում, որ Հայաստանի ներկա ղեկավարությունը, առանց հանրության կարծիքը լսելու, առանց խորհրդարանում քննարկման, ուզում է հենց ԽՍՀՄ պայմանական սահմաններով սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել, ռազմական էսկալացիայից վախեցած, առանց հաշվի առնելու ԽՍՀՄ ժամանակաշրջանի տարբեր տարիներին հայկական տարածքների հետ կատարված բազմաթիվ անօրինությունները եւ Հայաստանի անվտանգության տեսակետից նպաստավոր դիրքերը զիջել Ադրբեջանին:

Չի էլ թաքցվում, որ այդ գործընթացն է նախապայման Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որով, ի դեպ, հարցականի տակ կդրվի Արցախի ապագան: Ու եթե դա արագանա, ինչպես որ կարելի է եզրահանգել որոշ նշաններից, ապա հասկանալի է, որ որքան էլ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, մասնավորապես ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներից, հայտարարություններ հնչեն՝ Արցախի հարցը Մինսկի խումբ վերադարձնելու հրամայականի մասին՝ կարգավիճակը ճշտելու, Հայաստանի ղեկավարության շտապողականությունը կարող է խանգարել դրան: Հայաստանի սահմանազատումը վտանգ է ոչ միայն Հայաստանի համար, այլ հենց Արցախի, քանի որ սահմանազատումից հետո հարկ է ճանաչել այդ սահմանները, ասել է, թե թշնամուդ տարածքային ամբողջականությունը՝ Արցախին բաժին ընկած անորոշ ճակատագրով հանդերձ:

Հիմա խորհրդարանն ինչո՞ւ իր վրա չի վերցնում այն պատասխանատվությունը, որ օրակարգ բերի Հայաստանի սահմանազատման հարցի իրավական-պատմական հիմքերը քննարկող նախագիծ, ի վերջո հրապարակային քննարկի դրանք՝ հանրությանն ու, ինչու չէ՝ հարեւաններին հասու դարձնելով իրականությունը, որն առիթ կդառնա զսպելու ե՛ւ նրանց, ե՛ւ խաղաղության միջնորդների ախորժակը, քանի որ իրավական հիմքերի բացահայտումը եւ այդ առթիվ խորհրդարանի ընդունած առաջարկը կարող են հիմք դառնալ միջազգային ատյաններ դիմելու համար: Ընդ որում՝ նախաձեռնությունը կարող են հավասարապես հեղինակել ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական խմբակցությունները: Խորհրդարանի դերն էլ հենց դա է՝ երկրի համար կարեւոր, ճակատագրական հարցերում առանցքային դերակատար լինել, եւ ոչ թե անվերջ մնալ «դուք այս էիք ասում, մենք՝ այս, դուք դավաճան եք, մենք՝ հայրենասեր» լեզվակռվի մակարդակում: Եթե իհարկե հենց սկբից այլ նպատակ չի որդեգրվել՝ ֆոն պահելու, զբաղեցնելու հանրությանը, մինչեւ ցավոտ որոշումները կայացվեն: Այդ աստիճանի պետական մտածողության պակաս կա. հա՞, մեր խորհրդարանում, այդ աստիճանի միջանձնային վարքուբարք, որ ոչ ոք չի նախաձեռնում այս կարգի քննարկումներ եւ նախագծեր:

Ես եւ ինձ նման միլիոնավոր հայ մարդիկ իրոք պատրաստ չենք Փաշինյանի ասած սահմաններով սահմանազատման, ասել է թե՝ դա սակավաթիվ մարդկանց կարծիքն է, որ փաթաթվում է մեծամասնության վզին: Իմ հայրենիքը ես թույլ չեմ տալիս հանձնել թշնամուն:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930