«Ճանապարհների ապաշրջափակման մասին խոսակցությունները ոչինչ չասող եւ ընդհանուր բնույթ են կրում։ Չի մասնավորեցվում, թե Ադրբեջանով կամ ադրբեջանաբնակ տարածքներով ինչպե՞ս է Հայաստանն աշխարհի հետ կապվելու»,- «Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
– Պատասխանելով հայ-իրանական ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին հարցին, նախօրեին, խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ Զինված ուժերը հետ են քաշվել դեպի Խորհրդային Հայաստանից ժառանգված սահման եւ դա արվել է նոր ռազմական էսկալացիայից խուսափելու համար։ Նաեւ, 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների եւ բեռների տարանցման համար, բայց քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաեւ օտարերկրյա բեռների հանգամանքը, ըստ Նիկոլ Փաշինյանի, տվյալ իրավիճակում Ադրբեջանն օգտվում է դրանից։ Ձեզ հայտնի՞ է, ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը եւ, առհասարակ, ի՞նչ է կատարվում այժմ:
– Պայմանավորվածությունների մասին ոչինչ ասել չեմ կարող։ Դրանք, փաստորեն, փակ են եղել եւ շարունակում են փակ մնալ մեր հանրության համար։ Հիմա՝ արդեն Ադրբեջանի գործողությունների շնորհիվ՝ այսքան ժամանակ անց բացահայտվում են։ Փաշինյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի համար պատերազմը շարունակելու կամ, ավելի ճիշտ՝ պատերազմը հայ-ադրբեջանական սահման տեղափոխելու համար արգելք չի հանդիսացել։ Սպառնացել է պատերազմով՝ արդեն մեր սահմանին։ Իսկ Հայաստանի իշխանությունները հնարավոր ռազմական բախումներից խուսափելու համար ստիպված ենթարկվել են ադրբեջանական թելադրանքին։ Այսօր էլ շարունակում են ենթարկվել, որովհետեւ պարտությունը զրկել է նրանց կողմնորոշվելու, դիմադրելու, հակաքայլեր մտածելու եւ կիրառելու հնարավորություններից։ Մեր իշխանությունների անկարողությունից օգտվելով՝ դեռեւս անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանը սկսել եւ հաջողությամբ իրականացնում է իր պատկերացումներին ու իր ցանկություններին համապատասխան սահմանազատման աշխատանքները։ Անարգել տեղավորվում է այն հատվածներում ու տարածքներում, որոնք իրենն է համարում։ Հաջորդ քայլը սահմանագծումն է լինելու, կրկին իրենց թելադրանքով։
– Ստեղծված իրավիճակում է՞լ ինչ է հնարավոր, որ զիջվի՝ նոր ռազմական էսկալացիայից խուսափելու ձեւակերպմամբ եւ ճանապարհների ապաշրջափակումը, որի մասին խոսում է իշխանությունը, Հայաստանը լիակատար շրջափակման եւ մեկուսացման մե՞ջ կգցի:
Կարդացեք նաև
– Հայաստանի քաղաքացիների համար, ցավոք, անհայտ է, թե ո՞ր հատվածներում եւ ի՞նչ պահանջներ է ներկայացրել կամ ներկայացնում Ադրբեջանը։ Մեր իշխանությունները մեզանից թաքցնում են՝ մինչեւ այն պահը, երբ թաքցնել այլեւս հնարավոր չէ, երբ Ադրբեջանը իր հերթական քայլով բացահայտում է դրանք։ Շատ ավելի ճիշտ կլիներ, որ այս ամենի մասին խոսվեր բաց ու ժամանակին։ Մեր երկրի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը չպետք է մեզանից գաղտնի պահվեն։
Իսկ ճանապարհների ապաշրջափակման մասին խոսակցությունները ոչինչ չասող եւ ընդհանուր բնույթ են կրում։ Չի մասնավորեցվում, թե Ադրբեջանով կամ ադրբեջանաբնակ տարածքներով ինչպե՞ս է Հայաստանն աշխարհի հետ կապվելու։ Սյունիքում ադրբեջանցիների քայլերը, որ, ըստ էության, ուղղված են Իրան-Հայաստան կապը կտրելուն, որքանո՞վ է տեղավորվում ապաշրջափակման համատեքստում։ Սա վկայում է այն մասին, որ ապաշրջափակում ասվածը Ադրբեջանի համար նշանակություն չունեցող զրույց է։ Ապաշրջափակման մասին ավելի շատ ու ավելի բարձր խոսում են Հայաստանի իշխանավորները, որոնք որեւէ ճանապարհ բացելու հնարավորություն ու իրավասություն չունեն։
– Նիկոլ Փաշինյանի նկատած՝ Թուրքիայից եկող դրական ազգակների եւ տարածաշրջանին խաղաղություն բերելու մասին ի՞նչ կասեք:
– Տարածաշրջանային խաղաղության մասին Հայաստանը կարող էր խոսել մինչեւ 44-օրյա պատերազմը։ Մինչ այդ Հայաստանն այս մասին խոսելու ե՛ւ հնարավորություն ուներ, ե՛ւ իրավունք։ Հայաստանը կարող էր ոչ միայն խոսել, այլ թելադրել, լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման հեղինակ, համահեղինակ, իրականացնող։ Դրա համար պետք էր լինել խոհեմ, լինել շրջահայաց, կռահել սեփական քայլերի ու խոսքերի հնարավոր արձագանքը, լինել պատասխանատու։ Պետք էր հասկանալ պատերազմի վտանգավորությունը։ Ամեն կերպ պետք էր պատերազմից խուսափել, այլ ոչ՝ սադրել։ Պետք էր գնալ հարեւանի հետ համաձայնության։ Բանակցությունների միջոցով փորձել հարթել թշնամությունը եւ հօգուտ խաղաղության քայլ անել։ Այսօր պարտված, անուժ, ու դերակատարում չունեցող Հայաստանը զրկվել է այն հնարավորություններից, որ ուներ մինչեւ պատերազմը։ Խաղաղություն մեր տարածաշրջանում, եթե պետք է լինի, ապա լինելու է առանց մեր ծանրակշիռ մասնակցության։ Մեզ այսօր՝ ո՛չ այս եւ ո՛չ էլ այլ բնագավառներում մեծ դերակատարում հատկացված չէ։
– Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քանիցս հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում եւ պնդում է Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում խնդրի կարգավորում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ ասում է, որ միայն Մինսկի խումբը Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու մանդատ ունի։ Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այս հայտարարությունները՝ խաղաղության պայմանագրի շահարկումների ֆոնին:
– Լավ է, որ կան այս հայտարարությունները։ Սրանցից կարելի է օգտվել։ Նման հայտարարություններից օգտվելով, նման հայտարարություն անող երկրների օգնությամբ՝ եթե ճիշտ եւ հաշվարկված քայլեր մշակվեն, ապա մեր երկիրը կարող է շահել։ Կարող է նույնիսկ ոտքի կանգնել եւ եթե ոչ ամբողջությամբ, գոնե մասամբ ձերբազատվել պարտվածի կաղապարներից եւ կրկին տարածաշրջանային գործոն դառնալ։ Բայց Հայաստանի այսօրվա իշխանավորները, արդեն պարզ է, իրավիճակի բազմակողմանի վերլուծություն անել, հեռահար խնդիրներ առաջադրել ու լուծել չեն կարողանում։ Նրանց հիմնական գործը օրվա «փորձանքներին» հապշտապ արձագանքելն է։ Եթե այսպես շարունակվի՝ դժվար Հայաստանը կարողանա ճիշտ օգտվել այս հայտարարություններից։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2021