Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրավորման օրը զանգեց, ասաց՝ Ան, ես լավ չեմ: Ասաց ու անջատեց»

Սեպտեմբեր 18,2021 14:00

«Պատերազմը սկսվեց հանկարծակի, բայց մեր բանակի մարտունակության շնորհիվ կարողացանք մարտնչել թշնամու դեմ ու պատասխան հակահարվածներ տալ։ Մարտավարական լուրջ կետեր պահելու ժամանակ, ցավոք, ունեցանք շատ կորուստներ, իմ դասակով հայտնվեցինք շրջափակման մեջ: Բարեհաջող ճեղքեցինք շրջափակումը, հակառակորդին պատճառելով մեծաթիվ մարդկային կորուստներ: Այդ ժամանակ ստացա ծանր վիրավորում եւ 7 ամիս բուժում ստացա։

Հիմա կրկին վերադարձել եմ ծառայության ու չնայած չվերականգնված առողջությանս՝ պատվով եմ կրում զինվորական համազգեստս ու ծառայում հայրենիքիս: Հայ սպան հանձնվելու իրավունք չունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմի մասնակից կապիտան Գեւորգ Սարգսյանը:

Կապիտան Սարգսյանը ծնվել է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում, սովորել եւ ավարտել Մրգաշենի միջնակարգ դպրոցն ու ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ասում է՝ դպրոցական տարիներից սիրել է զինվորական համազգեստն ու հետաքրքրվել ծառայությամբ:

«Եթե ընտրում ես սիրելի մասնագիտություն՝ դժվարությունները չնչին են թվում»,-ասում է նա։ Արդեն 11 տարի Գեւորգը պատվով կրում է զինվորական համազգեստն ու ծառայում է հայկական բանակում։ Ինստիտուտն ավարտելուն պես ծառայության է անցել Արցախի Մարտունի 2 զորամասում:

Պատերազմի ժամանակ Գեւորգի ընտանիքը կորցնում է Մարտունիում գտնվող տունը, որը շատ մոտ էր սահմանին: Հիմա ապրում են Երեւանում եւ ամեն բան զրոյից ստեղծում:

Գեւորգի կինը՝ Անի Նիկողոսյանը պատմում է, որ մինչ այսօր էլ թեթեւ աղմուկը պատերազմն է հիշեցնում: Ասում է՝ հոգեբանորեն երկուսի համար էլ դժվար ժամանակաշրջան է. «Չեմ թաքցնի՝ պատերազմի ամեն պահն էր գերլարված, սարսափով ու վախով լցված, բայց անգամ մի քանի վայրկյանանոց զանգը ցրում էր կորցնելու վախը, որը մինչ այդ պարուրել էր: Կապն ամուսնուս հետ շատ քիչ էր, օրվա մեջ խոսում էինք մի քանի վայրկյան: Կարեւորը ձայնը լսում էի, հարցնում ոնց է, լավ իմանալով պատասխանը: Տղաներից էլ էի հարցնում ու հայտնում մյուս սպաների կանանց»,- ասում է Անին:

Կնոջ խոսքով՝ ամուսնու զանգն իր համար հավասար էր նոր հույսի: Ամեն անգամ վախով, սարսափով ու մեծ ցավով էր կարդում զոհված հերոսների անուններն ու շունչը պահած սպասում, որ հանկարծ ամուսնունն էլ չլինի. «Վիրավորման օրը զանգեց, ասաց՝ Ան, ես լավ չեմ: Ասաց ու անջատեց: Ինչ ասես մտքովս անցնում էր, զանգում էի չկա ու չկա, անհասանելի էր: Հետո մի քանի ժամ անց զանգեց ու ասաց՝ Ան, նստի բան եմ ասում: Սարսափեցի. ասաց, որ իրեն տանում են հոսպիտալ, վիրավոր է: Զանգից հետո նորից հետ զանգեցի՝ պատասխանեց ուրիշը ու ներաշխարհս խառնվեց իրար, հետո տվեցին ձայնը լսեցի, պարզվեց՝ շատ արյուն էր կորցրել ու թուլացել: Պատմում էր, որ շատ դժվարությամբ շտապ օգնության մեքենան հասել է հոսպիտալ, ճանապարհին անընդհատ կրակել են, բայց փառք Աստծո ողջ հասել է Երեւանի հոսպիտալ: Վնասվել էր ձախ ոտքը, ձեռքը, ականջը, անգամ ամուսնական մատանին էր վնասվել: Մի քանի վիրահատություններից հետո, փառք Աստծո, ոտքի կանգնեց»:

Ասում է, այնքան անտրամադիր ու տխուր են եղել, որ իրենց փոքրիկ երեխայով, որը փորձել է ինքնուրույն քայլ անել, չեն զբաղվել եւ պատերազմի պատճառով երեխան շատ ուշ է սկսել քայլել:

Ամուսիններն ասում են, որ պատերազմը խորը հետք է թողել իրենց կյանքում. Ամեն թեթեւ ձայնը հերիք է, որ վերապրեն պատերազմը: «Զարմանում եմ, թե այսքանից հետո ինչպե՞ս է ամուսինս իր մեջ ուժ գտած ծառայում դիրքերում՝ ամեն վայրկյանը անորոշության մեջ լինելով, բայց իր պատասխանը մեկն է՝ իմ երեխայի ու ապագա երեխայի համար եմ անում, որ կանգուն ու ապահով երկրում ապրեն»,-ասում է Անին: Գեւորգի գումարտակի հրամանատար՝ փոխգնդապետ Աղաս Գալստյանն ասում է, որ Գեւորգը ուժեղ ու խելացի հրամանատար է, որը պատվով է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը: Շատ լավ ղեկավարել է իր ստորաբաժանումը թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ խաղաղ պայմաններում ու արժանացել մեդալների, պատվոգրերի: «Իր հմուտ ղեկավարելու շնորհիվ պատերազմի ժամանակ հակառակորդին պատճառել է մեծաթիվ կորուստներ: Իմ կողմից տված խնդիրները կատարել է բարձր մակարդակով եւ կարեւոր խնդիր կատարելիս թշնամու կողմից ստացել է ծանր վիրավորում»:

Գեւորգն այժմ ծառայում է ՀՀ զինված ուժերում, որպես կապիտան:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930