Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարաններն ամբողջությամբ պաշտպանեցին դատախազության «միջնորդությունները»

Սեպտեմբեր 18,2021 13:30

Կա,՞ արդյոք, այլընտրանք

Օգոստոսի 26-ին ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Առավոտին» հասցեագրված դատապարտյալ Արտակ Ճաղարյանի նամակ-հոդվածը ստացվել է սեպտեմբերի 15-ին: Դատապարտյալը ներկայացնում է ցմահ ազատազրկման դատապարտվածների, օրենսդրական խութերի, «նախկինների» մոտեցումների մասին:

Հայաստանի անկախացմանը գրեթե զուգահեռ մահապատժի ի կատար ածումը դադարեցվեց՝ չնայած 1961թ. ԽՍՀՄ քրեական օրենսգիրքը, որով նման պատժատեսակ նախատեսված էր, գործեց մինչեւ 2003 թվականը: Այսինքն, դատարանները տալիս էին մահապատիժ, սակայն այն հայտարարված մորատորիայի պայմաններում չէր իրականացվում: 2003թ. ընդունվեց ՀՀ քրեական օրենսգիրքը, որով վերջնականապես վերացվեց մահապատիժը: Նույն օրենսգրքով, որպես պատժի առավելագույն չափ, սահմանվեց ցմահ ազատազրկումը: Հաճախ տեսակետ է հնչում, որ ցմահ ազատազրկումը մտցվեց մահապատժի փոխարեն, որը միանշանակ սխալ է: Սրանք երկու տարբեր հասկացություններ են եւ չեն կարող միմյանց փոխարինել: Ավելին, եթե կատարվում է նման սխալ պնդում, որի վրա թեկուզ կառուցվում է տրամաբանական ճիշտ դատողությունների շղթա, ապա եզրահանգումը միանշանակ լինելու է սխալ:

Սակայն 2003թ. Քրեական օրենսգրքի հետագա կիրառման ընթացքը ցույց տվեց, որ ցմահ ազատազրկման մասով կան բազմաթիվ խնդիրներ, որոնց վերացման համար էլ, մասնավորապես, ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվեց եւ 2011թ. մայիսի 25-ին ուժի մեջ մտավ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Այս օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի մեջ կատարվեց փոփոխություն, ըստ որի՝ որոշակի ժամկետով ազատազրկման չափը սահմանվեց 20 տարի՝ նախկինում առավելագույը 15 տարվա փոխարեն: Փոխվեց նաեւ օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի սանկցիան՝ 8-ից 15 տարի կամ ցմահ ազատազրկման փոխարեն սահմանվելով 12-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում: Նշեմ, որ այս հոդվածով են դատապարտված այժմ պատիժ կրող գրեթե բոլոր ցմահ դատապարտյալները: Մինչ օրենքի ընդունումը այդ ժամանակ պաշտոնավարող ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ նշեց, որ մեր քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափություն էր հասցված՝ որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն չափի եւ ցմահ ազատազրկման միջեւ տարբերությունը: Գործում էր հետեւյալ բանաձեւը՝ եթե ոչ 15 տարի, ուրեմն ցմահ ազատազրկում: Ըստ Ա.Հովսեփյանի՝ շատ դեպքերում դատավորները պատիժը որոշելիս չեն կարողանում անհատականացնել պատժաչափը, հանցագործի անձին, եւ հանրության համար վտանգավորության աստիճանին համարժեք կիրառել համապատասխան պատժամիջոց: Գլխավոր դատախազը նշեց, որ այս փոփոխությունների արդյունքում ցմահ ազատազրկումը կդառնա խստագույն պատժամիջոց՝ նախատեսված այն հանցագործների համար, որոնց ուղղումն այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Իր հարցազրույցում նախկին դատախազն անդրադարձավ նաեւ նրան, որ այս փոփոխությունները պետք է հետադարձության սկզբունքով կիրառվեն մինչեւ օրենքի ընդունումը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վրա:

Նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում էր, որ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի: Նոր Քրեական օրենսգիրքն այս առումով ավելի հեռուն գնաց եւ 13-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվեց, որ արարքի հանցավորությունը վերացնող, մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի: Մեղմացում ասելով՝ չպետք է հասկանալ միայն պատժի ժամկետի կրճատումը: Հակառակ դեպքում հարց է առաջանում, թե ո՞րն է ցմահ ազատազրկման մեղմացման օրենքը: Ինչպես նշվեց, ի տարբերություն նախկին Քրեական օրենսգրքի՝ գործողն ավելի հստակ է սահմանում, որ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նույնպես ունի հետադարձ ուժ: Սրանից միանշանակ հետեւում է, որ կամայական օրենսդրական փոփոխություն, եթե որեւէ կերպ նախատեսում է ավելի մեղմ մոտեցում, պետք է ունենա հետադարձ ուժ:

Արդյունքում, ինչ տեղի ունեցավ: Ինչպես նշեցի, ՀՀ քրեական օրենսգրքի 104-ի 2-րդ մասի սանկցիան 8-ից դարձավ 15 տարի կամ՝ ցմահ ազատազրկման փոխարեն դարձավ 12-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում: Ակնհայտ է, տեղի ունեցավ պատժի խստացում: Սակայն միայն ցմահ ազատազրկվածների մասով այն ուներ մեղմացնող բնույթ, որովհետեւ, եթե օրինակ, իմ դատապարտման ժամանակ՝ 2009-ին խորհրդակցական սենյակում պատժաչափը նշելիս դատավորը գտներ, որ 15 տարի ազատազրկումն արարքի համար մեղմ պատիժ է, ապա դրան հաջորդող պատժատեսակը ցմահ ազատազրկումն էր, իսկ եթե այս նոր պատժաչափերը գործեին այդ ժամանակ, ապա դատավորը հնարավորություն կունենար նշանակել 15 տարի ազատազրկումը գերազանցող՝ մինչեւ 20 տարի ժամկետով պատիժ, որն ակնհայտորեն ավելի մեղմ է, քան ցմահ ազատազրկումը: Հաշվի առնել այս պարզ ճշմարտությունը, ինչպես նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազի նշված հայտարարությունները, որոնք, բնականաբար, ընկալվեցին որպես հարցի վերաբերյալ պետության դիրքորոշում, բազմաթիվ ցմահ դատապարտյալներ դիմեցին դատարան՝ մեղմացնող սկզբունքի հիման վրա պատժաչափերը վերանայելու խնդրանքով: Սակայն բոլորիս համար անսպասելի՝ դատախազությունը 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը՝ այժմ էլ գտնելով, որ տեղի է ունեցել պատժի խստացում եւ հետադարձության մասին խոսք լինել չի կարող: Ինձ թվում է, ավելորդ է ասել, որ դատարաններն ամբողջությամբ պաշտպանեցին դատախազության «միջնորդությունները»՝ մերժելով մեր դիմումները: Նշվածից անցել է տասը տարի, խնդիրը սկսել է ավելի ցայտուն, վառ գույներով երեւալ: Եթե 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի ընդունումից հետո մինչեւ 2011թ. օրենքի փոփոխությունները, այսինքն, 8 տարվա ընթացքում ցմահ ազատարզրկման է դատապարտվել ավելի քան 60 անձ (գագաթնակետը 2009-ն էր, երբ 1 տարում դատապարտվեց 16 անձ), ապա 2011թ.-ից առ այսօր, այսինքն՝ 10 տարվա ընթացքում ցմահ ազատազրկման է դատապարտվել 2 հոգի, ներառյալ` Պերմյակովը:

Հասկանալի է, չէ՞, որ նման տարբերությունը պայմանավորված չէ հանցավորության ֆոնի այդ աստիճան կտրուկ փոփոխությամբ: Ավելին, եթե նայենք, այս ընթացքում ոստիկանության տարեկան ամփոփագրերը, ապա կտեսնենք, որ հանցագործությունների, այդ թվում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, միջին հաշվով, գրեթե չի փոխվել: Արդյունքում, ունենք մի վիճակ, երբ բազմաթիվ են դեպքերը, որ ներկայումս ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կողմից կատարված արարքներից առավել եւ ակնհայտ ծանր արարքների համար մարդիկ ստանում են անհամեմատ մեղմ պատիժ: Ինչպես պետք է վերաբերվել դրան: Արդյո՞ք այս ամենը չպետք է որեւէ իրավական գնահատական ստանա: Ավելին, գրեթե բոլոր ցմահ ազատազրկվածները ազատազրկվել են 90-ական, 2000-ական թվականների դատարաններում, երբ կար դատախազության տոտալ թելադրանք, առկա էին բացարձակ կախյալ դատարաններ, որը կարծես թե այժմ ոչ մեկը կասկածի տակ չէր դնում: Նշեմ նաեւ, որ բոլոր ցմահ ազատազրկվածներն իրենց դատավճիռների հետ կապված ունեն բազմաթիվ հարցեր:

Օրենքը գործի վերանայման համար պահանջում է նոր երեւան եկած հանգամանքի առկայություն: Սակայն ի՞նչ նոր երեւան եկած հանգամանքի մասին կարող է խոսք լինել, եթե այժմ կա ցմահ դատապարտյալ, ով ազատազրկվել է ավելի քան քառորդ դար առաջ, երբ օրենքով վերացվել են բոլոր իրեղեն ապացույցները, որի պատճառով նոր լույսի տակ դրանց հետազոտման հնարավորությունն անդառնալի կորսված կլինի: Այժմ, ինչպես արդարացիորեն նշել էր Աղվան Հովսեփյանը, ցմահ ազատազրկումը դարձել է բացառիկ պատժաչափ, որը կիրառվում է նմանատիպ բացառիկ դեպքերում: Սակայն նախկինում մասսայաբար ցմահ ազատազրկման դատապարտվածների հարցն առ այսօր արդարացի լուծում չի գտել: Ուրախ եմ, որ դատաիրավական համակարգում, մեծ տեմպերով, ընդունում են արմատական բարեփոխումներ, որի որոշ դրական արդյունքներն այժմ էլ զգացվում են: Սակայն ոչ մի բարեփոխում արդյունք չի տալիս, եթե նախ չբացահայտվեն եւ չվերացվեն նախկինում թույլ տված սխալները, չստեղծվի ամուր բազիս՝ կայուն վերնաշենք կառուցելու համար:

Արդարության ընկալումը սուբյեկտիվ զգացողություն է՝ մեկի համար արդարացի է «Ակն ընդ ատամ» սկզբունքը, մեկ ուրիշի համար՝ քրիստոնեական՝ «Մի դատեք ուրիշներին, որպեսզի Աստված էլ ձեզ չդատի», «Ինչու ես տեսնում եղբորդ աչքի շյուղը եւ չես անդրադառնում, որ աչքիդ մեջ գերան կա», «Ձեր միջից անմեղն ինքը թող առաջինը քար գցի նրա վրա» կանոնները: Սակայն արդարադատությունը օբյեկտիվ կատեգորիա է:

Չինացի փիլիսոփա Լաո Ցզին նշել է. «Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է քո առաջին քայլից»: Եթե ցանկանում ենք հասնել Սահմանադրության առաջին հոդվածով հռչակված իրավական պետության հաստատմանը, ապա անհրաժեշտ է առերեսվել իրականության հետ, բավարար համարձակություն եւ կամք ունենալ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար, իրավունքի գերակայության հաստատման ուղղությամբ: Սրան այլընտրանք չկա:

Արտակ ՃԱՂԱՐՅԱՆ

5-րդ մասնաճյուղ, 502 խուց

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակվել էր «Վանոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի՝ վաղաժամկետ պայմանական ազատման մասին դիմումի քննությունը:

«Առավոտ» օրաթերթ
17.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930