Լրահոս
Օրվա լրահոսը

Սթենդ ափ տիկնիկային` «Կոկորդիլոսը»

Սեպտեմբեր 18,2021 13:00

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վստահ է, որ նոր ներկայացումը երկար կյանք կունենա

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նոր` «Կոկորդիլոս» ներկայացումը տառացիորեն ցնծություն բերեց ինչպես մեծերին, այնպես էլ փոքրիկ հանդիսատեսին: Նաիրա Եդիգարյանի պիեսի հիման վրա բեմադրիչ Աղասի Մելքոնյանը բեմադրել է այս հրաշալի ներկայացումը, որը սթենդ ափ տիկնիկային է: Ձեւավորումը Աստղիկ Աբովյանինն է, երաժշտությունը՝ Գրիգոր Կյոկչյանինը, պարերը` Հովհաննես Սարգսյանինը, իսկ պլաստիկան՝ Ինա Հախնազարյանինը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասում է, որ իրենց ներկայացումներում մշտապես օգտագործում են տիկնիկայինի բոլոր ձեւերը` մատների թատրոն, դիմակների, ստվերների, մանեքենների, ձողիկավոր տիկնիկներ, ձեռնոցային տիկնիկներ, խամաճիկներ եւ այլն, եւ տիկնիկային արվեստի ձեւերից մեկը` տիկնիկային սթենդ ափը բացակայում էր:

«Աշխարհում տարածված է ինտերակտիվ թատրոնը, առավել եւս, որ մենք ունեինք համապատասխան դերասաններ, նրանցից ամենահարմարն էլ Աղասի Մելքոնյանն է, որ ունի շատ հարուստ փորձ աշխատելու, միաժամանակ ներկայացումներ խաղալու, երեխաների հետ միասին տիկնիկ պատրաստելու, փոքրիկ բեմադրություններ անելու: Մոտ 2 տարի առաջ ես իրեն առաջարկեցի փորձել ուժերն այդ ոլորտում, ինքն էլ հաճույքով համաձայնեց, շատ լուրջ վերաբերվեց գործին: Գրվեց հատուկ առանձին պիես Նաիրա Եդիգարյանի կողմից, Աստղիկ Աբովյանն արեց ձեւավորումը, գրվեց երաժշտություն, եւ ստեղծվեց շատ յուրահատուկ ներկայացում, որը մեծագույն հաճույքով դիտում են եւ մեծերը, եւ փոքրերը: Ընդ որում, փոքրերը մասնակցում են, արձագանքում, խորհուրդ են տալիս: Թատրոնի ողջ հմայքը հենց ինտերակտիվության մեջ է, երբ հանդիսատեսը դառնում է ներկայացում ստեղծողներից մեկը: Հուսով եմ, որ այս ներկայացումը կունենա երկար կյանք: Արդեն մի քանի ներկայացում խաղացել ենք, տոմսերը միանգամից վաճառվում են: Կարծում եմ նաեւ, որ այս ներկայացումը կկարողանանք դուրս տանել եւ խաղալ Հայաստանի մարզերում»,-ասաց պարոն Բաբայանը:

Նրա խոսքով, այն մարդիկ, ովքեր ուզում են ստեղծագործել, կստեղծագործեն բոլոր պայմաններում. «Թատրոնն այսօր բացի կրթականից ու մշակութայինից, նաեւ հոգեբանական ռեաբիլիտացիայի հարց է լուծում, մարդիկ պետք է շատ լույս ու ջերմություն տեսնեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
17.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930