Լրահոս
Օրվա լրահոսը

Վարպետը, որ երազում էր օդաչու դառնալ, հին պատուհաններից ջահ ու պայուսակ է պատրաստում

Սեպտեմբեր 18,2021 12:30

62-ամյա վարպետ Երվանդը դեռ փոքր տարիքում երազում էր օդաչու դառնալու մասին, բայց այսօր աշխատում է փայտով՝ դռներ, ջահեր ու պայուսակներ է պատրաստում: Արհեստը սովորել է հորից՝ 25 տարեկանում: Նրա խոսքով՝ արհեստ սովորելու համար «ուշ կամ շուտ չկա», կարեւորը ցանկությունն է:

Վարպետ Երվանդը հիմնականում աշխատում է ասպենու (ծառատեսակ) փայտով եւ ընտրությունը բացատրում նրանով, որ կեղեւն ավելի հարթ է. այդպես փայտը շատ միջամտության չի ենթարկվում: Երբեմն էլ արտադրանքի հումք են դառնում հարազատների ու ծանոթների տների հին պատուհանները: «Զանգում են՝ թե բա, Երվանդ, տան պատուհանները փոխարինում ենք նորով, պետք կգա՞ն: Ասում եմ՝ բերեք»,-ասում է մեր զրուցակիցը: Իսկ մի քանի օր անց հին պատուհանները դառնում են կա՛մ ջահեր, կա՛մ պայուսակներ:

Վերջին շրջանում վարպետի արհեստանոց հաճախ են գալիս երիտասարդ աղջիկներ՝ պայուսակ պատվիրելու: Ասում է՝ մի պայուսակը կարող է պատրաստվել 1-2 օրում, բայց ավելի երկար ընթացք է ընդգրկում նյութի նախապատրաստման փուլը. աշխատանքների վերջնական արդյունքը կախված է փայտի չորացման որակից: Լավ չորացած փայտը որակյալ արտադրանք ունենալու առաջին պայմանն է:

Մեզ հետ զրույցում վարպետը նշեց, որ դեռ մեկ տարի առաջ փայտագործությունը պարզապես աշխատանք-զբաղմունք է եղել, հիմա՝ «փայտագործությանն այլ աչքերով եմ նայում. առաջվանից շատ եմ փորագրում հայկական նախշեր: Պատերազմից հետո դա շատ եմ կարեւորում»: Նրա խոսքով՝ ջահերին, մոմակալներին, դռներին ու պայուսակներին փորագրված նախշերը դառնում են ազգայինը պահելու եւ տարածելու միջոց: Հիմնականում պատվիրատուներն են ասում իրենց նախընտրած տարբերակը, մի երկու նախշ էլ ինքն է առաջարկում, ու գալիս են համաձայնության:

Վարպետ Երվանդի պատվիրատոււներից Լուսինեն մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ վարպետն ամեն անգամ մի նոր նախշ է ընտրում. «Երեւի չկա նույն նախշն ունեցող 2-ից ավելի պայուսակ: Եթե ոչ նախշեր, ապա երբեմն էլ ընտրում է այնպիսի տեսք, որը պայուսակը դարձնում է էլ ավելի ինքնատիպ»:

Հարցին, թե մոտավորապես քանի աշխատանք ունի, վարպետը պատասխանում է. «Չգիտեմ ու չեմ էլ ուզում հաշվել: Եթե հաշվեմ ու որոշեմ մի քանիսն էլ պատրաստել՝ հասնելու մի քանի հարյուրի, էլ գործերս առաջ չեն գնա (ծիծաղում է-Մ.Մ)»: Հետո էլ ավելացնում է՝ միակ բանը, որ հստակ կարող է ասել՝ գրքերի համար նախատեսված փայտե կազմերի պահաջարկն է, որ գնալով շատանում է, հատկապես Աստվածաշնչի համար նախատեսվածը:

Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930