Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել Պատմաբանասիրականի 2021-ի երկրորդ համարը

Սեպտեմբեր 18,2021 12:00

Լույս է տեսել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդես» գիտական պարբերականի (հապավումը` ՊԲՀ, գլխավոր խմբագիր՝ Անուշավան Զաքարյան, գլխավոր խմբագրի տեղակալ՝ Աելիտա Դոլուխանյան) 2021թ. 2-րդ համարը: Այն սկսվում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հինգերորդ՝ նորընտիր նախագահի եւ ակադեմիայի ղեկավար կազմի ընտրությունների մասին տեղեկատվությամբ: Համարը, հանդեսի ավանդույթին հավատարիմ, բաղկացած է «Հոդվածներ, հաղորդումներ», «Քննարկումներ», «Հրապարակումներ», «Գրախոսություններ», «Մեր հոբելյարները», «Գիտական կյանք», «Լրատու» բաժիններից:

Համարի առաջին հոդվածը Աելիտա Դոլուխանյանի «Միջազգային հռչակի տեր բյուզանդագետն ու հայագետը» վերտառությամբ հոդվածն է՝ գրված Նիկողայոս Ադոնցի ծննդյան 150-ամյակի առթիվ: Հոդվածում հեղինակը նախ տեղեկություններ է տալիս մեծ գիտնականի կյանքի եւ ուսումնառության վերաբերյալ: Ապա անդրադառնում է հոդվածներին: Խոսում է նաեւ գիտնականի նամակների մասին: Բնականաբար, ներկայացնում է գիտնականի կոթողային աշխատությունները: Վերջում հոդվածագիրն արել է համապատասխան եզրակացություններ:
Համարի ուշագրավ հոդվածներից է Անուշավան Զաքարյանի «Օսիպ Մանդելշտամ. բանաստեղծը եւ ժամանակը: Հայաստանը նրա կյանքում» վերնագրով հոդվածը՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 130-ամյակին: Ինչպես պարզվում է, Օսիպ Մանդելշտամի մասին մինչ այժմ հայերեն ամբողջական խոսք չի եղել, եւ միայն այս հոդվածով է շրջանառության մեջ դրվել նշանավոր ռուս բանաստեղծի կյանքն ու գործունեությունը՝ մեծամասամբ նաեւ կապված Հայաստանի ու հայ ժողովրդի հետ:

ՊԲՀ-ի՝ ներկայացվող համարի հետաքրքիր եւ մեր օրերին առնչվող հրապարակումներից է Արմեն Ասրյանի «Մեծ Բրիտանիայի հակահայ քաղաքականությունը Ղարաբաղի հարցում (1918-1920 թթ.) եւ արդի իրավիճակը» հոդվածը: Այն սկվում է Առաջին աշխարհամարտից հետո Արեւմուտքի, հատկապես Մեծ Բրիտանիայի՝ հայ ժողովրդի նկատմամբ գրաված դիրքի մասին սեղմ տեղեկությամբ: Այնուհետ բացահայտված են Մեծ Բրիտանիայի նպատակները տարածաշրջանում: Ներկայացված է Մեծ Բրիտանիայի հակահայ քաղաքականությունը Ղարաբաղի հարցում՝ 1918-1920 թթ.: Հոդվածից ընթերցողն իմանում է նաեւ արդի փուլում Ղարաբաղի հարցում Մեծ Բրիտանիայի վարած հակահայ քաղաքականության մասին: Հավարտ արված են եզրակացություններ:

Հանդեսի հետաքրքիր նյութերից է Սուսաննա Հովհաննիսյանի «Բանաստեղծի դուստրը. նորահայտ էջեր Հովհաննես Թումանյանի ընտանեկան արխիվից» հոդվածը: Հոդվածի սկզբում հեղինակը հակիրճ խոսում է անվանի անձանց կենսապատումի արժեքի մասին՝ բնականաբար նշելով Թումանյանի կենսապատումի ու նրա ընտանիքի պատմության առանձնահատուկ լինելը: Հոդվածագիրը ներկայացնում է Նվարդ Թումանյանի մանկությունն ու երիտասարդությունը, գրական շրջանը: Հոդվածում տեղ են գտել Հովհ. Թումանյանի կյանքի նորահայտ վավերագրեր: Ամենյան հայոց բանաստեղծի դուստրը ներկայացված է նաեւ որպես մուսայաստեղծ հայուհի: Տեսնում ենք նաեւ թումանյանագիտության նվիրյալ Նվարդին: Հոդվածն ամփոփվում է եզրակացություններով:

Հրատարակված հոդվածներից կուզեինք առանձնացնել նաեւ Վերժինե Սվազլյանի «Նշխարներ Պյատիգորսկ գաղթած Արցախի հայերի բանահյուսության» (ըստ հեղինակի գրառած նյութերի) հոդվածը: Սկզբում հեղինակը կարճ խոսում է 1964 թ. ամռանը Հայաստանի ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրինության կողմից իրեն Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաք գործուղելու մասին: Այնուհետ ներկայացնում է Պյատիգորսկի արցախցի բանասացներին: Հաջորդիվ բացահայտել է Պյատիգորսկ գաղթած Արցախի հայերի բանահյուսության ժանրային եւ թեմատիկ առանձնահատկությունները. մասնավորաբար հետազոտությունը կատարվել է երեք ուղղությամբ՝ վիպական բանահյուսություն (հրաշապատում հեքիաթներ, իրապատում հեքիաթներ, առակներ), քնարական բանահյուսություն (օրորոցայիններ, սիրային երգեր, կենցաղային եւ ծիսական երգեր, հարսանեկան ծես եւ երգ, աշխատանքային երգեր, կատակերգեր, հայրենասիրական եւ զինվորի երգեր) եւ ասույթային բանահյուսություն (մանկական թոթովանքներ, հանելուկներ, առածներ, շուտասելուկներ, մաղթանքներ, օրհնանքներ): Վերջում արված են եզրակացություններ:

«Հոդվածներ, հաղորդումներ» բաժնում տեղ են գտել նաեւ Պետրոս Դեմիրճյանի «Եղիա Տեմիրճիպաշյան. բազմավաստակ գրողն ու մտավորականը» (Եղիա Տեմիրճիպաշյանի ծննդյան 170-ամյակի առթիվ), Գայանե Մախմուրյանի «Շուշի քաղաքի 1920 թ. մարտի 23-26-ի ողբերգությունը հայրենական եւ օտար պատմագրության մեջ» (ռուսերեն), Վահե Սարգսյանի «Վրաց Ուղղափառ եկեղեցու եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի իրավական կարգավիճակի օրենսդրական կարգավորումը հետխորհրդային Վրաստանում», Դավիթ Գասպարյանի «Գեղարվեստի եւ պատմության սահմանագիծը (ըստ Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպի), Վաչագան Ավագյանի «Հայր Ղեւոնդ Ալիշանի եւ Վլադիմիր Ստասովի առնչություններից», Նարեկ Մարտիրոսյանի «Հողային հարցի լուծման ուղիներն ըստ օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների (1910-1912 թթ.)», Լալիկ եւ Լիլիթ Խաչատրյանների «Ածական//գոյական տարարժեք բառերի թվակազմությունը հին հայերենում» հոդվածներն ու հաղորդումները:

«Քննարկումներ» բաժնում տպագրված նյութն է՝ Մուրադ Օհանյանի «Աքեմենյան կառավարման կարգերի ժառանգորդները»:
«Հրապարակումներ» բաժնում Նինետա Ադամյանը ներկայացրել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության լիազորների զեկուցագրերը գաղթականների ու որբերի վիճակի եւ ցուցաբերած օգնության վերաբերյալ (1915-1917 թթ.):

«Գրախոսություններ» բաժինը ներառում է Մայա Գրիգորյանի «Հովհաննես Թումանյան: Կենսամատենագիտություն (2001-2020)», Աննա Ասատրյանի «Անահիտ Չթյան. Հայ թատրոնը Եգիպտոսում: Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության: Գիրք 3», Արմանուշ Կոզմոյանի «Անահիտ Յահյամասիհի. Սադեղ Հեդայաթ. կյանքը եւ գիտագրական ժառանգությունը» եւ Վահե Թորոսյանի «Արեւելյան աղբյուրագիտություն, հ. 2» գրախոսականները:

«Մեր հոբելյարները» բաժնում տպագրվել են Լավրենտի Հովհաննիսյանի «Վաստակաշատ գիտնականն ու ազնիվ հայ քաղաքացին (Սեդա Գասպարյանի ծննդյան 75-ամյակի առթիվ)», Աննա Ասատրյանի «Արվեստագիտության եռանդուն գործիչը (Արարատ Աղասյանի ծննդյան 65-ամյակի առթիվ)» եւ Թաթուլ Ասոյանի «Հայ բարբառագիտության նվիրյալը (Վիկտոր Կատվալյանի ծննդյան 60-ամյակի առթիվ)» հոբելյանական դիմանկարային ակնարկները:

«Գիտական կյանք» բաժնում լուսաբանված է Պետերբուրգում սույն թվականի ապրիլի 27-28-ը տեղի ունեցած Մկրտիչ Ա Խրիմյանի եւ Հայր Ղեւոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակներին նվիրված գիտաժողովը:

«Լրատու» բաժնում զետեղվել են վերջերս կյանքից հեռացած գիտության գործիչներ Գրիգոր Ասատրյանի (Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահություն, Հյուսիսային համալսարան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Վլադիմիր Կիրակոսյանի (Հերիքնազ Որսկանյան), Լիանա Հովսեփյանի (Օֆելյա Խաչատրյան), Հայրապետ Մարգարյանի (Ազատ Բոզոյան) մասին դիմանկարային ակնարկները:

Հրաչյա ԲԱԼՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930