«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
Նախաբան
Հայաստանի զինված ուժերի պարտությունը 2020թ. Ղարաբաղյան պատերազմում, սովորական իմաստով, ապոկալիպսիս էր՝ հաշվի առնելով վնասի ծավալն ու խորությունը, որը հասցվել է պետականությանն ու հասարակությանն առնչվող հարցերին՝ Հայաստանում, Ղարաբաղում, ինչպես նաեւ Սփյուռքում: Պետք է խոստովանել, որ ոմանց համար Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելն ավելորդ մի բան է արդեն:
Ապոկալիպսիսին նայելու մեկ այլ եղանակ է հիշելը դրա սկզբնական իմաստը՝ հայտնությունը: Ի՞նչ բացահայտեց 2020թ. պարտությունը: Մի շարք սխալ պատկերացումներ, ձախողումներ, խնդիրներ եւ խանգարումներ (dysfunctions) հայոց պետականության եւ ժողովրդի ներսում: Այս Սպիտակ թուղթն այդ հիվանդություններն ախտորոշելու, ինչպես եւ հնարավոր բուժում առաջարկելու փորձ է: Որպես այդպիսին, դա կարող է հնարավորություն ընձեռել շտկելու անցյալի սխալները եւ այլ կերպ վարվել ապագայում, հուսանք` ավելի լա՛վ կերպով:
Կարդացեք նաև
Պարտությունը առաջացրել է ինքնիշխանության ճգնաժամ՝ իրական եւ հոգեբանական: Ամեն անգամ, երբ հայ ժողովուրդը բախվում է էութենական ճգնաժամի, գլուխ է բարձրացնում հավերժական երկընտրանքը. ինքնափրկությունն ընդդեմ ինքնիշխանության ձեռքբերման անհրաժեշտության:
Հնարավո՞ր է ջարդել արատավոր շրջանը: Մի՞թե սրանք են միակ ընտրանքները, եւ արդյո՞ք այդ ընտրանքներն այնքան իրար հակադրված են, որքան թվում է: Կարո՞ղ է լավ մտածված արտաքին քաղաքականությունը եւ անվտանգության քաղաքականությունը գործիք դառնալ այդ արատավոր շրջանը ջարդելու համար:
Սրանք այն հարցադրումներն են, մտահոգությունները եւ հույսը, որոնց շուրջ համաձայնություն ունեն նախաձեռնողներն ու համագործակիցները, եւ որոնք ձեւակերպված են այս զեկույցում:
Մի Սպիտակ թղթի ստեղծումը, որի փորձն արվեց այստեղ՝ ազգային աղետից հետո, բարդ վարժանք է այնքանով, որքանով այն պահանջում է վերագործարկում (reset): Դժվարությունն այն է, որ պետք է պահպանել այն, ինչը կարեւոր է Հայաստանի համար եւ ինչի վրա կարելի է կառուցել. եւ թողնել այն, ինչը կարող է թվալ կարեւոր այս կամ այն մակարդակում, բայց դա կա՛մ անիրագործելի է, կա՛մ մեծ դժվարություններ է ստեղծում առավել կարեւորի համար: Կարող ենք նաեւ նշել, որ Հայաստանում արագ փոփոխվող հանգամանքները՝ այս Սպիտակ թղթի վերջնական խմբագրման եւ թողարկման պահերի միջեւ, կարող են այս փաստաթղթի որոշ տարրերը դարձնել իրականությունից կտրված կամ ավելի վատ:
Ստորեւ թվարկված երեք հեղինակները լիովին պատասխանատվություն են կրում սույն փաստաթղթի բովանդակության եւ դրա ներկայացրած առաջարկությունների համար: Մասնակիցները, թվարկված, թե՝ ոչ, պատասխանատվություն չեն կրում դրա բովանդակության համար:
Ռոբերտ Այդաբիրյան (Փարիզ)
Ժիրայր Լիպարիտյան (Բոստոն)
Թալին Փափազյան (Էքս ան Պրովանս)
Քաղաքական գործոնները եւ կառավարությունների պատասխանատվությունը
Սպիտակ թղթում քննարկվում են խնդիրներ, որոնք ընկած են հայկական (Հայաստան եւ Արցախ) քաղաքականության հիմքում, ներառյալ մշակութային կողմնակալությունները, որոնք վերնախավերին եւ կառավարություններին թույլ չեն տալիս այլընտրանքային քաղաքականություն որդեգրել:
Փաստաթուղթն իշխանություններին առաջարկում է ճանաչել Հայաստանի կրած կորուստների ամբողջ ծավալը՝ որպես հետեւանք 2020թ. նոյեմբերի պարտության: Այս աղետը պետք է դիտվի որպես կոչնակ՝ վերանայելու գերիշխող մոտեցումներն ու ենթադրությունները:
Փաստաթուղթը ներկայացնում է Հայաստանի գույքագրումը.
- Ակտիվներ եւ պարտավորություններ՝ արտաքին եւ անվտանգության քաղաքականությունները մշակելիս:
- Չափանիշներ, որոնցով Հայաստանը որոշում է իր առաջնահերթությունները:
- Արտաքին եւ անվտանգության նպատակներ, ներառյալ ինքնիշխանությունը, անկախությունը եւ անվտանգությունը՝ բարեփոխված զինված ուժերի միջոցով, դաշինքների ստեղծումը եւ դիվանագիտության միջոցով անվտանգության սպառնալիքների նվազեցումը (եթե ոչ՝ դրանց չեզոքացումը):
Այսպիսով, սույն փաստաթղթում շոշափվում են տարբեր կարեւոր դերակատարների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ՆԱՏՕ, Եվրամիություն (ԵՄ)) դիրքորոշումները. երկրներ, որոնց քաղաքականությունն ու շահերը առավել կարեւոր են Հայաստանի առաջարկած տարբերակների առումով:
Աշխարհաքաղաքական ենթատեքստ. Ռուսաստան-Թուրքիա-ՆԱՏՕ-ԵՄ
Այս փաստաթղթում քննարկվում են առավել առանձնահատուկ հարցեր՝ կապված տարածաշրջանային եւ համաշխարհային խոշոր դերակատարների հետ:
Ա. Ռուսաստան
Ռուսաստանն այժմ վերահսկում է այն, ինչ մնացել է հայկական Արցախից/Ղարաբաղից, եւ այդպիսով Հայաստանին ավելի ամուր է կապում իր ուղեծրին: Ռուսաստանը, իրեն ընկալելով որպես պաշարված միջնաբերդ, անհրաժեշտություն է զգում պաշտպանվելու Արեւմուտքի շարունակական առաջխաղացումից:
Բայց եվրոպական նախատիպն ընդունելու գայթակղությունը դրսեւորվել է վերջին երեսուն տարիների ընթացքում տարբեր ժամանակներում՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, ինչպիսիք են՝ Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան եւ Հարավային Կովկասի (ՀԿ) հանրապետությունները:
Մի կողմից, Հայաստանի վստահությունը Ռուսաստանին՝ անվտանգության եւ պաշտպանության առումով էապես չի վիճարկվում միջազգային մակարդակում: Մյուս կողմից, Ռուսաստանը շատ ավելի անհանգստացած է ռուսական ուղեծիրը լքելու ադրբեջանական սպառնալիքից: Հարուստ լինելով ածխաջրածնային ռեսուրսներով՝ Ադրբեջանը սերտորեն համագործակցել է արեւմտյան երկրների եւ բազմազգ կորպորացիաների հետ, դիվերսիֆիկացրել է իր ներդրումները արտերկրում. դրանով իսկ Ադրբեջանը Թուրքիայի աչքում դարձել է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ բացակայող օղակը: Ռուսաստանի մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի քաղաքականության եւ Թուրքիայի կանխատեսումների հետ, ստեղծել են բարդ իրավիճակ, որում հայտնվել է Հայաստանը, որում Ռուսաստանն ու Թուրքիան զուգահեռ աշխատում են, եւ որը նրանց մրցակից է դարձնում տարածաշրջանում, նույնիսկ եթե յուրաքանչյուրը հետապնդում է իր շահերը:
Բ. Թուրքիա
Ադրբեջանն ու Թուրքիան շրջափակման էին ենթարկել Հայաստանը անգամ մինչեւ 1994 թ.-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտը: Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանի բացումը եւ Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորեց Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմամբ: Այդ խոչընդոտը հաղթահարելու փորձերը չհաջողվեցին: Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ բռնապետական շրջադարձից ի վեր, Թուրքիան մի շարք արտաքին ռազմական արկածների մեջ է ընկել՝ ի վերջո դառնալով 2020 թ. Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած հաղթանակի հիմնական ներդրողը: Բաքվի հաղթանակից հետո Անկարան առաջարկեց կարգավորել հարաբերությունները Երեւանի հետ, սակայն Հայաստանը դեռ պատրաստ չէ նման քայլի: Հայաստանն այդ առումով կարեւոր որոշումներ ունի կայացնելու, գերիշխող ռազմավարական շահերով եւ տեղական իրողություններով կաշկանդված որոշումներ: Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայիս համագործակցությունը կարող է երկար չտեւել, բայց սա ծանրակշիռ գործոն է առկա համատեքստում:
Գ. ՆԱՏՕ/ԵՄ – Ռուսաստան
Ռուսաստանի ներկայիս միջնորդական դերը կարեւոր է հայկական գոյապահպանական հարցերի լուծման համար: Թուրք-ադրբեջանական դաշինքն ունի ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության ոչ բացահայտ աջակցությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ներքին գոհությունը, որը ստեղծում է շատ անհավասարակշիռ ու հայկական կողմի համար վնասակար իրավիճակ: Կարո՞ղ է, արդյոք, Ֆրանսիան, եվրոպական այլ ենթադրյալ դաշնակիցների հետ համաձայնեցված, ստեղծել մի համագործակցություն (synergy)՝ վերականգնելու համար Ռուսաստանի հետ Հայաստանի գործակցության հավասարակշռությունը: Այդ առումով դեռեւս լուրջ կասկածներ կան, քանի որ այս տարբերակը հնարավոր է միայն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ավելի համապարփակ փոխըմբռնման շրջանակներում՝ կապված իրենց «մերձավոր արտասահմանում» տարբեր «սառեցված հակամարտությունների» լուծման հետ: Սա ենթադրում է անվտանգության՝ նոր եվրոպական եւ եվրասիական ճարտարապետություն:
Առաջարկություններ, որոնք վերաբերում են կառավարության անմիջական մտահոգություններին.
- Վերասահմանել պաշտպանության հայեցակարգը եւ ԶՈՒ նպատակը: Տրամաբանական է ենթադրել, որ դրան հետեւելու է բանակի վերակառուցումը:
- Անվտանգության ռազմավարության վերանայում, ներառյալ նոր դաշինքների որոնումը:
- Հանձնարարել եւ լուրջ ուշադրություն դարձնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրական ու ընկալվող սպառնալիքների վերաբերյալ հաշվետվություններին, որոնք զերծ են գաղափարական կողմնակալությունից:
- Հասկանալ, ճիշտ գնահատել վտանգները եւ նվազեցնել սպառնալիքները՝ համապատասխան քաղաքականության ու դիվանագիտական նախաձեռնությունների միջոցով. դրանք անվտանգության համակարգի անբաժանելի մասն են նույնքան, որքան համարժեք ռազմական պաշտպանությունը եւ դաշինքները:
- Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականություններն ըմբռնելու եւ գնահատելու նպատակով նրանց հետ բացել հաղորդակցության ուղիղ գիծ, ցանկալի է խորհրդապահ կերպով:
- Վերաիմաստավորել Արտաքին գործերի նախարարության դերը, նրա դիվանագիտությունը եւ դիվանագետների պատրաստումը:
- Հայաստանից եւ Սփյուռքից հրավիրել հնարավոր լավագույն ուղեղներին՝ մասնակցելու համար վերը նշված բոլոր հետազոտություններին եւ ուսումնասիրություններին, այդ թվում` կիբեր եւ ՏՏ անվտանգության ոլորտներում:
Ճիշտ քաղաքականությունը ներառում է ոչ միայն այն, ինչ պետք է արվի, այլեւ այն, ինչ չպետք է արվի.
- Դիվանագիտական խոսույթում օգտագործել ռեֆլեքսիվ եւ ռեակտիվ քաղաքականություններ ու հռետորաբանություն: Դիվանագիտությունը լոբբինգ չէ ո՛չ չափանիշների, ո՛չ էլ նպատակների առումով:
- Ազգի (ամբողջ աշխարհի հայության) օրակարգը շփոթել պետության հետ:
- Չափից շատ կարդալ հայամետ տեքստ (անկախ նրանից, որ դա վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը եւ Ղարաբաղին):
- Ենթադրել, որ այն, ինչը վատ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, անպայման լավ է Հայաստանի եւ Ղարաբաղի համար, կամ ինչը լավ է նրանց համար, մեզ համար անպայման վատ է:
Շարունակելի
«Առավոտ» օրաթերթ
17.09.2021