Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյան. «Օլիմպավանը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին»

Սեպտեմբեր 17,2021 22:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը եւ փոխնախարար Կարեն Գիլոյանն այսօր այցելեցին Օլիմպավան:

Պաշտոնական այցի նպատակը ոլորտում ՀԱՕԿ-ի հետ արդյունավետ համագործակցության հեռանկարները, սպորտի զարգացմանն ուղղված քայլերը, 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին առնչվող հարցերը քննարկելն էր:

Վահրամ Դումանյանը Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ միասին շրջեց Օլիմպավանում, ծանոթացավ մարզաձեւերի ազգային ու տարիքային տարբեր խմբերի հավաքականների ուսումնամարզական հավաքները կազմակերպելու, ինչպես նաեւ քաղաքացիների  համար առողջ ապրելակերպով զբաղվելու, սնվելու եւ հանգստանալու  համար ստեղծված պայմաններին: «Մենք մեր սպորտի համար այսօր եկել ենք այս հրաշալի, համաշխարհային չափորոշիչներին համապատասխանող Օլիմպավան, որպեսզի տեսնենք ինչ ձեռքբերումներ ունենք եւ հասկանանք, թե ուր ենք գնում»,-ասաց նախարարը:

Aravot.am-ի հարցին, թե որպես նախարար, անշուշտ, այլ երկրներում այցելել է տարբեր մարզահամալիրներ եւ ի՞նչ համեմատություն կանցկացնի Օլիմպավանի հետ: «Մի քանի օր առաջ, Կազանում էի եւ հետեւում էի ԱՊՀ երկրների խաղերին: Շատ հետաքրքիր մարզակառույցներ կային, սակայն համեմատություն անցկացնել կդժվարանամ, որովհետեւ ուշադիր չեմ ծանոթացել այդ կառույցներին: Բայց մի բան կարող եմ արձանագրել: Այնտեղ տարբեր մարզահամալիրները ծառայում են մի քանի մարզաձեւերի: Երեւանում Օլիմպավանը կոմպակտ է, իր ոճի մեջ անթերի կառույց է՝ սպորտային բծախնդրությամբ: Ստեղծված են լավագույն պայմանները, որպեսզի մեր երիտասարդները զբաղվեն սպորտով, պրոֆեսիոնալ մարզիկները հավաքներ անեն, պատրաստվեն լրջագույն մրցաշարերի: Մենք նման կառույցների շատ կարիք ունենք, որտեղ հնարավոր է տարբեր մարզաձեւերի մեծ հավաքներ ու մեծ մրցումներ կազմակերպել: Ինձ թվում է՝ այս հարցում որոշ սահմանափակումների առջեւ ենք կանգնած»,-պատասխանեց նախարարը:

Շրջայցից հետո Գագիկ Ծառուկյանի հետ առանձնազրույցի ավարտին Վահրամ Դումանյանը կրկին զրուցեց լրագրողների հետ: Խոսելով քննարկման թեմաների մասին՝ նախարարն ասաց, որ Գագիկ Ծառուկյանին առաջին անգամ հանդիպել է Տոկիոյի օլիմպիական խաղերից առաջ եւ հետո կառավարությունում հայ պատվիրակների հետ հանդիպումների ժամանակ: «Այնտեղ քննարկվել են նաեւ սպորտի հետ առնչվող հարցեր: Դրանից հետո եղան ՀԱՕԿ նախագահի ընտրություններ, եւ մեր նախարարությունը Գագիկ Ծառուկյանին ընտրվելու առիթով շնորհավորել է: Այդ հանդիպումներում լրջագույնս խնդիր է դրվել: Այդ խնդիրների մասին էինք քիչ առաջ խոսում: Սակայն դեռ չենք ավարտել: Քննարկումները շարունակվելու են: Ըստ այդմ, ՀԱՕԿ-ը եւ նախարարությունը պետք է գտնեն համագործակցության ամենաէֆեկտիվ ձեւաչափը, որպեսզի յուրաքանչյուրս մեր մասով առավելագույն արդյունք ցույց տանք սպորտի զարգացման բնագավառում: Դրա հնարավորությունները առկա են: Մենք ունենք նվաճումներ: Դուք գիտեք, որ մեր մարզիկները միջազգային մրցումներից մեդալներով են վերադառնում: Սա լուրջ հայտ է, որ մենք ունենք այդ ներուժը, որը նոր չպետք է ձեւավորենք, այլ պետք է զարգացնենք: Եվ պիտի ասեմ, որ այս համատեքստում պարոն Ծառուկյանը, համենայն դեպս, օլիմպիական կոմիտեն, պատրաստ է ամենալուրջ ձեւով իր ներդրումներն անել: Մենք՝ նախարարությունը, նույնպես մեր պատրաստակամությունը հայտնեցինք, որ մեր կողմից անմնացորդ կանենք հնարավորը ի շահ մեր սպորտի, ժողովրդի եւ պետության:

Հիմա բյուջե է ձեւավորվում: Մեր նախարարությունը ոլորտների լայն ընդգրկում ունի, այդ թվում՝ սպորտը: Եվ մենք ուզում ենք բոլոր ոլորտներում ավելացնել ներդրումները, ինչը քննարկման փուլում է: Ցանկությունը կա եւ ինձ թվում է՝ կստացվի»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930