Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոք չի կարող այդ երաշխավորությունը տա, որ այդ համերգը չի վերածվի արյունահեղության». Զոհված զինծառայողների հարազատները՝ Նաիրի Սարգսյանին

Սեպտեմբեր 17,2021 21:12

«Հենց հիմա հերքեք, որ Թուրքիայից բեռնատար չի եկել հրապարակ եւ այս տեխնիկան այդ բեռնատարներից չի դատարկվել»,- այսօր կառավարության շենքի մոտ հավաքված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հարազատը դիմեց Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին:

Նաիրի Սարգսյանն իջել էր ցուցարարների մոտ եւ առաջարկում էր նրանց՝ իր հետ մտնել կառավարության շենք, ծանոթանալ անկախության 30-ամյակի միջոցառումների օրակարգին: Ցուցարարները հրաժարվեցին Նաիրի Սարգսյանի հետ կառավարության շենք մտնել:

Նիկոլ Փաշինյանի օգնականը գտնում է, որ ծնողներին քաղաքական ուժերն ուղղորդել են՝ ապատեղեկատվություն տրամադրելով: Նա ասաց, որ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ասել «գունագեղ տոնակատարության», նաեւ հավաստիացրեց, որ ի սկզբանե էլ հրավառություն նախատեսված չի եղել:

Թուրքական բեռնատարի մասին ծնողների հարցերին էլ պատասխանեց, որ տոնակատարության համար անհրաժեշտ սարքավորումները Հայաստանում չկան, դրանք բերվել են Գերմանիայից, բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունն է բեռնատարի վրա թուրքական նշումներ արել:

«Մեր եղբայրները զոհվել են, որ երկիրն անկախ մնա։ Մենք անցած տարի, նախանցած տարի գերի չե՞նք ունեցել, որ Անկախության օրը նշել ենք։ Մեր 30 տարիների հիշարժան դեպքերը բեմականացման միջոցով ենք ցույց տալու այդ օրը»,- ծնողներին ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ նախատեսված միջոցառումների ժամանակ բեմականացված ցուցադրվելու են մեր պետության 30 տարիների պատմության հիշարժան դեպքերը: Ծնողները հակադարձեցին, որ իրենք արդեն երկու ժամ է՝ փորձերն են դիտում, ուրախ երաժշտություն է հնչում: Իրենք առաջարկում են ՀՀ դրոշներով Հանրապետության հրապարակում մոմավառություն անել, ապա գնալ Եռաբլուր: Նաիրի Սարգսյանը տեղեկացրեց, որ Եռաբլուր այցելությունը կառավարությունը նախատեսում է առավոտյան, բայց ինքն էլ պատրաստ է երեկոյան, ծնողների հետ կրկին գնալ Եռաբլուր. «Բայց կներեք, 30 ամյակն է, պետք է հիշարժան նշվի՝ հարգելով մեր բոլոր զոհերի հիշատակը»:

Ծնողները կրկին անհամաձայնություն հայտնեցին՝ ասելով, որ ՀՀ անկախության տոնը նշելուն դեմ չեն, բայց կառավարությունը պետք է սպասի մինչեւ զոհերի մեկ տարին լրանա:

«Ոչ ոք չի կարող այդ երաշխավորությունը տա, որ այդ համերգը չի վերածվի արյունահեղության: Կարո՞ղ եք դուք հիմա երաշխավորել…, կոռոնան մի կողմից, գումարած՝ ծախսերը, ասում եք՝ պետությունը չի ծախսել, բարերարները, չէի՞ն կարող այդ բարերարները այդ գումարները ծախսել վիրավորների ապաքինվելու հարցում: Ես ընկած դռնեդուռ գումար են հավաքում, որ բաներ առնեմ՝ տանեմ առաջնագիծ, հազար ու մի բանի կարիք կա: Այս պահին շատ ծանր կացության մեջ է մեր երկիրը»,- ասաց զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղազարյանը՝ հավելելով, որ ոչ ոք, այդ թվում նաեւ ոստիկանության աշխատակիցները չեն կարողանալու վերահսկել, որ տոնն արյունահեղության չվերածվի, քանի որ մարդիկ հուզված են, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե իրեն ինչպես կդրսեւորի։

«40 օր երեխեքը կռվել են, դուք իրանցից լավը չեք։ Մի թող, որ քեզ գործիք սարքեն։ Դուք գործիք եք, բոլորդ։ Սև համերգ կբերեմ գլխներիդ»,- ասաց որդուն կորցրած մայրը:

Ծնողներից մեկն էլ, որի որդին անհետ կորած է՝ ասաց. «Իմ մեջ է վառվում դա, կարող է և չդիմանամ։ Ոչ միայն ես, հարյուրները չեն դիմանա։ Դուք իրավունք չունեք մարդկանց զգացմունքների հետ խաղ անեք, տրակտոր քշեք իմ վրա»:

«Նույնիսկ սինֆոնիա լինի, դուք այդ իրավունքը չունեք։ Մենք էդքան խնդրեցինք, բայց դուք ձեր ասածն արեցիք, որովհետև ծրագիր ունեք։ Դուք պետք է խոնարհված ապրեք, ձեր գլուխը չբարձրացնեք, ոչ թե տոնակատարություն, ինչ-որ թուրքական երկաթի կտորներ հավաքեիք այստեղ։ Գոնե մեր երեխեքի տարին լրանար, գերիներին բերեիք»,- ասաց ծնողներից մեկը:

Նաիրի Սարգսյանը պնդեց նախկինում արած իր գրառումը՝ այն ծնողները, ովքեր միջոցառմանը ծանոթ են, շնորհակալություն են հայտնել կառավարությանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930