Այնուամենայնիվ Հայաստանի «ժողովրդական» իշխանությունն անդրդվելի է և «նշելու» է անկախության «տոնը»։ Պատահական չէ «տոն» բառը չակերտների մեջ առնելը։
Հիշեցում․
Երբ 1988թ․ սկսվեց արցախյան շարժումը, Հայաստանում հատուկենտ մարդիկ էին անկախության կողմնակիցներ։ Անկախության գաղափարը, նույնիսկ 1990թ․ զանգվածային բնույթ չէր կրում։ Ինչևէ, ամեն դեպքում անկախության գաղափարն աճեց և առաջնային հարցերից դարձավ միայն ու միայն արցախյան շարժման շնորհիվ։ Պատահական չէր, որ 1990թ․ ԳԽ-ի կողմից օգոստոսի 23-ին ընդունված «Անկախության հռչակագիրը» , ըստ էության, արձանագրում է այդ փաստը․ «․․․կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա․․․»։ Հենց միայն այս պարբերությունն արձանագրում է, որ Հայաստանի անկախության գաղափարախոսությունը հենվում է Արցախի ինքնորոշման և Հայաստանի հետ միավորման սկզբունքի վրա։ Այո՛, չլիներ արցախյան շարժումը, չէր առաջանա անկախության գաղափարն ու հետևաբար Հայաստանի անկախությունը։
Եվ ահա, այսօրվա իշխանություն կոչեցյալները, որոնց ապիկարության, թե դավաճանության պատճառով կորցրեցինք վերջին տասնամյակների հայ ժողովրդի մեծագույն նվաճում՝ Արցախը․ դեռ պատերազմի վերքերը չչորացած, տոնում է անկախության օրը։
Կարդացեք նաև
Վերոնշյալ անկախության հռչակագրում առկա է նաև հետևյալ պարբերությունը․
- Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
Եվ ի՞նչ․ այսօր Հայաստանի տարածքներում տնօրինություն են անում թշնամի երկրի զորքը, ոստիկանությունը, մաքսային ուղեկալները, այսինքն` գործում են օտար երկրի օրենքները։
Այսօր Հայաստանն իր ինքնիշխանության ամենացածր մակարդակին է հասել, առավել ցածր, քան նույնիսկ ՀԽՍՀ-ը ԽՍՀՄ-ում, վկա նույն «Անկախության հռչակագիրն», ընդունված ԽՍՀՄ տարիներին։
Ամփոփելով այս ամենը, կարելի է փաստել, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումն, ըստ էության, Հայաստանի անկախության մահվան հոգեհանգստի արարողությունն է լինելու։
Եվ ազնիվ կլինի, որ սիմֆոնիկ նվագախումբն այդ օրը կատարի որևէ հանրահայտ մահերգ՝ ռեքվիեմ, ազդարարելով Հայաստանի անկախության մահը։
Ավետիք Իշխանյան