Վահագն Խաչատուրյանը և Ջոն Գալլագերը քննարկել են ոլորտային համագործակցության ընդլայնման հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:
Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել նախարարության կողմից իրականացվող հիմնական ծրագրերի և գործառույթների շրջանակը, որոնք ընդգրկում են թվայնացման, էկոհամակարգի ստեղծման, կրթական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Կարդացեք նաև
Գնահատելով Մեծ Բրիտանիայի նվաճումները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ նախարարը կարևորել է փորձի փոխանակման և խորհրդատվական աջակցության տրամադրման հնարավորությունները, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանի համար: Արտադրական ձեռնարկությունների վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված նախարարը դեսպանին առաջարկել է դիտարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:
Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ՝ դեսպանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դերը շատ կարևոր է երկրի զարգացման համար, նախարարությունը բավական հավակնոտ ծրագրեր է նախանշել, որոնց ներուժը առկա է երկրում: Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում զարգացումներ արձանագրող այնպիսի երկրի հետ ինչպիսին Հայաստանն է, դեսպան Ջոն Գալլագերը բազմաթիվ փոխգործակցության հնարավորություններ է տեսնում:
Ոլորտի զարգացման համատեքստում, նախարարը կարևորել է մասնավոր ընկերությունների դերը։ Նախարարությունը շարունակական աջակցություն է տրամադրում ոլորտային հաջողած մի շարք ընկերությունների թե՛ ֆինանսական, թե՛ արտադրության հզորացման, և թե՛ արտահանման առումներով։
Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես կրթական, նորարական, ներդրումային, շուկայի զարգացմանը միտված ծրագրերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ