ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ողջույնի խոսքը
հանձնաժողովի 20-ամյակին նվիրված միջոցառմանը
Մեծարգո պարոն փոխվարչապետ, մեծարգո ԱԺ փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, համաժողովի մասնակիցներ, հյուրեր, լրագրողներ,
Ողջունում եմ Ձեզ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 20-ամյակին նվիրված համաժողովին: Ուրախ եմ, որ բոլորիս համար բարդ ժամանակաշրջանում այսօր այս դահլիճը բազմամարդ է, և մեր կողքին են գտնվում մեր հայաստանյան և միջազգային գործընկերները, որոնց հետ հանձնաժողովը երկար ու հետաքրքիր ճանապարհ է անցել:
Շնորհակալ ենք այս տարիների ընթացքում ցուցաբերած օժանդակության և գործընկերային մթնոլորտում ծավալված համագործակցության համար, որի շնորհիվ բազմաթիվ կարևոր աշխատանքներ են իրականացվել: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել մեր հարևան երկրի՝ Վրաստանի գործընկերները Ազգային մրցակցային գործակալության նախագահ պարոն Իրակլի Լեկվինաձեի ղեկավարությամբ:
Այստեղ է գտնվում ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ /նախարար/ պարոն Արման Շակկալիևը, ում նախագահությամբ, ի դեպ, երեկ Երևանում անցկացրեցինք ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների «5+1» ձևաչափով խորհրդակցությունը և բավականին արդյունավետ քննարկումներ ունեցանք: Իհարկե, համավարակով պայմանավորված արտերկրի մեր շատ գործընկերներ ֆիզիկապես չկարողացան այստեղ գտնվել, սակայն մենք նրանց ներկայությունը նույնպես կվայելենք. նրանք նույնպես մեր կողքին են և մեզ կմիանան տեսակապի միջոցով:
Կարդացեք նաև
Հարգելի գործընկերներ,
20-ամյա հոբելյանն առաջին հերթին անցած ճանապարհին հետհայացք գցելու, ձեռքբերումներն ու բացթողումները վերաիմաստավորելու և դրանց հիման վրա ապագայի առավել հստակ և ճիշտ զարգացումը նախանշելու առիթ է: Այս համատեքստում պետք է արձանագրենք, որ 2001 թվականից մինչ օրս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կայացման կարևոր ուղի է անցել՝
- ընդլայնվել և հստակեցվել են Հանձնաժողովի իրավասություններն ու լիազորությունների շրջանակը,
- բարձրացել են մարմնի անկախության երաշխիքները, և ներկայումս Հանձնաժողովը անկախության բարձր աստիճան ունեցող ինքնավար մարմին է,
- բիզնեսի և հասարակության գիտակցության մեջ բարձրացել է Հանձնաժողովի դերն ու նշանակությունը:
Եթե տարիներ առաջ, երբ Հանձնաժողովը նոր էր կազմավորվում, տնտեսական մրցակցությունը պարզապես նոր, շատերին օտար հասկացություն էր, ապա այժմ մրցակցության կարևորությունը քչերը կասկածի տակ կդնեն: Առողջ, բարեխիղճ մրցակցությունը տնտեսության առաջընթացի, աճի որակի ապահովման հարցում այլընտրանք չունի և անպայմանորեն դրական փոփոխություններ է բերում բոլորիս կյանք: Մրցակցության կարևորությունն ավելի է ընդգծվում ժամանակակից աշխարհում, որտեղ մարտահրավերներն առավել անկանխատեսելի և դժվար կառավարելի են: Վառ օրինակ էր Covid 19 համավարակը, որը բոլորիս համախմբեց միևնույն խնդիրների շուրջ:
Ամփոփելով՝ պետք է արձանագրեմ, որ գրանցված ձեռքբերումները քիչ չեն, սակայն սպասվող անելիքներն առավել շատ են և բոլորիցս կրկնակի ջանքեր ու աշխատանք են պահանջելու: Մեր քաղաքականությունն առաջիկա տարիներին հիմնված է լինելու 4 կարևոր հենասյուների վրա՝ օրենսդրության կարգավորում, թվայնացում, մարդային ռեսուրսների կառավարում և մրցակցության քարոզչություն:
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս Հանձնաժողովի 20-ամյակի առթիվ: Մաղթում եմ արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով