Զոհված զինծառայողների ծնողները ուրբաթ՝ սեպտեմբերի 17-ին, հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների ծնողները իրենց հայտարարություններով և ֆեյսբուքյան գրառումները կոչ են անում չեղարկել «գունագեղ միջոցառումը» և որոշ բաներ վերանայվել են:
«Ոչ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի: Խնդիրը այն է, որ գունագեղ շոուներով այսպիսի մեծածավալ միջոցառումներով, որոնց վրա, ըստ իրենց, ծախսվելու է 2 միլիոն դոլարից ավել գումար: Պատերազմի առաջին տարելիցին ընդամենը 6 օր է մնում, երբ որ տղերքի շիրիմները թարմ են, երբ որ դեռ ունենք գերիներ, երբ որ ունենք անհետ կորած հարյուրավոր տղերք, որոնց մասունքները կամ իրենց դեռ փնտրում են, այս իրավիճակում այսպիսի մեծածավալ շոու կազմակերպելը իրոք անընդունելի է»,- ասաց նա:
Գեղամ Նազարյանի խոսքով՝ շատ ծնողներ ավելի ծայրահեղ են մոտենում՝ ասելով ընդհանրապես որևէ տեսակի միջոցառում չպետք է լինի. «Այս ամենը անելուց առաջ կարելի էր խորհրդակցել: Եթե իրենք չէին պատկերացնում կամ չեն գնահատում առկա իրողությունները խորհրդակցեին զոհված հերոս տղաների ծնողների հետ և գերիների ծնողների հետ՝ հարցնելով իրենց տեսակետը, թե ի՞նչ են մտածում այս ամենի մասին»:
Նա կարծում է, որ սեպտեմբերի 21-ը պետք է նշեին այլ ձևաչափով. «Եկե՛ք չեղարկենք համերգը՝ դրա փոխարեն այլ միջոցառումներ կազմակերպենք: Իմ տղան՝ Աբգարը, մյուս տղաները՝ Մխիթարը, Էրիկը, Էդգարը իրենք էս պետության անկախության համար են չէ՞ զոհվել: Էս օրը, էս տոնը պետք է անպայման նշվի, բայց տգեղ է, երբ որ այս մասշտաբներով է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ