Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անկախության 30-ամյակի կապակցությամբ ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին ու աշխատողներին պարգեւատրելու որոշում է ստորագրել:
Այս առիթով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգեւավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել»:
«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը դեմ է բոլոր տեսակի պարգեւավճարներին. «Խոսքը վերաբերվում է ամենամյա կամ պատեհ-անպատեհ տրվող պարգեւավճարներին: Հատկապես, որ բոլորս գիտենք, որ երկրում ունենք լուրջ ֆինանսական խնդիրներ: Եվ ընդամենը վերջերս կառավարության ղեկավարը հայտարարեց, որ որոշակի պետական միջոցների բացթողումներ սառեցվում են, խոսքը վերաբերվում է նաեւ պետպատվերներին՝ սկսած զինվորական աջակցության կամ առհասարակ հիվանդանոցներին եւ այլն: Այս ֆոնի վրա ցանկացած պատրվակով տալ պարգեւավճար, դա կլինի տոն, թե ոչ տոն, մենք համարում ենք անհիմն»:
Դոխոյանի խոսքով, քանի որ օրենքը թույլ չի տալիս պարգեւավճարը վերադարձնել, իրենք նշված գումարները պատրաստվում են ծախսել այլ նպատակով. ««Պատիվ ունեմ» դաշինքը որոշում է կայացրել, որ այս միջոցները պետք է ծախսվեն հենց այն նպատակով, ինչ նպատակով, որ սառեցվել է պետական միջոցների տրամադրումը: Այսինքն, պատերազմից տուժած ընտանիքների հետ կապված օգնություններ կլինեն, սոցիալական աջակցություններ եւ այլն»:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ-ում ներկայացնում է 7 պատգամավոր:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Վահե Դոխոյանի ՖԲ էջից