«Բաց կառավարման գործընկերությունը մեր քաղհասարակությանը տալիս է այն, որ պետությունը բացում է տվյալ և տալիս է այդ տվյալը մեր գործընկերներին ու ասում՝ խնդրում եմ աջակցել ինձ հասկանալու համար՝ արդյոք որևէ քողարկում կամ թաքնված գործարքներ կա՞ն այս կամ այն կազմակերպության հետևում»,-«Իրական սեփականատերերի թափանցիկությունը» թեմայով աշխատանքային քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ կառավարության բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի քարտուղար Լիլյա Աֆրիկյանը:
Քննարկումն իրականացվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) նախաձեռնությամբ ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում ԲԿԳ-Հայաստան քարտուղարության հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
Կարդացեք նաև
ԲԿԳ հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագրում ներառված հանձնառությամբ ՀՀ կառավարությունը ստանձնել էր մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ և գործարկել իրական շահառուների հանրային ռեգիստր: Իրականացված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 2021-ի սեպտեմբերի 1-ից սկսվել է լիցենզավորվող ընկերությունների կողմից իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու գործընթացը։ Միջոցառման նպատակն է մասնավոր ընկերություններին, լրատվամիջոցներին ներկայացնել օրենսդրությամբ նախատեսվող պարտավորությունները, դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առաջ եկող վարչական և քրեական պատասխանատվություն սահմանող նորմերը։
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը ողջույնի խոսքում նշեց. «Ոչ մի բարեփոխում իդեալական չի կարող լինել, այն միշտ առաջ է բերում խնդիրներ, մտահոգություններ, որոնք քննարկելուն, դրանց մասին իրազեկելուն և պետական կառույցներին հասցնելուն է ուղղված մեր այս հանդիպումը»:
ՄԱԶԾ Կոլբա լաբ, «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Հովհաննես Երիցյանը ողջույնի խոսքում նշեց. «Հաճելի է, որ կարողանում ենք քննարկել այն հարցերը, որոնցից կախված է ոչ միայն անհատների, սեփականատերերի ապագան, այլև մեր յուրաքանչյուրի և երկրի ապագան: Իհարկե, կլինեն մտահոգություններ, որ ինչ-ինչ հանձնառություններ խնդիրներ, բացեր ունեն»:
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Անի Վարդերեսյանն էլ ներկայացրեց իրական շահառուների թափանցիկությանն ուղղված օրենսդրությունը և հանրային ռեգիստրը:
ՀՀ Կառավարության բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի քարտուղար Լիլյա Աֆրիկյանը նկատեց՝ այն բարեփոխումները, որ կատարվում են բաց կառավարման գործընկերության շրջանակներում, այնքան հանրային իրազեկվածություն չեն ապահովում, որ բնակիչները, քաղաքացիները տեղեկանան բարեփոխումների մասին:
Խոսելով բարեփոխումների մասին՝ նա ասաց. «Կառավարությունը, համագործակցելով քաղաքացիական հասարակության հետ, նպատակ ունի ավելի քաղաքացիակենտրոն դարձնել հանրային կառավարումը: Բաց կառավարման գործընկերության՝ 2018-2020 թվականների ամենաաստեղային հանձնառություններից մեկը, որն այդպես է ճանաչվել միջազգային հանրության կողմից, միտված է իրական շահառուների բացահայտմանը: Այն միջազգային միտում է, բայց ոչ բոլոր զարգացած երկրներն են պատրաստակամ միանալ, քանի որ այս գործընթացը պարունակում է շատ ռիսկեր՝ սկսած բիզնեսի վնասումից մինչև տեղեկությունների բացում. խոսքը ոչ վճարովի տեղեկությունների բացման մասին է: Այս հանձնառությունը մենք ստանձնեցինք 2018-ին, իհարկե, այդ ժամանակ շատ ռիսկային էր մեզ համար, կառավարությունը նոր էր ձևավորվել: Գնացինք այդ ռիսկին. այսօր արձանագրում ենք առաջընթաց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ