«Այդ գանգատն ավելի շուտ էլ էր հնարավոր ներկայացնել։ Բովանդակությունից պարզ է, որ վերաբերում է պատերազմին եւ դրանում պետք էր նաեւ Թուրքիայի դերակատարումն ընդգծել»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ-ն գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով, ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։
Նա փաստեց, որ ՀՀ իշխանությունն ինքն էր քանիցս ընդգծել Թուրքիայի մասնակցությունն այդ միջազգային հանցագործություններին․ «Պնդում եմ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան միջազգային հանցագործներ են։ Իշխող խմբակցությունը, սակայն, գտավ, որ անմեղության կանխավարկած եմ խախտում։ Եթե անգամ խախտում եմ, ճիշտ եմ անում։ Որոշ դեպքերում այլ գնահատական տալ հնարավոր չէ»։
Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ նիստերից մեկում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը մատնանշել էր, որ Արամ Վարդեւանյանը միշտ անմեղության կանխավարկածից է խոսում, ուստի Էրդողանին «միջազգային հանցագործ» անվանելիս էլ թող անմեղության կանխավարկածը պահպանի։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հակընդդեմ հայցին, Վարդեւանյանի խոսքով, այն զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական․ «Միջազգային հանրության համար հստակ եւ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից են կատարվել մի շարք միջազգային նորմերի խախտումներ, այդ թվում՝ ուժի արգելման սկզբունքի, ազգերի ինքնորոշման իրավունքի։ Ի դեպ, ՀՀ պաշտոնատար անձանց դիրքորոշումները չեմ բխում նման գանգատ ներկայացնելուց, համարժեք գնահատականներ չեն տրվում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ