Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ ադրբեջանական կոնյակի, որը ծիծաղելի բառակապակցություն է՝ ռուսական շուկայում իմիջն ավելի բարձր է, քան հայկականինը. Ավագ Հարությունյան

Սեպտեմբեր 17,2021 15:23

Հակառակ կառավարության ներկայացուցիչների հավաստիացումների, որ խաղողի մթերման գործընթացում որեւէ խնդիր չկա, «Գինու ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը պնդում է՝ խաղողագործն այսօր կանգնած է լուրջ խնդիրների առաջ: Նրա խոսքով, կառավարության կողմից այդքան էլ ճիշտ մոտեցում չէ՝ ձեռքերը լվանալ, մի կողմ քաշվել՝ ասելով, թե շուկան կկարգավորի խաղողի գինը. «Խաղողի մթերման գները երբեք էլ գոհացուցիչ կամ ընդունելի չեն եղել: Հայաստանում գները երբեք չեն սահմանվել առաջարկի, պահանջարկի կամ շուկայի տրամաբանության հիման վրա, խաղողը միշտ դուրս է եկել շուկայի տրամաբանությունից: Խաղողը միշտ եղել է քաղաքական էլեմենտ շուկայում եւ իր վրա կրել է քաղաքականությունը՝ լավ ու վատ կողմերով: Քանի որ որոշիչ է գյուղացու ձայնը, դա նշանակում է, որ կարելի է գնել կամ՝ ուղիղ վճարելով կամ որոշակի խոստումներ տալով: Ես գնում եմ քո խաղողը՝ միայն թե ընտրի այս նախագահին, այս վարչապետին: Սա բերեց նրան, որ խաղողը դուրս եկավ բիզնես դաշտից որպես սովորական ապրանք եւ մտավ քաղաքական դաշտ: Այս իրավիճակում դժվար է որոշել՝ ինչ արժե խաղողը: Գինը շուկայում սահմանել է «Պեռնո Ռիկարը» եւ 4-5 գործարաններ պահել են այդ գինը: Մնացած մթերողները որքան հնարավոր է՝ իջեցրել են խաղողի գինը»:

Ավագ Հարությունյանի խոսքով, նախորդ կառավարությունների օրոք պետությունը կիրառել է քաղաքական, վարչական լծակներ՝ արտադրողներին ստիպելով վերցնել խաղողը. «Այս իշխանությունների քաղաքականությունն այլ էր՝ մենք հեռու ենք շուկայից, չենք ուզում խառնվել արտադրողների գործին, դա նրա եւ գյուղացու փոխհարաբերություններն են: Գլոբալ առումով սա ճիշտ մոտեցում է, բայց պետք է հաշվի առնել երկու իրողություն: Անցյալ տարի մենք չենք ունեցել շուկա, որովհետեւ եղել է պատերազմ, ՔՈՎԻԴ, այսինքն՝ շուկայական գին ասվածը գոյություն չի ունեցել եւ եղել է աննախադեպ բարձր բերք: Սրան գումարած՝ պետության իներտություն: Եվ ոչ ոք չհասկացավ՝ ինչ եղավ, ինչպես մթերվեց: Ճիշտ է՝ պետությունը որոշակի մեխանիզմներ կիրառեց՝ որքան ուզում ես վարկ վերցրու սկզբունքով եւ այլն, բայց գնի հարցով մնաց լոյալ: Այդ նույնը կրկնվեց այս տարի եւ քանի որ այս տարի իրացումը չկար եւ արտադրողների մոտ պաշարները գրեթե նույն չափի էին, ինչ-որ անցյալ տարեսկզբին, խաղողի գինը կրկին ընկավ, քանի որ պահանջարկ չկա»:

Ավագ Հարությունյանի խոսքով՝ ճիշտ է պետությունը երկարաձգեց մթերողների վարկերը, հանդիսացավ գրավների մի մասի երաշխիք, բայց սա խնդիրը չլուծեց. «Բերքը շատ-շատ է, երկրորդ՝ գյուղացու եւ արտադրողի հետ չաշխատել եւ չունենալ գյուղացի-արտադրող եւ պետություն կորպորացիա, բերում է այսպիսի կազուսների: Առաջին երեք տարիներին այդ ամենի հետեւանքը կտեսնենք»:

Կազմակերպության ղեկավարը ցավով է նշում, որ Հայաստանը կոնյակի, գինու ոլորտում ռուսական շուկայում, իմիջի տեսանկյունից, դարձել է երրորդական, չորրորդական խաղացող. «Այսօր վրացական, նույնիսկ, ադրբեջանական կոնյակի, որը ծիծաղելի բառակապակցություն է, իմիջն ավելի բարձր է: Մենք կամաց-կամաց զիջեցինք այն տեղը, որը վերջին 150 տարվա ընթացքում կարողացել էինք ձեւավորել»:

Ավագ Հարությունյանի հաշվարկներով այս տարի կունենաք 130 հազար տոննա խաղող:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930