«Այսօր տեղեկացել ենք, որ ԱԺ պատգամավորները պարգեւավճար են ստացել։ Ենթադրում ենք, որ անկախության տոնին է նվիրված։ Սա անընդունելի է։ «Հայաստան» դաշինքը չի օգտվելու այդ պարգեւավճարներից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Դա դատապարտելի է։ Երկրում ծանր սոցիալական խնդիրներ կան, հաշմանդամություն ունեցողներ, վիրավորներ, եւ այդ իրավիճակում պատգամավորները պարգեւավճար են ստանում։ Մենք չենք օգտվի այդ գումարից։ Կամ կվերադարձնենք պետբյուջե, կամ սահմանամերձ մարզերում այդ գումարով որեւէ ծրագիր կիրականացնենք։ Պատրաստվում ենք ՍԴ բողոք ներկայացնել պարգեւատրման ինստիտուտի առնչությամբ․ առանց չափորոշիչների պարգեւավճար տալն անընդունելի է»,-նշեց Սաղաթելյանը։
Հարցին անդրադարձավ նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ հայտնելով․ «ԱԺ աշխատակազմը եւ պատգամավորներն անկախության տոնի առիթով սիմվոլիկ պարգեւ են ստացել՝ գումար պարգեւատրման տեսքով (ի դեպ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՖԲ էջում մասնավորապես հայտնել է. «Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381 420 դրամ գումար։ Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։ Հայաստան խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգեւավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել».- խմբ): Դա ոչ միայն օրենսդիր մարմնին է վերաբերում, այլեւ պետական ապարատին։ Պաշտոնյաներն անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում՝ ստացել են տարբեր չափերի գումար»։
Կարդացեք նաև
Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը եւս հրաժարվել է պարգեւավճարից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ