Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության ասած սովետական քարտեզներն անգամ Ադրբեջանի կողմից ընդունված չեն»․ Աննա Մկրտչյան

Սեպտեմբեր 17,2021 14:35

«Հնարավոր բոլոր մասնագիտական շրջանակներն ասել են, որ վարչատարածքային բաժանման մասին օրենքն ունի կարգավորման առարկա․ որեւէ ներպետական իրավական ակտով չի կարող սահմանվել երրորդ պետության հետ հարաբերություն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վկայակոչած այն հանգամանքին, որ ադրբեջանցիները Որոտանի հատվածում են տեղակայված սովետական քարտեզների համաձայն՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Դրա համար այլ միջազգային իրավական ընթացակարգեր կան։ Այդ օրենքի առաջին հոդվածով ամրագրված է, թե այն ինչին է ուղղված։ Եթե վերջին ամիսներին իշխանությունը փորձում  էր ներկայացնել, թե Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն իրականացվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, հիմա փոխել են հռետորաբանությունը եւ փորձում են սովետական քարտեզներ մեջբերել, որոնք անգամ Ադրբեջանի կողմից ընդունված չեն, որովհետեւ Ադրբեջանն իրեն չի համարում սովետական Ադրբեջանի իրավահաջորդ»,-շեշտեց Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ պետական սահմանի եւ երրորդ պետության հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն միջազգային եւ երկկողմ փաստաթղթերով․ «Անհեթեթ է, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ մեջբերում է վարչատարածքային բաժանման մասին օրենքը։ Դրանում չեք գտնի բառակապակցություն, որ դրանով ՀՀ-Ադրբեջան հարաբերություններն են կարգավորվում։ Ի դեպ, Արծվաշենը հայկական տարածք է, բայց այնտեղ հայկական անցակետ չկա, մինչդեռ մեր միջպետական ճանապարհը զավթված է Ադրբեջանի  ոստիկանության կողմից»։

Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ նկատեց՝ «խորհրդային քարտեզներ» հասկացությունը լայն է․ «Դրանք տարբեր քարտեզներ են։ Հույս հայտնեմ, որ մեր ԱԳՆ-ն ունի առաջնահերթություն, թե որ թվականի քարտեզներով են աշխատելու։ Ոչ բոլոր քարտեզներն են ձեռնտու ՀՀ-ի համար։ Սահմանազատման հարցերին կարելի է անցնել այն ժամանակ, որբ այլեւս չկան խնդիրներ»։

Աննա Մկրտչյանն անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՄԻՊ զեկույցի՝ հայ ռազմագերիների խոշտանգման տվյալները «հորինած տեսարաններ» էր անվանել․ «ՄԻՊ զեկույցի օգտագործման եղանակը դրա՝ աշխատանքային փաստաթուղթ դարձնելն է յուրաքանչյուրիս համար եւ դրա տվյալներն օգտագործելն ի նպաստ այն քաղաքացիների, որոնք հիմա Բաքվի բանտերում են։ Իրականում իրավիճակն աղետալի է, եւ այդ մասին պետք է ասել, ոչ թե կոծկել իրականությունն ԱԺ նիստերի դահլիճում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930