Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը Արտակ Մանուկյանին հարցրեց՝ չե՞ք զղջացել, որ խփել եք Էդմոն Մարուքյանին

Սեպտեմբեր 17,2021 14:25

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանի թեկնածության հարցը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նրան հարցրեց. «Դուք արդեն քաղաքականությունից դո՞ւրս եք եկել, չե՞ք զբաղվում քաղաքականությամբ: Ինչո՞վ է հիմնավորվում դա: Ոնց հասկացա, դուք չեք փոխել ձեր հայացքները, ձեր մոտեցումները ՔՊ-ի մոտեցումների շրջանակում ձեւակերպված: Եթե չեմ սխալվում, դուք այն պատգամավորներից էիք, ով նախորդ գումարման ԱԺ-ում աչքի էր ընկնում որոշակի բռնություններով, այդ թվում նաեւ Էդմոն Մարուքյանի միջադեպի շրջանակներում: Հիմա փոշմանե՞լ եք այդ վարքագծից, թե՞ այնուամենայնիվ պահպանել դա»:

Արտակ Մանուկյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, երբ որ կանաչ տնտեսությունն էինք քննարկում, գաղափարախոսություն կար, որ ԱԺ-ն փորձի «ոչ պլաստիկին» գործառույթներ իրականացնի ու այդ համատեքստում քննարկում էի, որ պլաստիկ շշերը կարելի է փոխարինել ապակե շշերով, բայց ձեր մասնակցությամբ միջադեպը նայելուց հետո այդ գաղափարախոսությունից, տրամաբանությունից ընդհանրապես զերծ եմ մնալու, որ առաջարկեմ: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ մասնակցությամբ միջադեպին, այն ունի նախապատմություն: Եթե հիշում եք, չնայած այդ միջադեպի ընթացքում ես պարզաբանումներ տվել եմ, բայց Մայիսի 8, Շուշիի մասին տարատեսակ մոտեցումներ, եւ ես նկատում եմ, որ Էդմոն Մարուքյանը ցատկելով խփում է Սասուն Միքայելյանին: Ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորելու համար ես փորձել եմ սթափեցնող միջամտություն ունենալ, որպեսզի կանխեմ իմ համար չափազանց կարեւորագույն այդ օրը նման վարքագիծը: Ասում են՝ երբ որ մարդը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսեւորում, սովորաբար սթափեցնող միջոցառումներն օգուտ են»:

Ինչ վերաբերում է քաղաքական հայացքներին, նա ասաց, որ մասնագիտական առաքինությունը կարեւորում է, անկուսակցական է, բացի այդ, եթե ստանձնում է նման պաշտոն, քաղաքական զսպվածություն պետք է դրսեւորի. «Եթե չդրսեւորեմ քաղաքական զսպվածություն, օրենսդրությունը ձեզ թույլ է տալիս որոշակի գործընթաց սկսել»:

Արծվիկ Մինասյանն ասաց. «Ձեր ձեւակերպումներում հերն անիծեցիք քաղաքական զսպվածության երաշխիքների»: Նա ասաց, որ գոնե պիտի զղջար Մարուքյանին հարվածելու վարքագծի համար, բայց փոխարենը՝ նա շշի միջադեպն է վկայակոչում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930