Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«90-ամյա դերասանուհին նոր դեր է ստանում թատրոնի 90-րդ թատերաշրջանում». թատրոնի տնօրեն

Սեպտեմբեր 17,2021 13:49

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի բացման առիթով «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նշեց. որ շատերը խոսելով մարզային թատրոնների մասին` նույնիսկ չեն էլ պատկերացնում մարզային թատրոնների կարեւորագույն առաքելությունն ու նշանակությունը:

«Մարզային թատրոններն այն բացառիկ, եզակի կառույցներն են, որոնք ակտիվություն են հաղորդում մշակութային կյանքին, ստեղծում են մշակութային բովանդակություն: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն առաջնակարգ մարզային թատրոններից է եղել բոլոր ժամանակներում եւ այսօր էլ այդպիսին է: Ես ուրախ եմ, որ վառ աստղաբույլ ունեցող թատրոնի պատմությունը բոլոր ժամանակներում ունեցել է շատ ակտիվ դրսեւորումներ»,-ասաց Արա Խզմալյանը: Նա հավելեց, որ թատրոնը շատ բուռն գործունեություն է ծավալում եւ բոլոր ժամանակներում էլ թատրոնի դերասանական սերունդների խնդիրը կարծես թե լուծված է եղել:

«Այդ առումով Աբելյան թատրոնն ունի առավելություն, եւ այսօր յուրաքանչյուր պիես բեմադրելիս մենք ունենք տարբեր սերունդների, տարիքային տարբեր խմբերի արտիստներ, որոնք կարող են ընդգրկվել ներկայացումներում եւ դերասանական անսամբլային համերաշխության մեջ ձեւավորել գեղարվեստական արժեք: Մենք տարբեր միջոցառումներ ենք իրականացնում թատրոնի հետ` պետական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ուրախ եմ, որ ամուր կանգնած լինելով ավանդական պատկերացումների եւ ավանդական արժեքների վրա` թատրոնը պարբերաբար խիզախումներ է ունենում անսպասելի, անկանխատեսելի դրսեւորումների տեսակետից»,-հավելեց նախարարի տեղակալը:

Նախարարի տեղակալն առաջարկեց, որ նույն դրամաշնորհային ծրագրերի շրջանակում թատրոն հրավիրվեն տարբեր բեմադրիչներ. «Դռները պետք է բաց լինեն բոլոր տաղանդավոր մարդկանց համար»: Ասաց նաեւ, որ իր խոնարհումն է բերում թատրոնի 90 տարիները ձեւավորած բոլոր մարդկանց առջեւ:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն ասաց, որ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 22-ին` Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր Հայրենի» ներկայացումով: Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:

Լուսինե Սահակյանը հույս հայտնեց, որ հոբելյանական միամսյակը լինելու է գերհագեցած եւ հոբելյանը միամսյակով չի ավարտվելու` հանդիսատեսի ակնկալիքների տեսանկյունից. «Ունենալու ենք եւս մեկ ներկայացման պրեմիերա` «Հիշիր վաղվա օրդ», որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է, եւ սա Վինա Դելմարի ստեղծագործության բեմադրությունն է: Այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի 90-ամյա հոբելյանին: Սա շատ կարեւոր է այն առումով, քանի որ 90-ամյա դերասանուհին նոր դեր է ստանում, եւ նոր բեմադրությունը նվիրվում է հենց այդ դերասանին»:

Լուսինե Սահակյանի խոսքով, կարիք չկա շեշտելու, որ մարզի մշակութային քաղցը բավարարող օջախներից մեկն է Լոռու մարզային միակ մայր թատրոնը: Հավելեց, որ տարվա ընթացքում այլ պրեմիերաներ էլ են եղել, իսկ քովիդի շրջանում էլ էլեկտրոնային հարթակների միջոցով փորձել են քիչ թե շատ լրացնել հանդիսատեսի եւ թատրոնի միջեւ բացակայող կապը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930