Սեպտեմբերի 16-ից Մեղրի համայնքի Ղալադաշի տարածքում անտառային հրդեհ է բռնկվել: Թե ինչից է ծագել հրդեհը՝ պարզ չի, բայց այդ տարածք հասել է «Արևիկ» ազգային պարկի բուսածածկի հրդեհից։
Մեղրիի համայնքապետարանը կոչով դիմել էր համայնքի բնակիչներին՝ ամենագնացներով, անհրաժեշտ գործիքներով գիշերը միանալ հրդեհաշիջման աշխատանքներին ու գիշերը ժամը 3-ից մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին։
Ղարադաշը Ագարակի վարչական տարածքի մեջ է մտնում, եւ Ագարակի վարչական ղեկավար Գեւորգ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտ 50 մարդ արձագանքել է համայնքապետարանի կոչին։ «Համայնքապետի պաշտոնակատար Արարատ Թումանյանը մոբիլիզացրեց ուժերը, մեզ աջակցել է նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Քանի որ հսկայական տարածք է, բաժանվել ենք խմբերի ու փորձում են հողը փորել, որ կրակը չհասնի անտառ»,–ասում է Գեւորգ Առաքելյանը։
Կարդացեք նաև
Աշխատանքները դժվարացնում է քամին, որը կրակը տարածում է։ «Մասշտաբով չեմ կարող ասել, բայց մոտ 100 հա տարածք արդեն վառվել է»,–նշեց Առաքելյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ