«Արցախցիներն իրավունք ունեն ապրելու այնպես, ինչպես անգլիացիները, ֆրանսիացիները եւ աշխարհի մյուս ժողովուրդները, միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի արցախցիների ապրելու իրավունքի հետ»,- այսօր կառավարության շենքի մոտ հայտարարեց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:
Այս պահանջ-նամակը Արցախից տեղահանվածները կփոխանցեն նաեւ ՄԱԿ-ի գրասենյակ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանատներ, քանի որ այս երկու երկրներն են պնդում հայտարարությունները, որ Արցախի հարցը լուծված չէ: Արցախից տեղահանվածները դիմում են միջազգային հանրությանը, քանի որ ՀՀ կառավարությունում իրենց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնականն է հեռախոսով պատասխանել, որ այս պահին հստակություն չկա եւ իրենց ոչինչ ասել չեն կարող:
Ամենով հանդերձ, ՀՀ կառավարությունից Արցախից տեղահանվածները մեծ հույսեր չունեն:
Կարդացեք նաև
«Մենք ոգեւորված չենք Երեւանում ապրելով կամ Ֆրանսիա գնալով»,- ասաց Լեւոն Հայրյանը՝ պահանջելով ՀՀ իշխանությունից՝ ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 7-րդ կետը, որպեսզի իրենք կարողանան վերադառնալ Հադրութ: «Հադրութն ու Շուշին ետ բերեն՝ բոլորն էլ կվերադառնան, այդ տեղերից ապրելու լավ տեղ չկա»,- ասում է Լեւոն Հայրյանը՝ պնդելով, որ ապահովվի Արցախ վերադառնալու իրենց իրավունքը:
Ցուցարարները ՀՀ եւ Արցախի կառավարություններից նաեւ պահանջում են Արցախի կարգավիճակի մասին հստակ պահանջի առաջ քաշում. «Արցախը պետք է ճանաչվի Հայաստանի մաս եւ միջազգային խաղաղապահներ տեղակայվեն, ոչ թե ռուս, որոնց մանդատը միակողմանի է եւ ՌԴ-ն հաճախ ՀՀ շահերը ստորադասում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իրենց շահերին»: Եթե ՀՀ եւ Արցախի իշխանությունները չեն կարողանում ապահովել Արցախից տեղահանվածների բնակության իրավունքը Արցախում, ապա նրանք քաղաքական ապաստան են խնդրելու օտարերկրյա դեսպանատներից: Արցախից տեղահանվածներին բարկացնում է արդեն 10 ամիս ՀՀ եւ Արցախի իշխանությունների անտարբերությունն իրենց նկատմամբ, ավելին, գոյություն քարշ տալու համար իրենց տրամադրվող սոցիալական օգնություններն էլ կտրել են, մինչդեռ Ադրբեջանին հանձնված տարածքներում, որտեղ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին պատկանող ձեռնարկություններն էին, սեփականատիրոջը խոշոր փոխհատուցումներ են տրամադրվել:
«Մեր պահանջը ՀՀ կառավարությունից այն է, որ Արայիկ Հարությունյանին վերահսկեն: Արցախում կոռուպցիա է, այստեղից ուղարկված գումարները նպատակային չեն օգտագործվում. այնպես են որոշում, որ սովորական քաղաքացին, որը որ բյուջետային աշխատող չի եղել, ապրուստը գյուղից է եղել, այսօր ոչ մի բան չեն ստանում… Արաքսի Ափից մինչեւ Քարվաճառ, սաղ եղել է Արայիկ Հարությունյանինը. թե խաղողի այգիներն էլ է եղել իրենը, թե արտերն էլ, թե ՀԷԿ-երը, գործարանները, սաղ իրենն է եղել: Սովորական քաղաքացիներին՝ բոլորին, հենա գրած դասալիքներ: Մենք պահանջել ենք, որ փոխհատուցումները հանրայնացնեն, խոստացել են հանրայնացնել, բայց ոչինչ չկա: Մենակ գիտենք, որ 100-ին մոտ գյուղտեխնիկայի փոխհատուցում է տրվել, էն էլ չգիտենք, թե ո՞վ է ստացել»,- ասաց ցույցի մասնակից պահեստազորի սպան:
«Մեր հարցերը եւ քաղաքական են, եւ կենցաղային, եւ անձնական. այս ամենը առաջացել է նրանից, որ մենք երբ 4-5 ամիս առաջ իմացել ենք ՀՀ եւ Արցախի կառավարությունների ծրագրերի մասին, որ ուզում են մեզ բնակարաններով ապահովել, դիմեցինք որ բնակարանային ծրագրերն իրականացնելիս մեր կարծիքները հաշվի առնեն: Մեր առաջին նամակներին երկու ամսից ավել պատասխան չեկավ: Քանի որ առաջին ամիսը համընկավ ընտրությունների հետ, մենք ոչինչ չասացինք, որ չասեն, թե արցախցիներն իրենց խնդիրներով խառնվում են հայաստանյան ընտրություններին: Ընտրություններից եւս մեկ ամիս անց ասացինք՝ ինչո՞ւ չեք պատասխանում մեր նամակներին: Երբ ասացինք, որ կհրապարակենք մեր նամակները, երեք օրից պատասխան տվեցին, որը բովանդակային առումով ոչ մի կապ չուներ մեր նամակ-խնդրանքի հետ: Դրանից հետո սկսեցինք պահանջել, որ հաշվի առնեն մեր կարծիքը. իրականում մի քիչ մեզ համեստ ենք պահում, կառավարության վիճակն էլ վիճակ չի, ավելորդ սրացումներից փորձել ենք հեռու մնալ, աշխատելով խորհուրդներով, նամակներով աջակցել»,- մանրամասնեց Լեւոն Հայրյանը:
Ըստ բանախոսի, Հայաստանում, շինարարության ոլորտում մեծ կոռուպցիա կա, եւ եթե ասենք X գումարով կարելի էր մեծ մասին ապահովել, այդ գումարի կեսը շինարարության ընթացքում փոշիանալու է. «Ենթադրենք ես այս պահին չեմ ուզում բնակարան գնել, ուզում եմ այգի կամ ֆերմա գնել, աշխատեմ այդ եկամուտով բնակարան ձեռք բերեմ: Ինձ թվում է, որ մեր իշխանությանը առաջին հերթին հետաքրքրել է այդ շինարարության բիզնեսի պրոցեսում առաջացող փողերը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ