Facebook ընկերությունը հայտարարել է իր նոր քաղաքականության մասին, որի շրջանակում սոցցանցի ղեկավարությունը կարգելափակի այն օգտահաշիվների ցանցերը, որոնք «կոորդինացնում են սոցիալական վնաս»:
Ընկերությունը պարզաբանել է, որ այդպիսով կկարողանա պայքարել այն օգտատերերի վարքի հետ, որոնց դեմ չէր կարող պայքարել հին կանոնների շրջանակում: Փաստացի, եթե հին քաղաքականությունը ենթադրում էր պայքար կեղծ օգտահաշիվների հետ, ապա նորն իրենց հնարավորություն է տալիս դիմակայել արդեն իրական օգտատերերի «թշնամական և վնասաբեր վարքին»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդկերպ ընկերությունը կարող է պայքարել այն ցանցերի դեմ, որոնք ապատեղեկատվություն են տարածում պատվաստումների վերաբերյալ կամ փորձում են քաղաքական բռնություն կազմակերպել: Ավելին, ընկերությունն արդեն հասցրել է փակել այդպիսի մի խումբ Գերմանիայում, որը փոխկապակցված էր Querdenken շարժման հետ և դավադրապաշտական տեսություններ էր տարածում երկրում կորոնավիրուսի սահմանափակումների վերաբերյալ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ