Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ակնկալում է, որ Նախիջեւանի հետ Իրանի տարածքով կապը կփոխարինի Մեղրիով անցնելիք ճանապարհով, սակայն այստեղ առաջնային է դառնում այդ երկու պետությունների հարաբերությունների հարցը: Ադրբեջանի այս քայլը կարող է ընկալվել տարածաշրջանում հակաիրանյան գործընթացների համատեքստում, որը նաեւ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի մյուս խոշոր թիրախն է, եւ այդ ուղղությամբ գործողություններն անխուսափելիորեն մեկնարկելու էին: Նույնիսկ ադրբեջանական սոցիալական տիրույթում կարծիք է շրջանառվում, որ պաշտոնական Բաքուն խոչընդոտում է Արցախի Հանրապետություն իրանական բեռնատարների մուտքը, որպեսզի Իրանին հնարավորություն չտա տեղեկանալու, թե Ադրբեջանն այս երկրի դեմ ուղղված ինչ գործընթացներ է ծավալել բռնազավթած տարածքներում:
Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի փակումով ոչ միայն վտանգվում են Հայաստանի հետ Իրանի 400 մլն դոլար առեւտրաշրջանառության ծավալները, այլեւ լրջորեն խափանվում են Եվրասիական տնտեսական միության հետ այդ երկրի կապը եւ փոխգործակցությունը, քանի որ վերջինիս հետ Իրանի միակ ցամաքային ուղին անցնում է Հայաստանով:
Այստեղ Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային տրանսպորտային կապի ապահովումն օրախնդիր է դառնում: Կառավարության նիստերից մեկում ՀՀ վարչապետը հանձնարարեց մինչեւ տարեվերջ ավարտել Տաթեւով անցնող այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Բայց անհրաժեշտ է, որ այն առավելագույնս հարմարեցվի խոշոր, երկար քարշակներով բեռնատարների տեղաշարժի համար, որը ներկայիս գործող գրունտային ճանապարհը չի ապահովում:
Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ադրբեջանցիների ազատ տեղաշարժի պահանջի հարցում, բնականաբար, հայկական կողմից զիջումներ չեն կարող լինել այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկրներ են, որոնց միջեւ գործում են միջպետական հաղորդակցության մաքսային կարգավորումները: Այստեղ, թերեւս, Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ քննարկման առարկա կարող է դառնալ միայն մաքսատուրքերի չափերի հարցը:
Կարդացեք նաև
Իսկ պաշտոնական Բաքվի՝ այլեւս հակաիրանյան կեցվածքն ավելորդ անգամ կարեւորում է Իրանի հետ հայկական պետությունների ռազմաքաղաքական հարաբերությունների սերտացման աքսիոմատիկ հրամայականի իրագործումը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում