Լրահոս
Օրվա լրահոսը

«Նշված գումարները Հայաստանում ներդնելու համար ՌԴ-ում մեր կողմից ստանձնվել է վարկային պարտավորություններ»

Սեպտեմբեր 17,2021 13:30

Ռուսաստաբնակ Տեր-Անտոնյանների նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «տեղ» չի հասել: Հայաստանյան դատական գործընթացներին էլ սահմանափակումների պատճառով գործարարները չեն կարողանում մասնակցել, որովհետեւ անգամ նրանց փոփոխվող ներկայացուցիչները կոնկրետ չգիտեն՝ երբ կնշանակվի դատական նիստը, արդյոք այն տեղի կունանա՞ նշանակված օրը, նշանակված ժամին: «Առավոտը» տպագրում է նրանց՝ ՀՀ կառավարությանը, վարչապետին ուղղված նամակը:

Մենք՝ հայր եւ որդի Արտյոմ եւ Արարատ Տեր-Անտոնյաններս (այսուհետ նաեւ՝ Ներդրողներ), 2019թ. լսելով Ձեր կոչը՝ հայրենիքում ներդրումներ կատարելու վերաբերյալ, որոշում կայացրեցինք Հայաստանում ստեղծել անասնապահական կանաչ կերերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Արտադրամասը ստեղծելու համար խոսել ենք մեր մանկության ընկերների՝ Գուրգեն Մարտիրոսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հետ, որոնց հետ քննարկումների արդյունքում, որոշել ենք, թե որ քաղաքում եւ ինչպես պետք է սկսենք ներդրումները։ Վերջիններիս հետ քննարկումների արդյունքում, որոշում է կայացվել արտադրամասը հիմնել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Ընդհանուր պայմանավորվածության համաձայն՝ ներդրումները կատարվելու էին մեր կողմից, իսկ Արմեն Մարտիրոսյանը պետք է զբաղվեր արտադրամասի ստեղծման հետ կապված աշխատանքների կատարմամբ եւ կանաչ հիդրոպոնի աճեցման մեթոդով արտադրության համար արտադրամասի պատրաստման աշխատանքներով։

Ընդհանուր համաձայնություն ձեռք բերելուց հետո՝ 17.06.2019թ.-ից մինչեւ 15.08.2019թ. ընկած ժամանակահատվածում մեր կողմից ՌԴ Մոսկվա քաղաքից 36.320 ԱՄՆ դոլարի դրամական փոխանցումներ են կատարվել, որոնք ստացել է Արմեն Մարտիրոսյանը: 12.08.2019թ. կնքվել է համապատասխան պայմանագիր հիմնելու «Գրին Փիդ Պրոդակշն-Արարատ» ԳԱԿ ՍՊԸ-ն (որը ենթարկվել է պետական գրանցման 16.08.2019թ.)։ Կազմակերպության բաժնեմասերը բաշխված են եղել հետեւյալ կերպ՝ Հակոբ Գոզուբույակյանին 38% բաժնեմաս, իսկ ինձ՝ Արարատ Տեր-Անտոնյանիս 52% բաժնեմաս։ Փոխանցումների համար այդ ժամանակահատվածում ծախսվել է 7.000 ԱՄՆ դոլար։

Փոխանցումներից հետո ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի 33 հասցեում գտնվող նշյալ տարածքում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես փոխանցվել է մեզ միայն նկարների տեսքով, ես խնդրել եմ ինձ տրամադրել գումարների նպատակային ծախսման վերաբերյալ տեղեկատվություն, սակայն չեմ ստացել այդ տեղեկատվությունը տարբեր պատճառաբանություններով։ Փոխադարձ համաձայնության գալով՝ որոշել ենք ընկերության գործունեությունը իրականացնել եւ որպես արտադրամաս օգտագործել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի 33 հասցեում գտնվող տարածքը, որի օգտագործման համար վարձակալության պայմանագիրը պետք է կնքվեր ընկերության անունով, մինչդեռ տարածքի վարձակալության պայմանագիրը կնքվել է Հակոբ Գոզուբոյուկյան ֆիզիկական անձի անունով։ Հակոբ Գոզուբոյուկյանը մեկ այլ անձի՝ Ղուկաս Գրիգորյանի հետ 2019թ. հոկտեմբերի 8-ին հիմնել է «ԳԻԴՐՈՊՈՆԻԿ ԳՐԻՆ ՓԻԴ» ՍՊԸ-ն եւ հատկանշական է, որ նշված ընկերությունը սկսել է շահագործել մեր հիմնած կանաչ կերերի արտադրամասը Էջմիածնում՝ այդպիսով տիրանալով իմ ֆինանսական ներդումներին։ Առաջին իսկ հայացքից ակնհայտ է նշված անձանց կողմից կատարածի մեջ հանցավոր մտադրության առկայությունը, քանի որ համապատասխան փոխանցումները ստանալով, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով նշված արտադրամասը զինելով, ինչպես նաեւ վարձակալության պայմանագիրը ֆիզիկական անձի՝ Հակոբ Գոզուբոյուկյանի անունով կնքելուց հետո, այդ անձանց ոչինչ չէր մնում անելու, քան մեկ այլ ընկերություն ստեղծելը եւ այդ արտադրամասը նույն նպատակներով շահագործելը։

Միայն այն, որ վերջիններս չեն ժխտում իմ կողմից դրամական փոխանցումների կատարումը, իրենց կողմից դրանց ստացումը եւս վկայում է այն մասին, որ նշված անձինք գործել են հանցավոր համաձայնության գալու եղանակով եւ արտադրամասը շահագործման վիճակի բերելուց հետո որոշել են օգտվել ստեղծված բարենպաստ պայմաններից եւ առանց իմ մասնակցության սկսել են զբաղվել այն նույն գործունեությամբ, որով պետք է զբաղվեր մեր կողմից հիմնած՝ «Գրին Փիդ Պրոդակշն-Արարատ» ԳԱԿ ՍՊԸ-ն։

Նշված դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է ներկայացվել Արմավիրի մարզի ոստիկանություն, վերջիններս գործի շրջանակներում տրված ցուցմունքներով չեն հրաժարվում իմ կողմից նման ներդրումներ կատարելու փաստի հաստատումից, սակայն միեւնույն ժամանակ չեն ցանկանում վերադարձնել ապօրինի կերպով մեզանից վերցված գումարները, որոնց շնորհիվ իրենք այժմ զբաղվում են որոշակի գործունեությամբ։ Նշված քրեական գործով անհասկանալի պատճառներով գործի հարուցումը մերժվել է, մերժվել է նաեւ այդ առիթով վերադաս մարմնին հասցեագրված մեր բողոքը, վերջիններս եւս գտել են, որ առկա չեն բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու համար։

Քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը մեր կողմից բողոքարկվել է նաեւ դատական կարգով եւ այժմ դատարանում, ի թիվս այլ գործերի, քննվում է նաեւ թիվ ԵԴ/0544/11/20 գործը, որով քննարկման է ներկայացվել հարուցումը մերժելու օրինականության հարցը։

Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է ԵԴ/24906/02/20 քաղաքացիական գործը, որով Հակոբ Գոզուբոյուկյանին, Գուրգեն Մարտիրոսյանին, Արմեն Մարտիրոսյանին եւ Հրաչյա Մայիլյանին ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջ։

Նշված գործով մեր կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացվել է միջնորդություն եւ խնդրել ենք դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց՝ ներդրված գումարի ապահովման միջոցներ ձեռնարկելու համար եւ ներդրված գումարի չափով խնդրել ենք արգելանք դնել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող կանաչ կերի արտադրության համար տեղադրված ստիլաժների, տաշտակների, սարքերի եւ սարքավորումների, ագրեգատների վրա, նաեւ արտադրության գույքի վրա որպես իրեղեն ապացույց։ Նշված գումարները ՀՀ-ում ներդնելու համար ՌԴ-ում մեր կողմից ստանձնվել է վարկային պարտավորություններ, ինչը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնեցրել մեզ։ Գտնում ենք, որ նշված անձանց արարքը ենթակա է անաչառ եւ համակողմանի ուսումնասիրության իրավապահ մարմինների կողմից։ Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ վերջիններիս կողմից մեր՝ ներդրողներիս իրավունքների խախտումները վերացնելու եւ պատճառված ֆինանսական վնասները փոխհատուցելու ուղղությամբ։

ԱՐՏՅՈՄ ԵՎ ԱՐԱՐԱՏ

ՏԵՐ-ԱՆՏՈՆՅԱՆՆԵՐ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930